Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշեց Արագածի գագաթը հաղթահարելով։ Արշավին մասնակցում էր շուրջ 100 ուսանող։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ղեկավար Կարեն Ակոպյանը նշում է, որ խորհրդանշական այս օրը պատահական չեն ընտրել՝ նման միջոցառում նախաձեռնելու համար։ «Յուրաքանչյուր ուսանող, հասնելով Արագածի բարձունքին, հաղթահարում է դժվարություններ՝ միևնույն ժամանակ հասկանալով անկախության գինը։ Անկախություն ձեռք բերելու համար պետք է առաջ շարժվել, ուղղություն ձեռք բերել դեպի բարձունքները։ Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր և հարգանք ներարկել պետական տոների հանդեպ, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղով են ձեռք բերվում»,- ասում է Կարեն Ակոպյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ արշավին մասնակցում էին ուսանողներ ոչ միայն պետական բժշկական համալսարանից, այլև տարբեր բուհերից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և այլն։
Նշենք, որ սեպտեմբերքսանմեկյան արշավը ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն