Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ հայ ժողովուրդը պետք է ամեն կերպ գուրգուրա եւ պահի անկախությունը:
«Անկախությունն այնպիսի հարստությունն է, որն իսկապես տրվել է մեզ ի վերուստ»,- անդրադառնալով օրվա խորհրդին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նա հավելեց, որ այսօր ունենք մեծ հարստություն՝ անկախությունը, եւ պետք է ամեն կերպ գուրգուրենք եւ պահենք այն. «Սրանք սոսկ բառեր չեն, կոնկրետ ինձ համար սոսկ բառեր չեն, որովհետեւ ես սովետական ծանր ձեռքի տակով անցած անձ եմ, եւ գիտեմ սովետական բռունցքը: Այդպես եմ ապրել իմ պատանեկության տարիներին, իմ երիտասարդության տարիներին: Ազատությունը, որ ունեցա 88 թվականից հետո եւ 91 թվականի հանրաքվեից հետո՝ ինձ համար անչափելի է, անգնահատելի է, որովհետեւ մենք ունեցանք խոսքի ազատություն, մամուլի ազատություն, ազատ մտածելու, գործելու ազատություն, եւ սրա վրա պետք է դողանք ամեն մեկս առանձին եւ բոլորս միասին»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ չնայած այժմ շատերն են ցանկանում խանգարել, բայց հայ ժողովուրդը պետք է փորձի պահել այն, եւ այդ գործում ժողովրդին կարող է օգնել հայկական բանակը. «Ամենամեծ ձեռքբերումը մեր հայկական բանակն է, ինչքան ուժեղ լինի, ինչքան մենք հավատանք բանակին եւ պետականության կողքին կանգնենք, այնքան լավն ու ուժեղ կլինի մեր ապագան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ