Լրահոս
Օրվա լրահոսը

Շոտլանդիան «փորձած թանը» նախընտրեց «անփորձ մածունից»

Սեպտեմբեր 22,2014 17:01

Շոտլանդիայում կայացած անկախության հանրաքվեի
արդյունքների մասին կարծիքներ են հայտնում հայ գործիչները

Երեկ հայտնի դարձավ, որ Շոտլանդիայում կայացած անկախության հանրաքվեն ավարտվել է 54% «դեմ», 46% «կողմ» արդյունքներով: Ավելի քան երեք դար՝ 1707 թվականից ի վեր, երբ Շոտլանդիայի եւ Անգլիայի թագավորությունները ստորագրեցին «Ունիայի պայմանագիրը», որով կազմավորվեց նոր, միասնական Մեծ Բրիտանիա թագավորությունը, որին մեկ դար անց միացավ նաեւ Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան անկախ չի եղել: Սակայն անկախության գաղափարը երբեք դուրս չի եկել շոտլանդացիների օրակարգից: Ու չնայած դրան՝ նրանք «ոչ» ասացին անկախությանը: Ի՞նչ էր դա՝ պրագմատիկ հաշվա՞րկ, վախ անորոշությունի՞ց, թե՞ գուցե այլ բան:

«Առավոտի» այս հարցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ինձ համար այս պարագայում կարեւորը ոչ թե հանրաքվեի արդյունքներն են, այլ այն, որ Շոտլանդիան իրականացրեց իր ինքնորոշման իրավունքը: Առանց որեւէ ճնշումների, առանց պատերազմի, առանց կռիվների, առանց մի կրակոցի նրանք հնարավորություն ունեցան իրականացնելու իրենց կամարտահայտությունը: Եվ դա առաջին անգամ չէ. մի 12 տարի առաջ էլ են նրանք հանրաքվե անցկացրել, եւ այն ժամանակ բնակչության 30%-ն է «այո» ասել անկախությանը: Շոտլանդիան այս տարիների ընթացքում իր բարեկեցությունը չի կորցրել, կյանքի մակարդակը՝ տնտեսական առումով, չի ընկել, այնպես չի, որ այդ գործոններն են ստիպել նրանց անկախանալու մասին մտածել: Նրանք ուղղակի ուզում էին ազատ եւ անկախ ապրել՝ իրենց առանձին երկրում՝ որպես շոտլանդացի: Ճիշտ է, այս պահին անկախականների թիվը մեծամասնություն չէ, բայց համեմատելով նախորդ հանրաքվեի հետ՝ պիտի նկատենք, որ կիսով չափ նրանց թիվն աճել է՝ 45% «այո»՝ նախորդ անգամվա 30%-ի փոխարեն: Գուցե մի քանի տարի հետո նոր հանրաքվե նախաձեռնեն եւ անկախանան: Սակայն դա, կրկնում եմ, այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը գործընթացն էր: Եվ այն, որ սա լավագույն օրինակն է, թե ինչպես պետք է իրեն պահի երկիրը, երբ իր մի մասն ուզում է ինքնորոշվել՝ խոսքը Մեծ Բրիտանիայի իշխանությունների մասին է»: Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ շոտլանդացիները չցանկացան ապրել իրենց սեփական, անկախ երկրում, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Երեւի թե պետք է շոտլանդացի լինես, որ հասկանաս, թե ինչո՞ւ այդպես որոշեցին, ես չեմ կարող իրենց փաստարկները ամբողջությամբ բացատրել, բայց գուցե Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի խոստումներն էին համոզիչ՝ գումարներ, ինքնավարության լայնացում, նոր ծրագրեր… գուցե մարդիկ չեն ցանկացել մտնել ապագայի անորոշության մեջ, սովորել էին իրենց կյանքին եւ դժգոհ չէին, չգիտեմ, բայց կարեւորը, որ դա իրե՛նց ընտրությունն է եղել»:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը առանձնապես տպավորված չէ հանրաքվեի արդյունքներով. «Առանձնահատուկ տպավորություն չունեմ, լավ է, որ մարդիկ ազատ իրենց կամքը արտահայտեցին, ոչինչ չկեղծվեց, չլցոնվեց, հանգուցյալները եւ խոպան գնացածները չքվեարկեցին, ամեն դեպքում՝ իրենք են որոշում իրենց լավն ու վատը»: Մեր հարցին՝ այսինքն՝ ստացվում է, որ անկախությունը «բացարձակ արժեք չէ», կան ավելի «կարեւոր» բաներ, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Ազատությունն է բացարձակ արժեք՝ իմ հիշելով, եւ եթե ազատորեն են որոշում, ուրեմն իրենք են իրենց ազատության տերը: Իհարկե, Լոնդոնը ամեն ջանք ներդրեց տրամադրություն փոխելու համար, բայց առայժմ, ինչքան հասկանում եմ, բոլոր ջանքերը եղել են օրինականության շրջանակներում` ռիսկերի ներկայացում, բարեփոխումների խոստումներ: Տպավորություն ունեմ, որ եթե անկախանային, որոշ ժամանակ անց վերամիավորվելու էին կամավոր, այնպես որ՝ հիմա կարծես այդ փուլը թռան անցան»:

Արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանը նույնպես տպավորված չէ Շոտլանդիայում կայացած հանրաքվեով: «Երեւի տարօրինակ թվա, բայց անկեղծ ասած՝ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ինձ վրա մի առանձին տպավորություն չի թողել, ու զարմանում եմ, որ հերթական անգամ հայերս, աչքի առաջ ունենալով Արցախի խնդիրը, ոգեւորված քննարկում-վերլուծում ենք՝ գոնե այս մեկը նախադեպ կդառնա՞, թե՞ ոչ՝ մոռանալով, որ աշխարհը կամ, այսպես անվանյալ՝ միջազգային հանրությունը վաղուց թքած ունի նախադեպերի վրա։ Բայց սա այլ հարց է… Իսկ ինչ վերաբերում է պրագմատիզմի հաղթանա՞կ էր դա, թե՞ վախ անորոշությունից կամ մի այլ բան, դժվարանում եմ միանշանակ ասել, որ այս է կամ երկրորդը։ Բայց, ըստ իս, հազիվ թե այդտեղ վախն անորոշությունից դերակատարություն ունեցած լինի։ Շոտլանդացիները հպարտ ու արժանապատիվ ազգ են, ազատ ու անկախ ապրելու ձգտումը դարերով մեջները նստած է։ Ուղղակի ինձ թվում է, որ այդ երկրում ապրող մի ստվար զանգվածի համար առկա իրողությունն ավելի նախընտրելի է: Ոչ թե վախեցան, այլ չցանկացան ավելորդ գլխացավանք ստեղծել իրենց համար։ Այդպես եմ կարծում, շատ հնարավոր է՝ սխալվում եմ…»,- ասաց պարոն Օվյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, որ բացառում է, թե շոտլանդացիները անորոշության հանդեպ վախից «ոչ» ասացին անկախությանը. «Անորոշության գործոնը բացառում եմ, քանի որ անկախացումով Շոտլանդիան չէր զրկվելու ոչ առեւտրական, ոչ մշակութային համագործակցությունից: Չկար նաեւ անվտանգության սպառնալիք: Այս հանրաքվեն ապացուցեց ուղղակի, որ իրական ժողովրդավարություն ունեցող երկրներում հաղթում է խաղաղ գոյակցության սկզբունքը: Այդ հանրաքվեի ամենակարեւոր շեշտադրումն այն էր, որ մարդիկ ամեն պահի կարող են իրացնել անկախ կամարտահայտման իրենց իրավունքը, իսկ իրավունքի գերակայության պայմաններում սահմաններն այնքան էլ կարեւոր չեն»:

Իսկ նույն՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը շոտլանդացիների որոշումը գնահատեց որպես «պրագմատիզմի հաղթանակ». «Նրանք ինքնորոշվեցին Միացյալ Թագավորությունում համատեղ ապրելու, որտեղ չեն ոտնահարվում նրանց ազատությունները եւ ազգային ինքնությունը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930