Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԺ խոսնակը կոչ է արել չզբաղվել Հայոց ցեղասպանության խնդիրներով

Սեպտեմբեր 22,2014 16:00

Եվ ավելացրել է, որ տարբեր երկրների խորհրդարանականները չպետք է գործիք դառնան Հայոց ցեղասպանության հարցում

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը երկու օր առաջ անդրադառնալով Հայկական հարցին՝ նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտենալուն զուգընթաց՝ հայկական սփյուռքը քայլեր է կատարում Թուրքիայի դեմ, ինչպես նաեւ ասել է, թե տարբեր երկրների խորհրդարանականները չպետք է գործիք դառնան Հայոց ցեղասպանության հարցում, ու դրա հարցի քննարկումը պետք է վստահել պատմաբաններին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Ջեմիլ Չիչեքի խոսքերը՝ հետեւյալն ասաց. «Նախ նշեմ, որ հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ ոչինչ չի անում, ու նրա հիմնական նպատակը պատմական արդարությունը վերականգնելն է, պայքարում են պատմական արդարության վերականգնման, հանցագործության ճանաչման, դատապարտման համար, եւ եթե Թուրքիան այդ քայլերը որակում է իբրեւ իր դեմ ուղղված քայլ, ապա կնշանակի՝ հասկանում են, որ պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում: Այս տեսակետից դա Թուրքիայի ընկալման խնդիրն է: Բնականաբար, պաշտոնական Անկարան ամեն ինչ անելու է, որ Ցեղասպանության 100-ամյակը հնարավորինս առանց վնասի լինի իրենց համար եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ վնասներ չհասցնի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, եւ ամեն առիթ Թուրքիայի իշխանություններն օգտագործելու են, որպեսզի չեզոքացվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու դրա հետեւանքները Թուրքիայի քաղաքականության համար: Այն, ինչ ասել է նրանց ԱԺ խոսնակը՝ նույն նպատակն է հետապնդում, եւ նրանք այդ հայտարարություններով փորձում են զգուշացնել այլ երկրների ղեկավարներին, որ Ցեղասպանության ճանաչումից հետո սպասվում է հարաբերությունների վատթարացում, իսկ սա նոր ձեռագիր չէ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում, ինչը, սակայն, երբեւէ արդյունավետ չի եղել»:

Մեր մյուս հարցին էլ՝ Ջեմիլ Չիչեքը նաեւ կոչ է արել իրենց քաղաքական գործիչներին չզբաղվել այդ թեմայով եւ աշխատել միայն իրենց ներկայի ու ապագայի կառուցմամբ, այսինքն՝ ստացվում է, որ իրենց համար մեկ է, թե ինչ կլինի. «Եթե Թուրքիան անտարբեր լիներ, նման հայտարարություններ անընդհատ չէին հնչի: Թուրքիայի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները անընդհատ բարձրաձայնում են այս մասին, քանի որ սա իրենց համար օրհասական նշանակության խնդիր է: Նրանք հիանալի հասկանում են, որ հայկական գործոնը, որպես քաղաքական գործիք, միջազգային հանրության ձեռքում սահմանափակում է Թուրքիայի ակտիվությունը Եվրոպայի հետ շփումներում ու տարածաշրջանում ծրագրեր իրականացնելիս, եւ Թուրքիան ամեն ինչ անում է՝ ազատվելու այդ գործոնից: Հիմա, երբ խորհուրդ է տրվում քիչ ուշադրություն դարձնել Ցեղասպանության խնդրին, նրանք հավանաբար նկատի ունեն այն վնասները, որոնք կարող են բխել հարցի քննարկումներից: Բայց շրջանցել կամ չեզոքացնել այն, կամ վերացնել հայկական հարցը՝ նրանք ի վիճակի չեն»,- պատասխանեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հաջորդ հարցին էլ՝ Ջեմիլ Չիչեքը ասել է, թե Թուրքիան մշտապես բաց է այդ հարցում, իրենք պատրաստ են տրամադրել իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, բոլոր պատմական աղբյուրները ցանկացած երկրի քաղաքացի հանդիսացող գիտնականի, որը կորոշի ուսումնասիրություններ կատարել այս թեմայով, մենք ի՞նչ պետք է անենք, եթե որեւէ գիտնական որոշի հետեւել նրա խորհրդին, չի՞ ստացվի արդյոք կողմնակալ տեղեկատվություն, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Երբեք որեւէ լուրջ գիտնական իր գիտական դատողությունները չի հիմնի միայն մեկ աղբյուրի վրա, հատկապես, երբ այն շահագրգիռ կողմ է պատմության մեջ: Լուրջ գիտնականներն ու ցեղասպանագետները չեն սահմանափակվի միայն նրանց աղբյուրներով, եւ փաստն այն է, որ Ցեղասպանությունն ապացուցող փաստը առկա է աշխարհի շատ երկրների աղբյուրներում, եւ պատմական այդ իրողությունը կասկածի տակ չի կարող դրվել»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930