«Նման որակումները ծիծաղելի են, քանի որ այս ժամանակահատվածում, երբ մենք իրականացնում ենք դրամաշնորհի բաշխման գործընթացը, որևէ նման օրինակ որևէ մեկը չի կարող ցույց տալ: Այդ շահարկումների պատճառն այն է, որ մեզ հաջողվել է վայելել ՀԿ-ների վստահությունը և որոշ մարդիկ դա շատ ծանր են տանում»,- Aravot.am-ի հարցին՝ տպավորություն կա, որ ՀՀ նախագահի դրամաշնորհին արժանանում են ոչ պատահական ՀԿ-ներ, այլ այնպիսիք, որոնց հետևում կոնկրետ մարդիկ են կանգնած, այսպես պատասխանեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-22-ը Ծաղկաձորում անցկացվում է դասընթաց ՀԿ-ների համար, որի ընթացքում 90 ՀԿ-ի ներկայացուցիչները ծանոթանում են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին, դիմելու մանրամասներին, մրցույթի շրջանակներում հայտարարված անվանակարգերին։ Սեմինարը կազմակերպել է ՀԵՀ-ը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, և անցկացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը։
Մեր հարցին՝ ինչպիսի՞ն է վերահսկողությունը դրամաշնորհի բաշխման առումով, քանի որ, երբեմն, տպավորություն է ստեղծվում, որ նախագահի դրամաշնորհի հատկացրած գումարները վատնվում են, պարոն Ավագյանը պատասխանեց. «Վերահսկողությունը բավականին խիստ է: Ցանկացած ծրագիր անցնում է մոնիթորինգ թե′ տեխնիկական, թե′ բովանդակային առումով: Այսինքն` չի կարող պատահել, որ ՀԿ-ն մի բովանդակություն ներկայացնի, մեկ այլը իրականացնի»:
Մոնիթորինգի արդյունքում նաև որոշ ՀԿ-ներից ետ է վերցվել դրամաշնորհի գումարը: Կարեն Ավագյանը մանրամասնեց. «Դա տեղի ունեցավ առաջին մրցույթի ժամանակ, երբ հասկացանք, որ Տավուշի մարզի ՀԿ-ներից մեկը չի կարողանում ծրագիր իրականացնել: Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ՀԿ-ի փոքր շահեր սպասարկելն է, այլ կոնկրետ ոլորտի հետ կոնկրետ անվանակարգերում ծրագրեր իրականացնելը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է այն կարծիքին, որ ՀԿ դաշտն այսօր «կաղում է»: Նա պատասխանեց. «Այս դաշտում նոր ռեսուրսների հոսքը շատ է, ուստի կա զարգացման կարիք: Իհարկե, ՀԿ դաշտը կատարելության չի հասել, բայց մեր հասարակությունն ունի երեք սեկտոր՝ քաղաքացիական հասարակություն, բիզնես. ասեք մի սեկտոր, որը չի կաղում»:
Դասընթացին դրամաշնորհի անվանակարգերին առնչվող ոլորտների փորձագետները ՀԿ-ներին հմտություններ էին տրվում այն մասին, թե ինչպես ծրագիր գրել և այն արդյունավետ իրականացնել: Արփինե Հակոբյանը կարծում է, որ շատ ծրագրեր մերժվել են այն պատճառով, որ ՀԿ-ները չեն տիրապետում այս հմտություններին. «Մենք ընդգրկված ենք նաև դրամաշնորհի մրցութային հանձնաժողովում և հայտերի փաթեթներում տեսնում էինք, որ նպատակների մակարդակում ընդամենը գործողություններ էին գրված: Այս դասընթացը օգնում է, որ ծրագրերը չափելի, ուստի նաև վերահսկելի լինեն»:
«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ ներկայացուցիչ Սիրարփի Մանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այս անգամ դրամաշնորհ չեն ստացել, քանի որ հստակ է դրված. նույն տարվա ընթացքում նույն ՀԿ-ն մի քանի անգամ չի կարող ստանալ դրամաշնորհ: Հարցրին՝ գործընթացը օբյեկտի՞վ է կազմակերպվում: Նա պատասխանեց. «Առաջին անգամ էինք շփվում նման խիստ մոնիթորինգի հետ, որը զգոն է պահում ՀԿ-ին »:
Հարցին՝ համամի՞տ եք այն կարծիքին, որ, երբեմն, նախագահի դրամաշնորհի միջոցները վատնվում են, Սիրարփի Մանյանը պատասխանեց. «Որոշ դեպքերում, այո, վատնվում են: Դա գալիս է ՀԿ-ից, նայած, թե ինչ ծրագիր է այն իրականացնում, քանի որ, երբեմն, կարծում են, որ, երբեմն, նաև կարելի է շորթել, բայց պետք է հիշել, ո այս գումարները մեր բյուջեից են հատկացվում»:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը դասընթացի ընթացքում ՀԿ ներկայացուցիչներին գործնական հմտություններ է փոխանցում Հայոց ցեղասպանության թեմայով ծրագրեր գրելու համար: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ՀԿ-ների կողմից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ծրագրեր անելու ցանկությունը մեծ է, բայց խնդիրներ կան ծրագիրը ճիշտ ձևակերպելու հմտությունների առումով. «Այս դասընթացը կնպաստի նման խնդիրների լուծմանը: Կուզեի, որ ամեն մարդ զբաղվեր իր գործով: Եթե ՀԿ-ն իրավապաշտպան է և այդ ոլորտում հմտացած, ապա ինքը պետք է ներգրավված լինի իրավական հարցերի հետ կապված ծրագրերում, ասենք՝ իրավական փաթեթի պատրաստման հարցում: Անվանակարգերը ընտրելիս մենք աշխատում էինք ավելի լայն դաշտ փակել, որ բոլոր ՀԿ-ները կարողանան աշխատել: Բայց եթե ՀԿ-ն Հայոց ցեղասպանության ոլորտում ծրագրեր չի իրականացրել, նրա ծրագիրը մերժվում է: Ավելի լավ է ընդհանրապես չտալ դրամաշնորհ, քան տալ վատ աշխատանքի: Դա է պատճառը, որ բոլոր մրցույթների ընթացքում ընդամենը 4 կամ 5 դիմում ենք բավարարել»:
Այս տարի ՀԵՀ-ին դիմել են շուրջ 150 ՀԿ-ներ, որոնց կեսը ստացել է դրամաշնորհ: 2014-ին ՀՀ նախագահի աշխատակազմը դրամաշնորհային մրցույթի համար նախատեսել է 200.000 միլիոն դրամ, տարվա երրորդ դրամաշնորհային մրցույթն արդեն հայտարարված է: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ