«Իմ անունը Հայաստան է»,-ասում են Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում հավաքված մեծ ու փոքր գորիսեցիները: Նրանք հրապարակ են եկել միասին նշելու հայոց անկախության 23-րդ տարեդարձը: Միջոցառումը բացում են Գորիսում տեղակայված զորամասի զինվորները` իրենց խրոխտ քայլքով:
Ներկաներին Անկախության տոնի առթիվ շնորհավարում են սպան ու զինվորը, հոգևորականը,Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը և ասում, որ երբեք չարի սերմը բույն չի դնի հայոց հողում, քանզի հայոց հողը պաշտպանում են արի զինվորները, հայ ժողովուրդը, որը միշտ եղել է զինվորի կողքին, վահան է եղել նրան, և մասնավորապես գորիսեցիները: Հայ- ադրբեջանական հակամարտության ժամանակ թուրքը որոշել էր թեյ խմել հանրահայտ գորիսեցի Ուդու տան պատշգամբում: Սակայն նրա ախորժակը փակեցին հայ մարդու ուժն ու հայրենասիրությունը:
Այնուհետև հրապարակում իրենց մարտունակությունն են ցուցադրում զորամասի զինվորները: ՈՒ նաև քաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության սաները: Նրանք մրցման մեջ են մտել զինվորների հետ. պարան են ձգում: Չէ, այս փոքրիկները նույնպես ուժեղ են, վկան` պարան ձգելը, ուր երեխաները կարողանում են «դիմադրել» զինվորներին: Ուրեմն, այսօրվա զինվորները արժանի փոխարինողներ ունեն: Հերթով հայոց անկախության 23-րդ տարեդարձը յուրովի շնորհավորում են քաղաքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունները` երգով, պարով:
Տոնը Գորիսում դարձել էր բոլորինը: Մարդիկ այցելում էին նաեւ Գորիսի քաղաքային պատկերասրահում բացված Մարտուն Զաքարյանի անհատական ցուցահանդեսը, որը ներկաներին մեկ անգան ևս հավաստեց հայ մարդու ստեղծագործ մտքի պոռթկումների մասին:
Կարդացեք նաև
Ալվարդ Մեսրոպյան
Գորիս