Սեպտեմբերի 21-ին, ողջ հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը:
Այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները այցելեցին ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այցը կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդ հանրապետականները մշտապես այցելում են Վազգեն Սարգսյանի անվան զորամաս։ Նա շնորհավորեց բոլորին անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: « Անկախությունը մեր միասնականության, արդար պայքարի ու առողջ ձգտումների արդյունքն է։ Սա նաև դաս է՝ ապացույց, որ ամենամեծ հաջողությունների կարելի է հասնել միայն համախմբվածությամբ։ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 23-րդ տարում մեծացել է նոր սերունդ, ում համար ազատ ու անկախ լինելը կենսակերպ է, ում համար անկախությունն այլընտրանք չունի։ Անկախությունը նաև պարտավորեցնող է՝ ամեն օր, ամեն վայրկյան այն ամրապնդելու համար։ե,- նշեց Կարեն Ավագյանը։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը կարևորեց նման միջոցառումների դերը , քանի որ դրանք նպաստում են ուսանողների հարենասիրական և ռազմական դաստիարակությանը:
Սպարապետի անվան ռազմական ինստիտուտում անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ , մեր անկախությանը գրեթե տարեկից զինվորները պարգևատրվեցին պատվոգրերով , մեդալներով և հուշանվերներով ` իրենց բարեխիղճ ծառայության և լավ վարքի համար :
Պարգևատրումը ավարտվեց համերգային ծրագրով , որտեղ ելույթ ունեցան ՀՊՄՀ սաները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն