Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն կոռումպացված երկիր է, ամբողջ ՌԴ-ն մի հատ մեծ ստվեր է». Հովհաննես Իգիթյան

Սեպտեմբեր 22,2014 14:18

«Ես չգիտեմ՝ մեզ համար սա ինչ է, բայց ակնհայտ է, որ ՌԴ-ի համար սա միայն տնտեսական հարց չի»,- այսօր «Եվրասիական միություն. ինչ կստանա եւ ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղան քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հարցին, թե ԵՏՄ անդամակցությունն ինչպես կազդի ՌԴ-ի միգրանտների վրա՝ պատասխանեց. «Հայաստանի միգրանտներն աշխատում են ՌԴ-ում հիմնականում ստվերում: Հիմնականում մերոնք խուսափում են: ՌԴ-ն կոռումպացված երկիր է, միշտ էլ հնարավորություն կգտնեն եւ ՄՄ մտնելուց հետո էլ կլինեն ստվերում: Բոլորն ունեն այնտեղ սեւ հաշվապահություն, ամբողջ ՌԴ-ն մի հատ մեծ ստվեր է»:

Եվրwասոցացման համաձայնագիրը չստորագրելիս փաստարկներ էին բերում, որ այնտեղ գործում են ստանդարտներ, իսկ մեր արտադրանքը դուրս է այդ ստանդարտներից: Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ «ՌԴ-ում ստանդարտներ ընդհանրապես չկան: Կարող է մի օր որոշեն, որ ՀՀ-ից արտահանվող, ասենք, ձկան մեջ կա արճիճ եւ պարզապես թույլ չտան, որ այն մտնի ՌԴ: Ի՞նչ ստանդարտների մասին է խոսքը»:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը չհամաձայնեց. «Ասում եք՝ Ռուսաստանը աչք է փակում ստանդարտների վրա: Բայց Եվրոպան էլ է աչք փակում շատ բաների առաջ, աչք է փակում կեղծված ընտրությունների առաջ, մոլդովական գինիների առաջ»:

Հովհաննես Իգիթյանը հարց ուղղեց Արտակ Կիրակոսյանին՝ դուք ՄՄ մտնելու դե՞մ եք: Նա պատասխանեց. «Տեսականորեն՝ ոչ: Պրակտիկորեն այդ հարցը ոչ մեկիս չեն տվել: Իմ խորը համոզմամբ՝ Հայաստանը տնտեսապես հետաքրքիր չէր եւ պետք չէր ոչ Եվրոպային, ոչ Ռուսաստանին: Եվրոպացիք ասում էին՝ վատ տղերք չեք, ինչ-որ բաներ անում եք, առավել եւս, որ Մոլդովային եւ Ուկրաինային դա թույլ ենք տալիս, ինչի՞ ձեզ թույլ չտանք: Հենց եվրոպացի գործընկերներն ասացին, վերջապես, կամ-կամ, մենք պոկում ենք այս երկրներին ՌԴ-ից, ռուսական արջն արթնացավ»:

Արտակ Կիրակոսյանը նշեց, որ եթե մենք կարծում ենք, որ հոկտեմբերի 10-ով ինչ-որ դռներ բացվելու են, ինչ-որ դռներ փակվելու են՝ այդպես չի:

Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաեւ անվտանգության հարցերին: Քննարկման մասնակիցներից մեկն ասաց, որ սոցհարցումներ են անցկացվել, եւ բնակչության մեծ մասը գտնում է, որ անվտանգության խնդիրների համար են ՄՄ մտնում: Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Շատ հաճախ հասարակությունն ունի այն, ինչ իրեն տալիս են: Եկեք դուրս գանք եւ հարցրեք՝ շատերը կասեն գործ չկա, աշխատանք չկա: Ի վերջո` միգրանտները, որ գնացել են, անվտանգության հետ կապված հացերի պատճառով չեն գնացել, անարդարության պատճառով են գնացել:

Ես Ավանում եմ ապրում, քայլում եմ, մարդիկ մոտենում են, հարցնում են՝ Իգիթյան ջան, ե՞րբ գործ կլինի Հայաստանում, անվտանգության հետ կապված հարցեր չեն տալիս: Մեկ-մեկ միայն հարցնում են՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930