Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելիությունը ծնում է հերթական բռնարարքը

Սեպտեմբեր 22,2014 14:00

Ի՞նչ գնով խուսանավեցին պատժից

Ամեն բռնություն ավելի ու ավելի մռայլ, վանող է եւ վկայում
է ոչ թե ուժի, այլ նրա բացակայության մասին…
Էմերսոն

Հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ազատ ու անկախ Հայաստանում առավել վտանգավոր մասնագիտությունների շարքում առաջնային տեղում են հայտնվել ամենահումանիտար մասնագիտությունները՝ կրթականը, լրագրությունն ու բժշկությունը:

Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը դեգրադացիա է ապրում: Հայտնի միտք է՝ եթե ցանկանում են որեւէ երկիր կործանել, ապա խփում են նրա կրթական համակարգին: Մեզանում, եթե լրագրողները բռնության են ենթարկվում հիմնականում ընտրությունների ժամանակ, ապա բժիշկները ոչ միայն մասնագիտական պարտականությունները կատարելիս (չար լեզուներն ասում են, որ վերջերս Երեւանի ծննդատներից մեկում աշխատանքից ազատել են գինեկոլոգ-մանկաբարձին՝ ազդեցիկ մարդկանց նորածնի 6 մատ ունենալու պատճառով), այլեւ անպատեհ առիթներով ծագած կենցաղային վեճերից:

Չթվեմ հայտնի դեպքերը. հերթականն օգոստոսի 20-ին՝ Թալինում էր, որ ցնցեց ողջ հայությանը, քանզի տուժողը Սիրիայից գաղթական սրտաբան-բժիշկ Բողոս Աղոյանն (լուսանկարում) է: Նա 1 տարի եւ 8 ամիս բնակվելով Թալինում՝ արդեն ճանաչվել է, որպես լավ մասնագետ, հասցրել է կյանքեր փրկել ու արժանանալ ՀՀ առողջապահության նախարարի խրախուսանքին: Ինչեւէ… Քաղաքային հիվանդանոցի եւ քաղաքապետարանի ընդհանուր բակում կատարված բռնության մասին գրեցին հանրապետական գրեթե բոլոր թերթերն ու կայքերը: Հասարակայնությունն իմացավ եւս մի բռնարարքի մասին, որը ոչ առաջինն է եւ, ցավոք, ոչ էլ վերջինն է լինելու, քանի դեռ մեզանում իշխում է անպատժելիության մթնոլորտը, ինչն էլ ծնում է հերթական բռնարարքը:

Թերթերն ու կայքերը մանրամասն ներկայացրին եղելությունը, կողմերի տեսակետները, Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի խոսքը, կատարվածի շուրջ անգամ քաղաքապետի՝ Սարգիս Արամյանի վերաբերմունքը…Վերջինիս՝ «Ազատություն» ռ/կ-ին օգոստոսի 22 -ին տված հարցազրույցն ամենազավեշտալին էր: Փաստեմ. կայքը գրում է՝ «Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը չցանկացավ տեսագրվել, համաձայնեց ձայնագրվել ու պնդեց, որ իր երկու եղբայրները, ճիշտ է, գտնվել են հիվանդանոցում, բայց չեն մասնակցել ծեծին։ Քաղաքապետը հույս ունի, որ ոստիկանությունը կպարզի եղելությունը։ Նա քննադատում է Բողոսին՝ հերյուրանքներ տարածելու համար: Այսինքն՝ մեկ հոգու ասածով, որն ընդամենը թալինցիներին չի ճանաչում, ու Թալինի քաղաքապետի վրա, չգիտեմ, ցանկանում է ինչ-որ PR-ներ կպցնել… ի՛նձ էլ են ճանաչում թալինցիները, իմ եղբայրներին էլ են ճանաչում, իմ շրջապատին էլ են ճանաչում, եւ միաժամանակ իրեն էլ են ճանաչում եւ իր հետ նստող-ելնողներին էլ են ճանաչում: Այսինքն, ես չէ, որ պիտի ասեմ՝ ես ով եմ, կամ ինքը ով է: Դեպքը, որ կատարվել է՝ ես ընդհանրապես կապ չունեմ այդ դեպքի հետ, եւ իմ եղբայրներն իրեն հաստատ չեն ծեծել», – հայտարարեց Սարգիս Արամյանը»:

Նմաններին հասկանալի լեզվով ասած՝ «սուխոյ ատկազ»: Սակայն սա այն դեպքը չէ, որ «չէ»-ն՝ չարին փրկում է: Այդօրինակ դեպքերը, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ, մեզանում հաճախակի կրկնվող են: Անշուշտ, լավ կլիներ, որ անպատեհ վեճերից ապահովագրված լինելու մասին կամ բարոյական վնասի փոխհատուցման մասին օրենքներ ունենայինք, բայց չունենք…Մեզանում չգրված, բայց գործող օրենք է (ընդգծենք, որ վերջիններս կարող են ավելի զորեղ լինել, քան շատ գրվածներ), նման դեպքերը սովորաբար ավարտվում են ոստիկանություն դիմելով, ինչն առավել անարդյունավետ է համարվում (չթվեմ, թե ինչո՞ւ) կամ կողմերի հաշտեցմամբ: Ի դեպ, ըստ հրապարակումների՝ այս դեպքում էլ են հաշտվել: Չեմ կարծում, թե քաղաքապետն այնքան անտեղյակ էր մեր բարքերից, որ կանխավ կարճատեսություն դրսեւորեց, ոչ միայն ամպագոռգոռ հայտարարություններ արեց՝ լիովին հերքելով եղբայրների ու մտերիմների մասնակցությունը ծեծին (գուցե առավել քան համոզված էր, որ ոստիկանապետն ընթացք չի տա), այլեւ ձեռքի հետ էլ զրպարտեց, վիրավորեց բժշկին ու նրան շրջապատողներին: Ճիշտ կլիներ, որ վերջիններս դատի տային ու պատիվ պահանջեին ինքնագոհ- ամենագետ քաղաքապետից: Բանիմաց մեկը հեռատեսություն կցուցաբերեր, կցավակցեր կատարվածի համար, նրանց փոխարեն ներողություն կխնդրեր, կհուսադրեր, որ մեղավորներն անպատճառ կպատժվեն եւ ինքն առաջինը հետամուտ կլինի այդ գործում եւ այլն, եւ այլն…որպեսզի սփոփեր մարդու վիշտը: Բայց նման բաներ ասելու, անելու համար մի փոքր խելք ու մարդասիրություն էր պետք…մի՞թե չեն հասկանում, որ մի թիզ հողի վրա «զեմլյակ-զեմլյակ» խաղալով քանդում ենք մեր տունը…Մի՞թե սա պաշտոնյայի խոսք է, ինքնամերկացնող ավելի լավ խոսքեր չէին գտնվի… բառեր չեմ գտնում…քաղաքակրթությունից անտեղյակ մեկը կարող էր նման հայտարարություն անել. դեպքը տեղի էր ունեցել օրը ցերեկով՝ հանրության առջեւ, ամենամարդաշատ վայրում…մինչեւ ե՞րբ են «աչք կապոցի» խաղալու: Չմոռանանք, որ ամեն պաշտոն էլ անցողիկ է, եւ յուրաքանչյուր առաջնորդ պատասխանատու է իր ժամանակի համար: Ի՞նչ կերպ են թալինցիները հիշելու այս քաղաքապետին… Անգամ հայկական ջարդերի ժամանակ, երբ թուրք քաղաքապետին հրահանգում են (թող ներվի՝ չեմ հիշում անունն ու քաղաքը), որ պետք է կազմակերպի եւ ղեկավարի հայերի տեղահանությունն ու ջարդը, նա հակադարձում է՝ «Դուք մոռանում եք, որ ես այդ քաղաքի քաղաքապետն եմ եւ ոչ թե դահիճը»…Նա մնաց պատմության մեջ, որպես մարդ…Արժանի եղեք ձեր զբաղեցրած աթոռին… Ահա, թե ովքեր են մեզանում ղեկավարում, մի դեպքում՝ մարզպետի բակում մարդիկ են սպանվում, ինքը՝ քնած է, մի այլ դեպքում՝ քաղաքապետարանի բակում բժիշկ են ծեծում, քաղաքապետն ասում է՝ եղբայրներս ու հարազատներս չեն եւ այսպիսով՝ «առաջ՝ Հայաստան»: Զուր չի ասված, որ բարձր պաշտոնը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը, չնայած, այս պարագայում, այնքան էլ բարձր պաշտոն չէ…

Համաձայն ֆրանսիացի հրապարակախոս Մարեի՝ նա, ով զգացել է չարիքն անձամբ, կարող է՝ մոռանալ, նա, ով գործել է այն՝ երբեք: Հավելենք, որ չի մոռանում նաեւ հասարակությունը, ժողովուրդը: Վերջինիս մոտ կաթիլ առ կաթիլ արժեզրկվում է տիրող համակարգը, որի ամենաթողությունն ու զարտուղի ճանապարհներով փակվող գործերը կողոպտում են հավատը վաղվա օրվա հանդեպ, եւ օր օրի ավելանում է երկրից հեռացողների թիվը: Այս դեպքի «հերոսներին», կայծերին, թուր ու երկաթներին էլ ասենք, որ իրենց կարողությունները գնան դրսեւորեն սահմանում, այնտեղ գուցե պետք գան…ոչ թե ահաբեկեն սեփական ազգն ու ժողովուրդը, դա առնվազն դավաճանություն է, հետո էլ այնքան համարձակություն, տղամարդկություն չունենան, որ խոստովանեն մեղքերն ու արժանի պատիժ կրեն եւ բանագնացների միջոցով՝ ներում հայցեն ու կորզեն: Իսկ որոշ լրատվամիջոցներ էլ փորձեն հեգնել ներողամիտին…Ընդգծեմ մի կարեւոր փաստ էլ՝ պատժից ամեն գնով խուսափողներն առաջին հերթին ակամայից անվանարկում են համակարգն ու ոստիկանությունը, խփում են պետության հիմքերին… բոլորի մոտ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ գնով խուսանավեցին պատժից…

ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
անկախ փորձագետ,
հրապարակախոս

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. VIKTOR A BADALYAN says:

    Վերադարձիր տուն ծրագիրը պետք է անվանել «վերադարձիր տուն այստեղ քեզ սպասում են Թալինի, Սյունիքի … քաղաքապետերն իրենց վարորդաաղպերական սրտաբացությամբ»

    Վիկտոր Է. Բադալյան

  2. VIKTOR A BADALYAN says:

    Ի՞նչ գնով խուսանավեցին պատժից:

    Պատասխան

    Ձայներ ապահովելու:

    Viktor A Badalyan

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930