Լրահոս
Օրվա լրահոսը

Անհաշտությունները տանում են դեպի քաղաքականություն

Սեպտեմբեր 22,2014 16:30

ՀՀԿ-ական ազատամարտիկ պատգամավորը՝
ԲՀԿ-ական ազատամարտիկ պատգամավորներին

«Վետերանական կազմակերպությունների հիմնական խնդիրը պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքների առողջապահական եւ սոցիալական հարցերին լուծում տալն ենք, ինչով մենք՝ «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը», զբաղվում է մոտ 24 տարի: Բայց երբ սկսում են քաղաքականացնել՝ ես չեմ ընդունում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Արմեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի՝ ազատամարտիկների նոր միություններ հիմնադրելու նախաձեռնություններին:

«Մեր մի խումբ մարտական ընկերների վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր հաշմանդամ դարձան, շատ ընտանիքների հանդեպ, որոնք ուղղակիորեն զգացին պատերազմի կործանարար ու անդառնալի հետեւանքները, ինձ ապշեցնում ու անակնկալի է բերում: Վստահաբար ասում եմ, որ մարտի դաշտում մեզանից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ կարելի է առանձնացնել հայրենի հողի համար պայքարող զինվորին, սպային, գյուղացուն…»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Գարեգին Նժդեհի պատգամը. «Հայրենիքը պետք է սիրել՝ անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից եւ ձեր քաղաքական համոզմունքներից»։ Իսկ որ ԲՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությունը զուտ քաղաքական պատճառներ ունի, մեր զրուցակցի հավաստմամբ՝ փաստում են նաեւ նրանց հայտարարությունները, որ կանգնելու են քառյակի ուժերի կողքին, որ պատրաստ են կանգնել քանի օր պահանջվի, անգամ արյուն թափել՝ իշխանությունը վերցնելու ու ժողովրդին վերադարձնելու համար, իսկ ովքեր կփորձեն զենք հանել իրենց դեմ, այդ զենքով հենց նրանց կխփեն եւ այլն: Հիշեցնենք՝ նման հայտարարություններ հնչեցին «Ազատամարտիկների դաշինքի» հիմնադիր համագումարի ժամանակ:

Դիտարկմանը, որ բոլոր խնդիրներն ի վերջո հանգում են սոցիալական եւ տնտեսական ծանր իրավիճակին, ինչն էլ պատճառ է դառնում առկա անարդարությունների դեմ մարդկանց համախմբման եւ «արյուն թափելու» պատրաստակամության, Արմեն Մխիթարյանը հակադարձեց, որ իր երբեմնի մարտընկերները, իսկ այսօր գործընկերները հարում են շատ կոնկրետ քաղաքական ուժի ու կարող են կուսակցական խողովակներով այդ հարցերը բարձրացնել ու դրանց լուծումները պահանջել՝ նախ օրենսդրական դաշտում, ապա կիրառական: «Բայց եթե վետերանների միություններ են հիմնում, չպետք է քաղաքական հարցեր առաջ քաշեն: Հինգ տարին մեկ ընտրություններ են լինում, ու դրանց նախաշեմին սնկի պես աճում են տարբեր կազմակերպություններ, մեծամեծ հայտարարություններ են անում: Իսկ ընտրություններից հետո այդ ամենը մոռացվում է: Իմ կոլեգաներին խորհուրդ կտայի՝ մտածեն ասածներիս մասին: Մենք արդեն 24 տարի է՝ զբաղվում ենք այդ խնդիրներով, միլիոնավոր դրամներ ենք ծախսել վետերանների առողջական, սոցիալական խնդիրները հոգալու համար եւ առանց ամպագոռգոռ հայտարարությունների: Նպատակը մարդկանց խնդիրները լուծելը պետք է լինի: Նաեւ՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, քանզի մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ ունենք»:

20-ից ավելի տարիների հեռավորությունից հայացք գցելով մեր անցած ճանապարհին՝ մեր զրուցակիցը կարծում է, որ չի կարելի հեգնական վերաբերմունք ունենալ այն մարդկանց հանդեպ, ովքեր մեծ դեր ունեն մեր Անկախ պետության ու Հայոց բանակի կայացման գործում. «Հաղթանակները ձեռք են բերվում միասնականության եւ համախմբվածության շնորհիվ: Եվ հաղթանակների արդյունքները նույնպես հարատեւում են միասնականության եւ համախմբվածության շնորհիվ: Չեմ պատկերացնում, որ կարելի է կամ անհրաժեշտ է մի պետության մեջ ունենալ ԵՐԿՈՒ կամ մի քանի «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն», քանի որ ՆՈՐԵՐԸ «հեծանիվ չեն հորինելու»: Չեմ պատկերացնում՝ ի՞նչ գործունեություն պետք է ծավալեն այն նոր կազմակերպությունները, որոնց մասին խոսում են ԱԺ իմ գործընկերները եւ մարտական ընկերները»:
Օգոստոսյան լարված օրերին «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության» անդամները նույնպես սահմաններ են այցելել: Մեր զրուցակիցը նկատեց, որ իրենք առավել շատ են ոգեւորվել հայ զինվորների ու սպաների ոգու ամրությամբ, քան նրանց են ոգեւորել. «Ցանկացած հայ քաղաքացու, առավել եւս պատերազմի մասնակցի, ոգեւորեց մեր սպայական կազմի մասնագիտական պատրաստվածությունը, բանակի մարտունակությունը: Արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ մեր երիտասարդ զինվորների կողքին էին: Իսկապես հուզիչ ու նաեւ հուսադրող է, որ ցանկացած պահի պատրաստ ենք նորից մարտնչել: Պառակտվածությունը, առավել եւս՝ կռված տղաների, չեմ կարծում, թե պատիվ է բերում մեզ: Հայրենիքին ծառայելը հոգեւոր արժեք է, իսկ նմանատիպ անհաշտությունները տանում են դեպի քաղաքականություն: Ոչ ոք իրավունք չունի պահանջատիրական վերաբերմունք ունենալ պետության ու որոշակի կառույցների հանդեպ: Հիմա մենք պետք է ընդհանուր լուծումներ գտնենք, որպեսզի պառակտման ու անհաշտության արդյունքում չտուժի ժողովուրդը: Այնպիսի տպավորություն է, որ ազատագրական պայքարի մասնակիցները եւ նույն գաղափար կրողները այսօր տարաձայնություններ ունեն: Կարծում եմ՝ բոլորիս նպատակը մեկն է՝ գործել ի նպաստ մեր պետության ու ժողովրդի»:

Արմեն Մխիթարյանն ասում է, որ իր ղեկավարած միության անդամները սերտ համագործակցում են պաշտպանության նախարարության հետ՝ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ի դեպ, ԽՍՀՄ-ի տարիներին՝ 1989 թվականին, Աֆղանստանի վետերաններին հողատարածքներ էին տրամադրվել բնակարանաշինության համար: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծրագիրը կիսատ մնաց: Այդ խնդիրը վերջապես լուծվեց չորս տարի առաջ՝ նախագահի միջամտությամբ, եւ 130 աֆղանական պատերազմի մասնակիցների եւ զոհվածների  ընտանիքներ  ստացան իրենց հասանելիք հողամասերը:

Մեր զրուցակիցը մի առաջարկ ունի՝ տարբեր նախարարությունների գերատեսչությունները, որոնք զբաղվում են ազատամարտիկների առողջական ու նրանց ընտանիքների սոցիալական հարցերով, հավաքել մեկ կառույցում, որպեսզի տրամադրվող աջակցությունները կանոնակարգված լինեն եւ հավասարապես բաշխվեն բոլորի մեջ: Այլապես մարդ կա՝ բոլոր տեղերից օգտվում է, մարդ էլ կա՝ տարիներով ոչինչ չի ստանում: Օրինակ՝ ԱՄՆ-ում կա պատերազմի վետերանների նախարարություն, որի տարեկան բյուջեն կազմում է 120 միլիարդ դոլար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930