Այս քաղցրավենիքն ավելի շուտ կեքս է, սակայն այն հորինած ամերիկացիները «հաց» են կոչում: Ամենեւին կարեւոր չէ, թե ի՞նչ է այս քաղցրավենիքի անունը, կարեւորը, որ այն շատ համեղ է, շատ սննդարար, հարմար նախաճաշ է՝ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ:
Անհրաժեշտ մթերքներ
3 հասած բանան (կարող է անգամ լրիվ սեւացած լինել)
3 ձու
150 գրամ կարագ կամ յուղ
100 գրամ շաքարավազ
1 թեյի գդալ սոդա
1,5-2 բաժակ ալյուր
Մեկ բաժակ շաքարած կաղին (պնդուկ)
1 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղ (իմբիր)
1 ճաշի գդալ շագանակագույն շաքար
Պատրաստման եղանակը
Շաքարավազն ու հալած կարագը լավ հարել, հատիկ-հատիկ ավելացնել ձուն, հարել:
Կարդացեք նաև
Եթե չունեք պատրաստի շաքարած կաղին (պնդուկ), ապա թավայի մեջ լցրեք կես բաժակ շաքարավազ եւ 1-2 գդալ մեղր, դրեք կրակին, թող հալվի, մեջը լցրեք մեկ բաժակ կաղին, արագ խառնեք, անջատեք, լցրեք յուղաթղթի (կալկա) վրա, թողեք սառչի:
Շաքարած կաղինն աղացեք, մանրեք սրճաղացով կամ ամենամանր անցքերով քերիչով քերեք: Ավելացրեք խմորին, ավելացրեք նաեւ բանանները: Շարունակեք հարել, ապա ավելացրեք ալյուրն ու սոդան: Ալյուրն ավելացրեք այնքան, որ թթվասերի խտության խմոր ստանաք:
Յուղաթուղթը դրեք ուղղանկյուն ջերմակայուն ամանի մեջ, մեջը լցրեք խմորը: Դրեք ջեռոցը, որը տաքացել է 180 աստիճանի:
Մեկ ճաշի գդալ շաքարավազը լցրեք բաժակի մեջ: Մառլյայի կտորի վրա քերեք կոճապղպեղը: Քամեք հյութը շաքարավազի վրա, խառնեք:
15 րոպե խմորը եփելուց հետո հանեք, վրան լցրեք կոճապղպեղի օշարակը, տարածեք խմորի մակերեսով մեկ:
Կրկին դրեք ջեռոցը, թողեք մինչեւ ամբողջությամբ եփվի:
Հանեք ջեռոցից, երբ ամբողջությամբ սառչի, փաթաթեք պոլիէթիլենե թաղանթի մեջ, թողեք երկու-երեք ժամ, ապա նոր կտրատեք եւ մատուցեք: Ինչ որ մնա՝ կրկին պահեք պոլիէթիլենե տոպրակի կամ թաղանթի մեջ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
20.09.2014