Ի՞նչ է նշանակում ՄՄ-ն, որն է մեխը, ինչու են երեք երկրները գնացել այդ քայլին: Այս հարցերի պատասխաններն այսօր «Եվրասիական միություն. ինչ կստանա եւ ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա դիտարկմամբ՝ «Այս երեք երկրները իրենց քաղաքականության մեջ փորձում են պաշտպանել տեղական արտադրողին: Երբ երկիրը սկսում է պաշտպանել իր սպառողին, ապա, որպես ածանցյալ, պաշտպանվում է նաեւ լավ արտադրողների՝ մրցակցություն ունենալու իրավունքը՝ Սովետական միության պես»:
Նա անդրադարձավ ՄՄ մտնելու տնտեսական խնդիրներին, եվրոպական արտադրության ապրանքների համար բարձր մաքսատուրքերին. «Եվրոպայում նույնիսկ 10 տարվա մեքենան ավելի հարմար է ՌԴ-ի սպառողի համար, քան նույնիսկ այն լրիվ նոր ԼԱԴԱ-ն, որը Պուտինը ցույց է տալիս, որ այդ մեքենայից է օգտվում: Հիմա Հայաստանը մտնում է այդ մոդելի մեջ՝ սպառողին աջակցելու մոդելի մեջ: Պատկերացրեք ձեր կենցաղը՝ միայն ռուսական ապրանքներով: Դուք հիմա ՌԴ-ի արտադրության ի՞նչ եք օգտագործում, պետք է օգտագործեք ռուսական ապրանքներ: ՀՀ-ն դեմ չի դրան: Ես չեմ ընդունում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելուն, բայց Նազարբաեւն ինչո՞ւ էր այդ հարցը բարձրացնում: Հարցը միայն գրգռված Ալիեւի հարցը չէր, որ նամակներ է գրում:
Մարդն ասում է, որ այս սահմաններից դուրս որեւէ բան պետք է լինի ընդհանուր պայմաններով: Սերժ Սարգսյանը մի բան պիտի ասեր այդտեղ, չասաց: Երեկ պետք է գոնե ասեր, երբ խոսում էր անկախությունից, պետք է ասեր, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ չի կարող լինել մաքսային սահման: Իսկ ԱՀԿ-ի հարցը, որը բարձրացրել է Նազարբաեւը, այնտեղ սահմանների մասին խոսք չկա: Ընդհանուր առեւտրի չափանիշների մասին է միայն այնտեղ խոսք գնում, ես չգիտեմ, թե ինչու Էդվարդ Նալբանդյանը չբարձրաձայնեց այդ մասին»:
Հովհաննես Իգիթյանը խոսեց նաեւ ԵՏՄ մտնելու քաղաքական խնդիրներից: Նա անդրադարձավ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին. «ՌԴ-ն փորձում է քաղաքական տեսակետից ցույց տալ, որ ինքը միայնակ չէ: Արդեն չափն անցնելու պատճառով Նազարբաեւի հայտարարությունը լսեցիք, որ եթե ԵՏՄ-ն կամ ՄՄ-ն խանգարի իրենց շահերին, իրենք դուրս կգան: Դրա հիմքում սա է՝ ինքը ցույց տվեց, որ ՌԴ-ի՝ Ուկրաինայի հանդեպ հարցին Ղազախստանը չի խառնվելու քաղաքական իմաստով: ՌԴ-ն կարող էր ուղղակի կամ անուղղակի ազդել նաեւ Ղազախստանի վրա:
Կարդացեք նաև
Օրինակ, Ղազախստանը ուղղաթիռներ է արտադրում՝ Ֆրանսիայի, մի քանի երկրների համատեղ ներդրումներով: Հիմնականում բժշկական մարդատար ուղղաթիռներ են՝ 4-6 հոգանոց: Ղազախստանը չգիտի՝ ինչով է ավարտվելու այդ արտադրությունը, փորձում է ցույց տալ իր ինքնուրույնությունը: Ղազախստանն ավելի վատ վիճակում է գտնվում, քան Բելառուսը: Ղազախստանի արտաքին ներդրումների ծավալն աճում է, գնում է Էքսպո-2017, առաջ է գնում ու Ղազախստանին ՌԴ-ն պետք չէ»:
Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ի տարբերություն մյուս երկրների, որոնք ԵՏՄ մտնելով, փորձում են որոշ պայմաններ առաջ բերել եւ իրենց անկախությունը պահել, Հայաստանը ամբողջ լոկոմոտիվով ստորագրում է ԵՏՄ մտնելու առաջարկը. «Հասկացանք, «Կալաշնիկով» կունենանք: Բայց Հայաստանը «Կալաշնիկովով» չի սնվում: Մենք «Կալաշնիկով» չենք ուտում: Ու դեռ հարց է առաջանում ՝արդյոք Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լուծե՞ց ԼՂՀ անվտանգության հարցը, թե՞ Մինսկի խմբից ԼՂՀ հարցը տեղափոխվեց Ռուսաստան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ