Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վելես» ՀԿ-ի բաց նամակը. վաշխառություն, խարդախություն, շինծու մեղադրանքներ և ճնշումներ իրավապահների հանդեպ

Սեպտեմբեր 22,2014 12:41

Բաց նամակ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի,
ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների լիազորված դեսպաններին,
միջազգային իրավական, ֆինանսական, ոստիկանական
կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Ձեզ եմ դիմում` որպես աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև` ժողովրդավարության պաշտպանության գործում առաջատար երկրների ներկայացուցիչների: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ իրավապահ և դատաիրավական համակարգում տիրող ապօրինությունների և քրեածին իրավիճակի, ինչպես նաև՝ իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների իրավունքների ակնհայտ խախտումների ու անպաշտպան կարգավիճակի հանդեպ:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, անցյալ տարվա սկզբից հանդես գալով իբրև նախաձեռնող խումբ և, ի վերջո իրավական կարգավիճակ ձեռք բերելով` իբրև հասարակական կազմակերպություն, ակտիվ պայքար է ծավալել այնպիսի վտանգավոր և մեր երկրի իրավապահ ու դատաիրավական կառույցների, ինչպես նաև` հասարակական կազմակերպությունների կողմից գրեթե չանդրադարձված ոլորտներում, ինչպիսին են՝ վաշխառությունը, խարդախությունը և ֆինանսական բուրգերը:

Ներկայումս կազմակերպությունը ակտիվ մասնակցություն ունի խարդախությունից տուժած քաղաքացիների (տասնյակ դեպքեր) դատական հայցերի առաջ մղման գործում՝ իրավական խորհրդատվությունից մինչև փաստաբանի տրամադրում, հոգեբանական աջակցություն և լուսաբանում: Չնայած ՀԿ-ն գրանցվել է 2014 թ. փետրվարի 13-ին, սակայն արդեն կարող ենք արձանագրել, որ բավական հաջողությունների ենք հասել՝ շահած դատեր, ընթացքում քննվող գործեր և այլն:

ՀՀ անկախության առաջին տարիներից ի վեր վաշխառությունը և ֆինանսական խարդախությունները հայաստանյան սոցիալ-տնտեսական կյանքի մշտական ուղեկիցն ու կարելի է փաստել՝ ստվերային տնտեսության, արտագաղթի ու քրեածին մթնոլորտի հիմնական շարժիչ ուժերից մեկն են հանդիսանում:

Մեր ուսումնասիրության արդյունքում եկել ենք համոզմունքի, որ վերոնշյալ հանցավոր արարքները հիմնականում կատարվում են նախկին և ներկա բարձրաստիճան պետական չինովնիկների կողմից, որոնք, սերտաճելով քրեածին տարրերի հետ, օգտագործելով իրենց նախկին և ներկա պաշտոնական դիրքերն ու կապերը, չբավարարելով պետությունից հափշտակած միլիոնավոր դոլարներով, այժմ իրենց զոհն են դարձնում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների՝ այդ ճանապարհով փորձելով լվանալ տարիներով իրենց կողմից պետությունից հափշտակած գումարները և օրինականացնել դրանք:

Այժմ անդրադառնամ կոնկրետ փաստերի, որոնցից ամենաաղաղակողը իր մեջ ներառում է վաշխառության, խարդախության, կոռուպցիայի միջոցով առաջացած գումարների օրինականացման տարրեր: Խոսքը գնում է ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հանցավոր խմբի մասին: Խումբն արդեն գործում է մոտ 10 տարի, սակայն նրանց դեմ ուղղված բողոքները արձանագրվել են 2008-ից:

Հովհաննես Երիցյանի խմբի անդամներն են ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության պրոֆեսոր Նորիկ Այվազյանի դուստրը` Լուսինե Այվազյանը, փեսան` Արմենակ Դալիբալթյանը, որդին՝ Փաստաբանների պալատի փաստաբան Արտավազդ Այվազյանը, միջնորդներ՝ Արտակ Մարտիրոսյանն ու Հովհաննես Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանը, վերջինիս քեռին` Գագիկ Գալստյանը և «Կոնվերս» բանկի խոշոր վարկավորման մասնագետ Վարդան Գինոսյանը: Հանցախմբի հետ համագործակցում է նաև «Ավան» վարչական տարածքի նոտարական գրասենյակի նոտար Նոնա Գասպարյանը, Դատական ակտերի հարկադիր
կատարման ծառայության որոշ աշխատակիցներ, իսկ ողջ խումբը գտնվում է ոստիկանության որոշ աշխատակիցների բարձր հովանու ներքո:

Խարդախությունների սխեման միշտ նույնն է` վաշխառուների միջնորդները գտնում են ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների, որոնց առաջարկվում է գումարի վաշխառում՝ ամսական բարձր տոկոսադրույքով, միջնորդավճարով և (քաղաքացիների իրավական ապատեղեկացվածության հետևանքով) իբրև գրավ՝ անշարժ գույքի կամ փոքր և միջին ձեռնարկությունների առքուվաճառքի՝ հաճախ ապօրինի պայմանագրի ձևակերպմամբ:

Հաճախ պատահում է, որ վարկավորման դիմած քաղաքացիները հանցախմբի անդամ՝ «Կոնվերս» բանկի խոշոր վարկավորման մասնագետ Վարդան Գինոսյանի «հմուտ խորհրդատվության» արդյունքում ուղղորդվում են դեպի հանցախումբ՝ առանց թղթաբանական քաշքշուկի և բյուրոկրատական խոչընդոտների արագորեն գումար ձեռք բերելու առաջարկի հետևանքով:

Մի քանի ամիս անց «պարտապանից» պահանջվում է վերադարձնել մայր գումարը, և, մեծամասամբ, քաղաքացու անվճարունակության պայմաններում տեղի է ունենում գույքի օտարում և քաղաքացիներից գույքը առգրավվում է ԴԱՀԿ-ի միջոցով:

«Վելես» ՀԿ-ն ոչ միայն հետամուտ է լինում տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու և նրանց արդարացի բողոքը իրավապահ մարմիններում, ինչպես նաև` երկրի բարձր ատյաններում և մամուլում հնչեցնելու գործին, այլ նաև իր գործունեությամբ արգելք է հանդիսանում վերը նշված հանցախմբի հանցավոր գործունեությանը և իր բոլոր ռեսուրսները գործադրում է ոչ միայն նրանց դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, այլև նաև թույլ չի տալիս, որ տուժածները ենթարկվեն հանցախմբի սպառնալիքներին և մանիպուլյացիաներին ու զրկվեն իրենց անշարժ գույքից:

Արդյունքում՝ հանցախումբը, համագործելով իրավապահպան և դատաիրավական մարմինների հետ, սկսել է ճնշումներ գործադրել ու շինծու մեղադրանքներ առաջադրել ՀԿ նախագահի հանդեպ, ցանկանալով այդ կերպ ներազդել կազմակերպության գործունեության վրա, և պախարակել մեր բարի համբավը, որի ապացույցն է սույն թվականի գարնանը իմ անձնական մեքենայում թմրանյութ գցելու փաստը: Չբավարարվելով դրանով, Հ.Երիցյանի կողմից իմ դեմ շինծու հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Չկարողանալով հիմնավորել շինծու մեղադրանքը և մեղադրանք առաջադրել իմ դեմ, հետաքննությունը հայտնվել է փակուղու մեջ, և ինձ անուղղակի ձևով առաջարկել են կարճել քրեական գործը, սակայն ես կտրականապես հրաժարվել եմ «բարի կամքի» նման դրսևորումից և պահանջել եմ, որ գործը ընթացք ստանա, իսկ մեղավորները, հատկապես՝ կեղծ հաղորդում և ցուցմունք տված և ինձ բարոյական վնաս հասցրած անձիք պատժվեն օրենքի ողջ ուժով:

Չվստահելով ՀՀ կոռումպացված դատաիրավական համակարգին և անհանգստանալով թե՛ իմ և թե՛ իմ գործընկերների ֆիզիկական և իրավական անվտանգության համար, դիմում եմ Ձեզ՝ հուսալով, որ Դուք, ուսումնասիրելով վերոնշյալ փաստերը, կգաք համապատասխան եզրակացության և Ձեր պաշտոնական դիրքորոշմամբ
թերևս, անուղղակի կերպով կխոչընդոտեք իրավապահ մարմինների ամենաթողությանը:

Անհարժեշտության դեպքում կարող ենք մանրամասն տեղեկատվություն ներկայացնել մեր գործունեության, մեզ դիմած քաղաքացիների, հարուցված քրեական գործերի, դատական հայցերի և դրանց ընթացքների մասին (հաշվետվություն մեր գործունեության մասին, դիմումներ, քրեական գործերով կայացված որոշումներ, մեր կողմից բերված բողոքներ վարույթն իրականացնող մարմնի որոշումների դեմ, վերաքննության նյութեր և դատական փաստաթղթեր, զրույցների ձայնագրություններ, մամուլի հրապարակումներ):

Ի վերջո, ցանկանում եմ շեշտել, որ վաշխառության և խարդախությունների արատավոր երևույթը մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման, այլև՝ ՀՀ տնտեսության ժողովրդավարացման և արդիականացման համար, քանի որ փողի լվացման, ստվերային տնտեսության և կաշառակերության այս մեխանիզմը նպաստում է քրեածին մթնոլորտի տարածմանը, սոցիալապես անապահով խավի, ինքնասպանությունների ու արտագաղթի մակարդակի աճին:

«Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930