Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Մոր եւ մանկան առողջության պահպանումը գտնվում է երկրի ղեկավարի անմիջական ուշադրության ներքո»

Սեպտեմբեր 20,2014 17:31

Մոր և մանկան առողջության պահպանման հայկական դաշինքի ամենամյա հանդիպումն Աղվերանում քննարկումների մեկ սեղանի շուրջ էր համախմբել ոլորտը ներկայացնող երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Առողջապահության այդ ոլորտի հրատապ խնդիրներին և գերակա ուղղություններին նվիրված քննարկումներին այսօր մասնակցեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:

«Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է: Դժվար է գերագնահատել այն դերը, որն ունեն հասարակական կազմակերպություններն առողջապահական համակարգում հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու գործում»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին` ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ նախարարությունն այսօր փորձում է ոչ միայն օրենսդրական հարցեր քննարկել, այլև վերլուծել համակարգը, ինչն անհնար է պատկերացնել առանց հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, առանց գործընկերային հարաբերությունների:

Նախարարը խոսեց մայրական և մանկական մահացության ցուցանիշների, մեր երկրում իմունականխարգելմանն ուղղված միջոցառումներին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատման, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների մասին:

Արմեն Մուրադյանը ընդգծեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը գերակա խնդիր է և գտնվում է երկրի ղեկավարի անմիջական ուշադրության ներքո:

Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամները, առողջապահության ոլորտի մասնագետներն ու փորձագետներն իրենց հարցերն ուղղեցին նախարարին: Անդրադարձ կատարվեց ինչպես առողջության պահպանման առաջնային օղակին, մարզերում կադրային և նյութատեխնիկական համալրվածության, մասնագետների արտերկրում վերապատրաստման խնդիրներին, այնպես էլ` բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:
Առանձնակի կարևորվեց հանրության շրջանում բժշկի դերի, հեղինակության բարձրացման հարցը:

2011 թվականին ստեղծված կազմակերպության արդեն չորրորդ ամենամյա հանդիպման շրջանակում քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման այժմյան մարտահրավերները և դրանց հաղթահարման առկա հնարավորությունները, առողջապահության ոլորտի ընդհանուր զարգացման միտումները և հեռանկարային ուղղությունները։ Կարևորվեցին նաև Հայաստանում առողջապահության ֆինանսավորմանն առնչվող հարցերը, ինչպես նաև 2014 և 2015 թթ. համար պլանավորված գործողությունների ծրագրերը, Դաշինքի հետ համագործակցության շրջանակները:

Մասնագետների գնահատմամբ` Դաշինքի ամենամյա հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս բաց երկխոսություն ծավալել առողջապահական համակարգում առկա խնդիրների մասին:

Նշվեց, որ առողջապահության ոլորտի բարեփոխումներին նվիրված կառուցողական քննարկումները և երկխոսությունները երկուստեք շահավետ են։

Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն ստացան առողջապահության ոլորտում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

«Վոլդ Վիժն Հայաստան» երեխայի առողջության քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը Դաշինքի անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարին մասնակցության և անմիջական քննարկման համար։ Նա նշեց, որ նման ձևաչափի պարբերական հանդիպումների շնորհիվ է հնարավոր վեր հանել ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները:

Նման անկաշկանդ քննարկումներնն առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա այն բացերը, որտեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են դերակատարում ունենալ:

Որպես մոր և մանկան առողջության ոլորտում մեծ դերակատարում ունեցող կազմակերպություն` «Վորլդ Վիժն Հայաստանն» իր նոր ռազմավարության շրջանակում ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ շարունակելու է շահերի պաշտպանության, քաղաքականության մշակման և աջակցման գործընթացը:

Դաշինքի ամենամյա հանդիպումը նախաձեռնել էր «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը «Երեխաների առողջության քարոզարշավ» ծրագրի շրջանակում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930