Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները թեմատիկ երկրորդ նիստը

Սեպտեմբեր 20,2014 17:03

Սեպտեմբերի 20-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները չորս թեմատիկ նիստերով:

Սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ երկրորդ նիստում քննարկվեցին պատերազմի հետևանքով Լիբանան և Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները, Հայաստանում պետական պատկան մարմինների, ինչպես նաև համահայկական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը, վերհանվեցին հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:

Անդրադարձան նաև վտանգված այլ համայնքների՝ Իրաքի, Եգիպտոսի հիմնախնդիրներին: Նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նիստը սկսեց Տերունական աղոթքով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համաժողովը կազմակերպելու համար՝ Կահիրեի թեմական ժողովի անդամ, ՀՅԴ անդամ, «Լուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Բայրամյանը ներկայացրեց «Իրավիճակը Եգիպտոսում»: Զուգահեռներ անցկացնելով սիրիական դեպքերի հետ՝ զեկուցողը, մասնավորապես, նշեց, որ քաղաքական զարգացումների պատճատով այսօր համայնքի կարևորագույն մտահոգությունը անորոշությունն է: Եգիպտոսի 45-50 հազարանոց համայնքից 5 հազար մարդ է մնացել:

Իրաքահայ հասարակական գործիչ Պարույր Հակոբյանը ներկայացրեց իրավիճակը Իրաքում, որտեղ մնացել է ընդամենը 10 հազար մարդ, հիմնականում Բաղդադ և Բասրա քաղաքներում: Նշելով հոգևոր և համահայկական կառույցների, հայոց պետության աջակցության մասին՝ զեկուցողը, մասնավորապես, նշեց. «Միասնաբար պետք է մտածենք, թե ինչպես կարելի է ապահովել Միջին Արևելքի համայնքներից արտագաղթածների հայ մնալը:

«Հալեպ» հասարակական կազմակերպության գործունեությունը ներկայացրեց Ծովիկ Մակարյան-Բայթարյանը: Կազմակերպությունը Հայաստանում գրանցվել է մեկ տարի առաջ, և նպատակն է նյութաբարոյական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին, բնակարաններ տրամադրել և կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթը, որ Սիրիայում խաղաղություն հաստատվելուց հետո կարողանան վերադառնալ Սիրիա և մասնակցել համայնքի վերակառուցմանը:

Հայաստանում բնակվող սիրիահայերի աջակցության նպատակով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաճյանը: Զեկուցողը կարևորեց սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը:

Սկսելով քննարկումը և մտքերի փոխանակությունը՝ նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, կառույցներին ու անհատ բարերարներին, և, մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր երևույթը միասնականությունն է: Պետք է նոր մոտեցումով մարմին ստեղծել, որի նպատակը սիրիահայերի գոյատևումն է Հայաստանում և այլ երկրներում:

Քննարկման արդյունքում նիստի մասնակիցները առաջարկեցին ստեղծել Ազգային մարմին՝ ՀՀ պետական պաշտոնյաների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, որը կաջակցի քաղաքական անկայուն իրավիճակներում գտնվող երկրների հայ համայնքներին, կորոշի առաջնահերթությունները և կմշակի արագ արձագանքման ռազմավարությունն ու կիրականացնի կազմակերպչական աշխատանքները:

ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930