Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ որևէ դպրոց, որը մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կրթություն է կազմակերպում». Անահիտ Բախշյան

Սեպտեմբեր 20,2014 20:13

«Շատ ծնողներ շարունակում են իրենց երեխաներին իներցիայով ուղարկել բուհեր՝ իբր թե հեղինակավոր մասնագիտություններ (իրավաբան, բժիշկ և այլն) ստանալու, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ իներցիան պետք է կոտրել, որովհետև փոխվել են ժամանակները, և աշխատաշուկան է թելադրում մասնագիտության ընտրությունը»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Կրթության փորձագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ արտահայտեց, որ յուրաքանչյուր երեխա ինքը պետք է հասկանա, թե ինչ մասնագետ կարող է դառնալ: Իսկ այդ հարցում նրան պետք է օգնի դպրոցը. «12-ամյա պարտադիր կրթության գլխավոր նպատակներից մեկն էլ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կրթություն տալն է: Երեխան դպրոցական տարիքից պիտի իրեն լավ ճանաչի, հասկանա՝ ինքը հատկապես ինչն է կարողանում ավելի լավ անել: Իսկ հետո նա պետք է սովորի ինքնուրույն ուսումնասիրել աշխատաշուկան, տեսնել՝ որտեղ կարող է լավագույնս ինքնադրսևորվել և հետագայում աշխատանք ունենալ»,- կարծում է Ա. Բախշյանը:

«Տավուշի մարզը, օրինակ, արդեն չորս տարի է, որ համընդհանուր ներառական կրթություն է իրականցնում: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ մարզի շատ քիչ դպրոցներ ունեն համապատասխան կադրեր, և դպրոցների տնօրեններն ում ասես՝ չեն ընդունում դպրոց` իրենց հարսին, աղջկան… Լավ, գոնե մասնագետ լինեն: Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ խնդիր է, և հուսով եմ՝ 12-ամյա պարտադիր կրթությունն ինչ-որ հարցեր կլուծի, չնայած մեր երկրում ամենալավ գաղափարն էլ է փչանում, ցավոք»,- հավելեց Ա. Բախշյանը:

Նա գտնում է, որ 12-ամյակրթությունն իրապես իր նպատակին կկարողանա ծառայել, եթե հետևենք բոլոր այն կարգերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից. «Ավագ դպրոցների ռազմավարական ամբողջ ծրագրի միջով կարմիր թելի նման անցնում է նախամասնագիտական կողմնորոշման կրթությունը, բայց ես այսօր գոնե մի դպրոց չգիտեմ, որն այդպիսի կրթություն է կազմակերպում»,- ասում է Ա. Բախշյանը՝ վստահեցնելով, որ դրա համար շատ բան պետք չէ. «Միայն պետք է դպրոցներում ունենալ համապատասխան մասնագետներ, նաև հոգեբաններ, որոնք կկարողանան ճիշտ կազմակերպել կրթությունը: Այսկրթությունը, ցավոք սրտի, չի տարածվում, քանի որ լիազոր պետական մարմինը՝ ի դեմս կրթության նախարարության, չի տալիս մեխանիզմը, թե ինչպես է պետք իրականացնել այդ կրթությունը, և մանկավարժներն ինտուիցիայով են դա անում՝ ով ինչպես կարողէ»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:

Նա գտնում է, որ ԿԳՆ պետք է թեկուզ Կրթության ազգային ինստիտուտին պատվիրի մշակել նախամասնագիտական կողմնորոշման կրթություն կազմակերպելու մեխանիզմ. «ԿԳՆ-ի կողմից այդ պատվերը չի տրվել, և ավագ դպրոցը գործում է այնպես, ինչպես յուրաքանչյուր տնօրեն ինքն է պատկերացնում»,- ասում է նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930