Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:
Շուրջ 23 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն այո՛ ասեց Անկախությանը՝ իրականացնելով անկախ պետություն ունենալու իր երազանքը: Անկախության հանրաքվեով ՀՀ քաղաքացին ամրագրեց իր ցանկությունն ունենալու ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական, իրավական, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա հիմնված պետություն:
Անկախությունը յուրաքանչյուր հայի համար պետք է լինի բարձրագույն արժեք, որի պահպանման և արժևորման համար ոչ մի ջանք չպիտի խնայել: Այսօր, մեր պետության անկախության հռչակման օրվանից 23 տարի անց, մենք դեռ ունենք չլուծված շատ խնդիրներ, բացթողումներ, դեռ չենք կառուցել ժողովրդավար ու մարդու իրավունքների վրա հիմնված այն պետությունը, որի մասին երազում էր ՀՀ քաղաքացին սեպտեմբերի 21-ի հանրաքվեին կողմ քվեարկելով: Թեև անկախության հռչակմամբ մենք ամրագրեցինք մեր ինքնիշխանությունը, սակայն այսօր վտանգի տակ է նաև այդ արժեք, թեև մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պետք է լինեին այն արժեքները, որոնց վրա պետք է խարսխվեր մեր պետությունը, սակայն անցած տարիներն ապացուցեցին այդ հիմնարար սկզբունքներից իշխանությունների հեռացումը:
Ցավալիորեն պետք է արձանագրենք նաև, որ թեև մենք այսօր ունենք 23-ամյա անկախություն, բայց այսօր վարվող անհետևողական քաղաքականության արդյունքում անկախության հիմքերի թուլացման վտանգի առջև ենք կանգնած:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, լիահույս ենք, որ անկախության սերունդը լինելու է այն գրավականը, որը պահելու և փայփայելու է մեր Անկախությունը: Համոզված ենք, որ ազատական գաղափարները, ժողովրդավարության զարգացումը, ՀՀ քաղաքացու անքակտելի իրավունքների իրացումը, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումն են այն խթանները, որոնց շնորհիվ պետք է առաջ գնա և միջազգային ասպարեզում իր ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդի Հայաստանի Հանրապետությունը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
21 սեպտեմբերի , 2014թ.
ք. Երևան