Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, այսօր «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով վերջերս գրանցված գնաճի պատճառներին, նշեց, որ մինչեւ տարվա վերջ թանկացումները կշարունակվեն. «Անցյալ տարում տնտեսությունն աճել էր 4,3 տոկոսով, իսկ գները 5,9 տոկոսով բարձրացել էին։ Այս նույն թանկացումների մեջ եղել են նաեւ ապրանքատեսակներ՝ հատկապես սննդամթերքը, որոնք 14 տոկոսով են թանկացել։ Նման թանկացումները այս տարի շարունակվելու են նույն կերպ»։
Պրն Պողոսյանը մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանը կարող է հոկտեմբերի տասին դառնալ ԵՏՄ անդամ, իսկ Ռուսաստանի դեմ արեւմուտքի կողմից պատժամիջոցները դեռ շարունակվում են, կարծիք հայտնեց, որ, անկասկած, մեր տնտեսությունը կտուժի. «Մենք կանգնած ենք ԵՄ կամ ԵՏՄ երկընտրանքի առաջ։ Երկուսն էլ չարիք են, բայց մենք ստիպված ենք չարյաց փոքրագույնն ընտրել։ Ով չգիտի, որ մեր երկրի ապրանքաշրջանառության մեծ մասը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ է, իսկ Եվրոպա մենք արտահանում ենք միայն հանքահումքային ապրանքատեսակներ, որոնք մեր տնտեսությանը չեն նպաստում։ Մենք արատավոր տնտեսական քաղաքականություն ենք վարում»։
Պրն Պողոսյանի հաշվարկներով, ԵՏՄ անդամ դառնալուց հետո, Եվրոպայից Հայաստան ներկրված ապրանքները կթանկանան, եւ դրանցից ամենաշատը կթանկանան մեքենաները։
Պրն Պողոսյանի մեկ այլ հաշվարկով էլ՝ Մաքսային միություն մտնելուց հետո մոտ 5 տոկոս գնաճ կլինի, որն էլ գումարվելով ներկայիս 5,5 տոկոս գնաճին, մոտ 11 տոկոսով ընդհանուր գնաճի հիմք կհանդիսանա։
Կարդացեք նաև
Բանախոսի կարծիքով՝ երկրում գոյացած անվերահսկելի գնաճը երկու հիմք ունի. «Անվերահսկելի մրցակցությունը ազդում է գնաճի վրա, ՏՄՊՊՀ-ն ունի լծակներ պատժելու, սակայն, ցավոք սրտի չի պատժում։ Մենք բազմիցս խոսել ենք շաքարավազի, հացի գնի եւ որակի մասին, որակից դժգոհ չենք, սակայն շաքարավազում եւ հացում խոնավության տոկոսը գերազանցում է նորման, որն էլ նպաստում է դրանց գնի բարձրացմանը։ Այսպիսի գնաճի մեջ կրիմինալ կա»։
Գնաճի մյուս հիմքն էլ, պրն Պողոսյանի կարծիքով, այն է, որ երկրում մթերումը չի կազմակերպվում պատշաճ կերպով. «Գյուղացին չի կարողանում իր ապրանքը իրացնել, նա կամ պետք է գա Երեւանում շուկայում վաճառի, կամ էլ պետք է իրենից այն գնով առնեն, որով թելադրում են վերավաճառողները»։
Պրն Պողոսյանը վստահ է, որ Հայաստանի տնտեսության հաղթաթուղթը էլեկտրաէներգիան է. «Չկա նման երկիր, որը էներգիայի ավելցուկ ունենա։Մեր հարեւաններն ու նրանց հարեւանները էլեկտրաէներգիայի պակաս ունեն, մինչդեռ մենք ճիշտ կերպով չենք կարողանում մեր ռեսուրսները կառավարել»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ