Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անդրադարձան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությանը ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու Սիսի կաթողիկոսարանը եւ Կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով:
Լեւոն Մարտիրոսյանը կարեւոր քայլ համարեց Արամ Առաջինի հայտարարությունը. «Մի քիչ ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք…Խոսքը գնում է եկեղեցապատկան կալվածքների վերադարձի մասին: Անհատները, կազմակերպությունները եւ եկեղեցին պետք է պահանջատեր լինեն, բայց պետք է ունենանք անհրաժեշտ փաստաթղթային բազան՝ այս կամ այն դատարանում հայցեր ներկայացնելու համար»: Պատգամավորն ասաց, որ ինքը Սիսում եղել է եւ զարմանալիորեն հայկական քաղաք է հայտնաբերել:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն միանալով միջազգային տարբեր կազմակերպությունների, ստացվել է այնպես, որ ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: «Քանի որ խոսքը գնում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի մասին, լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ, կարեւորը նախադեպն է»,-ասում է ՀԿԿ-ական պատգամավորը: Նրա ձեւակերպմամբ՝ ՀՀ կառավարությունը իրավունք չունի այդ հարցում միջամտել, քանի որ կալվածքների իրավահաջորդը ՀՀ կառավարությունը չէ:
Անուշ Սեդրակյանի ասելով. «Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ դա ավելի շատ քաղաքական մարտավարություն է, որ բոլոր կնճռոտ հարցերին գումարվի եւս մի հարց, որը ունի փաստաթղթային եւ իրավական հզոր բազա…Կարելի է ենթադրել, որ արխիվները գոյություն ունեն»: Թուրքիայի ՍԴ դիմելու մասին էլ «Ազատ Դեմոկրատների» փոխնախագահն ասաց. «Խոսքը գնում է Թուրքիայի ներսում որոշակի ազատ եւ անկախ գործող եկեղեցու սեփականության իրավունքը վերականգնելու մասին: Դա չպետք է կապել Ցեղասպանության ճանաչման հետ…»:
Կարդացեք նաև
Անուշ Սեդրակյանը համոզված է. «Դա մեծ հնարավորություն կլինի ընդլայնելու հայկական սփյուռքի արտոնությունները Թուրքիայի տարածքում եւ Թուրքիան կկարողանա աշխարհին ապացուցել, որ քայլ առաջ է գնացել ժողովրդավարության օգնին, նույնիսկ մերժված փաստաթուղթը աշխատում է հայ ժողովրդի օգտին»:
Լեւոն Մարտիրոսյանը հավելեց, որ որպես ժողովուրդ դեռ հստակ չենք ձեւակերպել, « թե ինչ եք ուզում Թուրքիայից եւ մինչեւ ուր ենք ուզում»:
Բանախոսները խոսեցին նաեւ ներքաղաքական թեմաներով:
Անուշ Սեդրակյանը տարօրինակ համարեց ընդդիմության հանրահավաքի նշանակման օրը՝ հոկտեմբերի 10-ին. «Միտինգը նշանակվում է հոկտեմբերի 10-ին, օր, երբ պետք է որոշվի Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության հարցը, սակայն, չգիտես ինչու, չի հնչում այդ փաստի դեմ բողոք, երբ կանգնած ենք միջազգային, տնտեսական, անվտանգության, անկախության խնդիրների առաջ:
Ընդդիմության պահվածքը անհասկանալի է դառնում, ընդդիմությունը կռիվ չի տալիս իրական ստրատեգիայի համար եւ խոսքը գնում է զուտ լղոզված օրակարգի մասին…Կարծում եմ՝ Հայաստանի ինքնիշխանության օրակարգից ավելի կարեւոր այլ բան չկա»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կարծիքով «Ընդդիմությունն ուզում է իշխանություն», սակայն ինքը չի կարծում, թե այն իշխանափոխության է ձգտում:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ