Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի սեպտեմբերի 20-ի Ա նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ԵՆԺ-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցական-ներկայացուցչական ժողովների կարևորությանը` Հայ Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման և եկեղեցական կյանքը կանոնական սկզբունքների վրա խարսխելու առումով: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն մշտապես աջակցելու և նրա առաքելությանը զորավիգ լինելու համար: Վեհափառ Հայրապետը նաև իր բարեմաղթանքները բերեց տիար Սերժ Սարգսյանին:
Այնուհետև ժողովականներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունավետ աշխատանք մաղթելով Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների և թեմերի պատգամավորներին ուղղված խոսքում ՀՀ նախագահը մեկ անգամ ևս իր և Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն հայտնեց հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև ժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, Սիրիայից հայրենիք տեղափոխված հայորդիներին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման համար պետության կողմից իրականացվող աշխատանքներին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին:
Կարդացեք նաև
Վերջում Նորին Սրբությունը վերստին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին այցի համար` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր բոլոր թեմերով և կառույցներով պիտի շարունակի օգտակարություն բերել և սատարել հայրենի պետությանը` մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների ու դժվարությունների հաղթահարման և հայ ժողովրդի բոլոր նվիրական իղձերի իրականացման ճանապարհին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ