«Մի ճաշի պատմություն» խորագրով հանդիպումները շարունակվում են:
Բանաստեղծուհի, հեռուստահաղորդավար եւ ազգային ճաշատեսակների գիտակ Սոնիա Թաշչյանի հետ հերթական հանդիպումը՝ «Մի ճաշի պատմություն» խորագրով, կայացավ այսօր երեկոյան՝ Impresso Coffee Shop-ում: Տիկին Սոնիան ներկայացրեց հարիսան, այլ անունով՝ քաշիկան, որը տոնածիսական ճաշատեսակ է, պատրաստվել է մեծ կաթսաներով եւ նվիրված է եղել աստվածներին՝ որպես գոհաբանության արտահայտություն:
Տիկին Սոնիան ներկայացրեց հարիսայի երեք տեսակ՝ մսով, սպիտկուկով (սպիտակ բանջար) եւ ընկույզով, իսկ հարիսան նա նախապես պատրաստել էր շեֆ-խոհարար Լեւոն Ավագյանի հետ միասին:
Aravot.am-ի հետ զրույցում Սոնիա Թաշչյանը նշեց, որ սա տասներորդ հանդիպումն է, մի ամբողջ շարք էլ Սպենդիարյանի անվան տուն-թանգարանում է կազմակերպվել: Սկսել է Աստվածածնի տոնին ու հույս ունի, որ հանդիպումները կշարունակվեն, մանավանդ ինքը պատրաստակամ է ամբարած գիտելիքները ներկայացնել հանրությանը:
Սոնիա Թաշչյանի հետ հանդիպումների ժամանակ ներկաները ե՛ւ բաղադրատոմսեր են սովորում, ե՛ւ, հնարավորության դեպքում միասնաբար պատրաստում ու համտեսում:
Հավելենք, որ ըստ տիկին Սոնիայի, Մուսալեռում պատրաստվում է հարիսայի ընկույզով տարբերակը, իսկ Եղեգնաձորում՝ սպիտկուկովը, որը նաեւ մարիամածամ են անվանում: Ինչ վերաբերվում է ապարանյան տարբերակին, այն ճակնդեղով է: Զանգեզուրում եւ Արցախում կորկոտն է՝ խոզի մսով, Մուսա լեռում՝ ճտապուրը, որը ճտի փլավն է:
Հարիսա բառն էլ, ըստ մեր զրուցակցի, ծագել է հարել բառից. Խրիմյան Հայրիկը թոռնիկին պատմում է հարիսայի պատմությունը: Ասում է, երբ Գրիգոր Լուսավորիչը Վիրապից դուրս գալով՝ Վաղարշապատում վաթսուն օր քարոզել է հեթանոս հայ ժողովրդին, ցանկություն է ունեցել աղքատների համար ճաշ պատրաստել: Հազարավոր գյուղացիներ եզ ու ոչխար են մորթել, միսը լցրել կաթսաները՝ կորկոտի հետ, հաստաբազուկ երիտասարդներին էլ պատվիրել են՝ «Հարեք զսա»: Այստեղից էլ ճաշի անունը:
Քյաշքակ տարբերակն էլ տիկին Սոնյան այսպես է ստուգաբանում. «Կասկ անունով գարու տեսակ կա, նախապես հարիսան սարքվել է կասկով, այստեղից էլ քյաշքակ, քեշքեկ անվանումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ