Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Առավոտի» շնորհիվ կազմվեց իմ ընտանիքը»

Սեպտեմբեր 22,2014 13:00

«Առավոտում» աշխատած տարիներն է հիշում Լիլիթ Ավագյանը

«Շատ երիտասարդ էինք, շատ անհոգ, տարիքի բերումով` հանդուգն: Սպասելիքներ ունեինք կյանքից, մեր աշխատանքից, շատ հեշտ էր աշխատանքը հատկապես «Առավոտի» երիտասարդ կադրերի համար. աշխատում էինք Արամ Աբրահամյանի հետ: Իսկ Արամ Աբրահամյանը, բացի նրանից, որ շատ պրոֆեսիոնալ է, իրեն նաեւ ցանկացած հարցով կարող էիր դիմել, հանրագիտարանային գիտելիքներով մարդ է, ուներ մի շատ կարեւոր գիծ իր մեջ, որն անմիջապես ինձ գրավեց, դա հիմա կոչվում է ինտելիգենտություն, ինքն առանձնանում էր այդ ինտելիգենտությամբ, իր հետ աշխատելը շատ հեշտ էր»,- «Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «Վեմ» ռադիոկայանի «Հայելի» հաղորդաշարի վարող, «168 ժամի» լրագրող Լիլիթ Ավագյանը:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք նրան: «Առավոտ» աշխատելու է եկել Ազգային ռադիոյի «Երեւան» ծրագրից, որտեղ լրագրությամբ էր զբաղվում համալսարանում սովորելու տարիներին զուգահեռ: Ասում է՝ այդտեղից «Առավոտ» անցումը շատ բնական եւ հեշտ եղավ. այստեղ նրան նույն ստեղծագործական ազատությունն էր տրված, որը եղել էր ռադիոյի «Երեւան« ծրագրում:

«Առավոտում» լրագրողների առջեւ դրված կարեւորագույն սկզբունքը, ըստ Լիլիթ Ավագյանի, ազնվությունն էր մասնագիտության հանդեպ:

Ասում է՝ որքան էլ հեշտ էր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ, նույնքան եւ բարդ էր խմբագրի խստապահանջության պայմաններում աշխատելը: Այս առումով հիշում է խմբագրության թռուցկաժողովները. ուշացմանը հետեւում էր խմբագրի նկատողությունը՝ «պատժամիջոցներով»: «Թռուցկաժողովներն առավոտյան ժամերին էին, պետք է գայինք վայրկյանի ճշգրտությամբ: Երբ գալիս էինք տասից հինգ կամ երեք պակաս, եւ վերելակը չէր աշխատում, ի՜նչ արագությամբ էինք հասնում տասնհինգերորդ հարկ, որպեսզի նկատողություն չստանայինք»,- պատմում է Լիլիթ Ավագյանը:

Հիմա, երբ հետ է նայում «Առավոտի» լրագրողական տարիներին, նկատում է՝ ազատ էր, ասում է՝ «հանդգնություն» ուներ… «Մի հոդված էի գրել Պարույր Հայրիկյանի մասին: Իմ ավագ գործընկերներից մեկը ոչ ստույգ ինֆորմացիա էր տվել, եւ ես, առանց ստուգելու (ստուգել հնարավոր չէր), գրել էի՝ Պարույր Հայրիկյանի մորուքի տակ իբրեւ կա դաջվածք եւ այլն: Թե ինչ ճանճ էր ինձ կծել, գրեցի այդ մասին, հետո ինձ ասացին, որ Հայրիկյանը մահու չափ խոցված է եղել, որովհետեւ դա ակնհայտ իրականությանը չհամապատասխանող լուր է: Ասում էին՝ իմ անունը լսել չէր ուզում նա ընդհանրապես, ինչը բնական էր: Հիշում եմ՝ մի երեք տարի առաջ էր, ինչ-որ մի հաղորդման ժամանակ ցույց էին տալիս, թե ինչպես է պոմիդորով ձվածեղ պատրաստում… Հայրիկյանենց տուն էին այցելել: Ինձ վրա ազդեց, նա այնքան միամտորեն ու տարված ձվածեղն էր սարքում… Ես ճշտեցի նրա համարը, զանգահարեցի եւ ասացի՝ Լիլիթ Ավագյանն է «Առավոտ» օրաթերթից, շատ ճնշող դադարից հետո ասացի՝ գիտեմ, որ հիշում եք… ներողություն եմ խնդրում տասը տարի առաջ գրվածի համար, որովհետեւ իրոք ճիշտ չէր այն, ինչ որ արել էի»,- պատմում է Լիլիթ Ավագյանը:

Ասում է՝ «Առավոտում» աշխատելու տարիներին գրել է մշակութային, տնտեսական, քաղաքական թեմաներով: «Պատասխանատվություն կար, որ ստորագրում էիր հրապարակման տակ: Գիտեիր, որ քեզանից ինչ-որ բաներ են սպասում»,- պատմում է նա:
Խմբագրության եւ աշխատանքային կյանքի մասին խոսելիս ասում է. «Մթնոլորտ, միջավայր կար: Նոր սերունդը որ եկավ, մենք այնքան մտերիմ էինք միմյանց հետ: Բոլորս գիտեինք յուրաքանչյուրիս ֆինանսական վիճակը, ընտանեկան իրավիճակի նյուանսները, բոլորս բարձր աշխատավարձ էինք ստանում, եւ յուրաքանչյուրս մեր ընտանիքում որոշակի պարտավորություններ էինք ստանձնել»:

«Առավոտի» իր ընկերներին Լիլիթ Ավագյանը ջերմությամբ է հիշում, բոլորի անուններն էլ ցանկանում է թվել. սիրում էին գնալ, նստել Արմեն Շեկոյանի կողքը, որ նա խոսի, իսկ իրենք՝ լսեն, ժամանակների հետ չի փոխվել Ռուզան Մինասյանը, հիշում է Աշոտ Հակոբյանին եւ բոլորին: «Ինձ համար անկյունաքարային էր շփումը Ժենյայի՝ Գենոֆիա Մարտիրոսյանի հետ: Մի շրջան եկավ, որ ես սկսեցի թարգմանել Ժենյայի խմբագրականները: Ժենյայի մեջ այդ ինտելիգենտությունը կար, եւ խմբագրականներ գրելու տաղանդ ուներ: Կարող էր նստել ու կես ժամում գրել, թե այդ ինչ հմտությամբ էր գրում, շատ ճկուն էր, արտահայտություններ կային, որ իրենից ինձ են մնացել»,- պատմում է նա: Ասում է՝ անմնացորդությունը, աշխատանքին նվիրվելն «Առավոտում» բոլորին հատուկ էր. «Իշխանափոխություն եղավ: Աննա Իսրայելյանը եւ Վասակ Դարբինյանն ամբողջ գիշեր նստեցին, եւ առավոտյան 16 էջանոց «Առավոտը» լույս տեսավ, եւ Աննան մի ինը հարցազրույց տվեց ամեն էջում: Այսինքն՝ մեր առջեւ եղած օրինակն այդպիսին էր: Արամը, Աննան, Ոսկան Մամիկոնյանը, Արա Գալոյանը, օրինակներ ունեինք, որ աշխատանքի ոճը գնահատում էինք»:

«Առավոտը» Լիլիթ Ավագյանի համար դարձել էր իսկական ընտանիք, սակայն դրանով լրատվամիջոցի դերը նրա կյանքում չեզրափակվեց, այստեղ էլ եղավ այն ճակատագրական հանդիպումը, որով սկզբնավորվեց նրա սեփական ընտանիքը: «Առավոտի» շնորհիվ կազմվեց իմ ընտանիքը,- ասում է Լիլիթ Ավագյանը՝ պատմելով ճակատագրական օրվա մասին,- հոկտեմբերի 27-ից հետո երկրի քաղաքական վիճակը շատ լարված էր: Երկրապահների հայտարարությանն էինք սպասում ամեն օր, չէին անում եւ այլն: Աշխատանքային օրս 10-ին ավարտվեց: Լուր տարածվեց, որ Աստվածատուր Պետրոսյանը, որն այն ժամանակ պաշտպանության փոխնախարարն էր, հրաժարական է տվել: Անմիջապես զանգ տվեցի՝ տնից արդեն, հարցազրույց վերցրեցի գեներալ Մանվել Գրիգորյանից, իսկ ինքն այն ժամանակ խոհեմություն ուներ այսքան շատ չխոսելու: Այն ժամանակ ոչ ոքի հայտնի չէր, թե նա ինչպես է խոսում եւ ինչպիսի մտքի գոհարներ են նրա շուրթերից դուրս գալիս: Զանգեցի նրան բջջայինով, իսկ նա կարծես ռեստորանում էր, եւ ինձ պատասխանեց այնպես, ինչպես հիմա է բոլորի հետ խոսում: Առաջին դեպքն էր, որ նրա շուրթերից նման բաներ էին հնչում: Ես արագ զանգահարեցի խմբագրություն, թե թերթի մեջ տեղ կթողնեք, ես կգրեմ այդ մասին: Գալիս եմ խմբագրություն, մտնում եմ Աննա Իսրայելյանի մոտ, որ պատմեմ, թե ինչ է եղել, տեսնում եմ՝ Աննայի մոտ մի երիտասարդ, որից նա հարցազրույց էր վերցրել: Այդպես Աստվածատուր Պետրոսյանի եւ Մանվել Գրիգորյանի նյութը ճակատագրական եղավ: Եվ այդ երիտասարդի հետ մինչեւ հիմա միասին ենք»:

Լիլիթ Ավագյանը օրաթերթից դուրս գալուց անմիջապես հետո աշխատանքի է ընդունվել «168 ժամի» խմբագրություն. «Վեմ» ռադիոկայանից էլ հրավեր ստացա: Այնտեղ հեղինակային ծրագիր ունեմ, շատ հաճույքով անում եմ»:

Հիմա «Առավոտ» օրաթերթի հրապարակումներին հետեւում է որպես ընթերցող: «Արամ Աբրահամյանի խմբագրականները շատ եմ սիրում կարդալ: Շատ թեթեւ, չպարտադրող, գրագետ, շատ պարզ ներկայացնել այն բարդ իրավիճակը, որ մենք ապրում ենք,- ասում է նա, նշում, որ թերթը չի կորցրել իր նախկին ավանդույթները,-գիտե՞ք, քանի դեռ թերթի գլխավոր խմբագիրը Արամ Աբրահամյանն է, կայքի խմբագիրը՝ Աննա Իսրայելյանը, շատ պրոֆեսիոնալ մարդիկ, միանշանակ կարող եմ ասել, որ հնարավոր չէ «Առավոտի» սկզբունքները խախտվեն»:

Լ.Ավագյանը կարծում է, որ 20-ամյա «Առավոտը» ոչնչի պակաս չունի, միակ ցանկությունն «Առավոտում» հրաշք տեսնելն է. «Շատ կուզեի, որ ինչ-որ հրաշքով լինեին Ժենյան ու Նառան (Գենոֆիա Մարտիրոսյանն ու Նաիրա Մամիկոնյանը 2014-ին ավարտեցին իրենց երկրային կյանքը- խմբ.) մեր կողքին, շատ-շա՜տ կուզեի տեսնել նրանց «Առավոտում»: Այն անհոգությունը, որ կար, տարիքի հետ հօդս է ցնդում, կուզեի այդ անհոգ վիճակում նրանց տեսնեի: Միակ պակաս բանն «Առավոտում» նրանք են…»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930