Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը կրկնակի դիմել էր ինքնավնասման

Սեպտեմբեր 22,2014 13:30

ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահող դատավորի` Մանուշակ Պետրոսյանի վարույթում:

Զինծառայողն անցյալ տարվա սեպտեմբերի 5-ից ստացիոնար բուժման մեջ գտնվելով Բերդի զինհոսպիտալում, տասներեք օր հետո տեղեկանալով, որ դուրս է գրվել զինհոսպիտալից եւ պետք է վերադառնա ծառայության վայր, զինհոսպիտալի պահակատանն իր մոտ գտնվող ածելիով կատարել է անդամախեղում` ձախ նախաբազկի թիկնային եւ դրսային երեսների ճանկռվածքների ձեւով:

Նրան սեպտեմբերի 25-ին տեղափոխել են Երեւանի կայազորային զինհոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Ըստ քրեական գործի նյութերի, զորամասի պետի հրամանով նոյեմբերին գտնվելով վեցօրյա արձակուրդում, Քանաքեռ ՀԷԿ-ի այգում ապակու կտորով անդամախեղել է իրեն` ձախ նախաբազկի թիկնային երեսի ստորին 1/3-ի ճանկռվածքների ձեւով: Արձակուրդից հետո կատարվածը հայտնաբերվել է զորամասի բուժծառայության պետի կողմից: Նրան տեղափոխել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:

Անդամախեղման համար նրա դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Վկա, զորամասի բուժծառայության պետ, կապիտան Հակոբ Հարությունյանը դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ընթացած դատական նիստի ժամանակ հայտնել էր, որ ծառայության բերումով ճանաչել է համածառայող Սամվել Հովհաննիսյանին: Վերջինի հետ ունի նորմալ փոխհարաբերություններ: Նա նաեւ տեղեկացրել էր, որ Ս.Հովհաննիսյանը մինչզորակոչային հանձնաժողովի կողմից «Պատանեկան կորյակներ» ախտորոշմամբ զորակոչվել է բանակ, նշված հիվանդությամբ բազմաթիվ անգամ բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում: Ըստ վկայի, Ս.Հովհաննիսյանը գրանցված է եղել դիսպանսեր-դինամիկ հսկման տակ գտնվող զինծառայողների մատյանում, ինչի համար հաճախակի ենթարկվել է բուժզննման: 2013թ. նոյեմբերի 26-ին վկա-բժիշկը բուժզննման է ենթարկել Ս.Հովհաննիսյանին ու նրա ձախ նախաբազկի դրսային մակերեսին հայտնաբերել թվով 4 քերծվածքներ. «որոնք գտնվել են ոչ թարմ վիճակում»: Ս.Հովհաննիսյանը նրան հայտնել էր, թե նշված մարմնական վնասվածքները ինքն է իրեն պատճառել, երբ գտնվել է արձակուրդում: Բժիշկը մարմնական վնասվածքները գրանցել է համապատասխան մատյանում եւ կատարվածի մասին զեկուցել վերադաս հրամանատարությանը, որից հետո Ս.Հովհաննիսյանին տեղափոխել են Բերդի զինհոսպիտալ:

Ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել երկու հանցագործությունների կատարման համար:

Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը 1 պայմանականորեն չկիրառել եւ սահմանել տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում ամբաստանյալի վարքի հսկողությունը իրականացվելու է իր զորամասի հրամանատարության կողմից, իսկ զորացրվելուց հետո ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ամբաստանյալի բնակության վայրի բաժանմունքի կողմից:

Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հրամանատարության հսկողության հանձնելը, թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Կայազորի զինվորական դատախազը` մեղադրողը բողոք է ուղարկել վերաքննիչ դատարան եւ պահանջում է բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը եւ զինվորին դատապարտել երեք ամսվա ազատազրկման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930