Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասյան հովազը, հայկական մուֆլոնը 24 ժամ տեսախցիկի տակ են

Սեպտեմբեր 22,2014 15:30

Կովկասյան հովազը, Բեզուարյան այծերը, հայկական մուֆլոնները եւ Կարմիր գրքում գրանցված շատ այլ կենդանիներ, որոնք այսօր ոչնչացման եզրին են, տեսախցիկների հսկողության տակ են, որպեսզի պաշտպանված լինեն որսագողերից եւ ֆիքսվի նրանց տեղաշարժը: Երեկ ՎիվաՍելլ ընկերության նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այցելել էին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարեւանությամբ գտնվող արգելոց: Ընկերությունը կազմակերպել էր մեկօրյա էկոթրեյնինգ: Լրագրողները շրջեցին երկու հազար հեկտար տարածք ունեցող արգելոցում, որտեղ տեղադրված են տասը տեսախցիկ: Ըստ կազմակերպիչների՝ տեսախցիկների թիվը մոտ ապագայում կավելանա: Դրանց ներդրմամբ որսագողության դեպքերը նվազել են: Այս արգելոցում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ծրագիրը: Նշենք, որ այս տեսախցիկների միջոցով առաջին անգամ ֆիքսվել է Կովկասյան հովազը: Տեսախցիկներն աշխատում են առցանց ռեժիմով, եւ տեսանյութն անմիջապես ուղարկվում է կենտրոն: Կազմակերպիչների խոսքերով՝ երեք տեսախցիկ որսագողերը գողացել էին, բայց…

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ հատուկ պահպանվող տարածքի պահպանությունը կարեւոր է այնքանով, որ կատարվում է ոչ թե պետական մարմնի կողմից, այլ հասարակական կազմակերպության, որի նպատակն է ստեղծել պետական արգելոցի շուրջ բուֆերային գոտի, ինչպես նաեւ պահպանել վտանգված կենդանական աշխարհի միգրացիոն միջանցքները:

Ուրցաձոր համայնքին կից ստեղծվել է էկոլոգիական կրթական կենտրոն, որտեղ կազմակերպվում են դասընթացներ տեղի բնակչության համար: Նպատակն այն է, որպեսզի տեղի բնակչության համար ստեղծվեն այլընտրանքային հնարավորություններ՝ նրանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու եւ էկոտուրիզմը զարգացնելու համար: ՎիվաՍելլի աջակցությամբ այս տարի մի քանի համայնքներում կներդրվեն այլընտրանքային էներգիայի սարքավորումներ՝ գյուղացիների էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու նպատակով: Համայնքների խոցելի ընտանիքներին կտրամադրվեն արեւային էներգիայով տաքացուցիչներ, եւ նրանց տները կվերանորոգեն, որպեսզի այդ ընտանիքները կարողանան տուրիստներ հյուրընկալել:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930