Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը չի մասնակցի սեպտեմբերի 21-ի հանդիսությանը, եթե տոնը կերտողները հրավեր չստանան

Սեպտեմբեր 20,2014 14:55

 

Պարույր Հայրիկյանի հաշվարկներով՝ ինչքան Հայաստանում հիմա բնակչություն կա, այդքան մարդ Հայաստանից արտագաղթել է:

«Բացթողումներն ավելի շատ են, քան ձեռքբերումները»,- այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ իրեն թվում էր, թե անկախությունից հետո հայ ազգը ժողովրդագրական շեշտակի աճ կունենա, նամանավանդ, դրան կգումարվեր փախստականների հսկայական ներհոսքը. «Բայց քանի որ Հայաստանի իշխանական լծակներին տիրացան КГБ-ի, Մոսկվայի օգնությամբ մարդիկ, որոնք անկախության հետ կապ չունեին, մարդիկ որոնք չէին պատրաստվել անկախ պետականությանը, այլ պատրաստվել էին կոմունիստական իշխանությանը ծառայելու համար ամեն մեկն իր ոլորտում՝ մեկը՝ Մատենադարանում, մեկը՝ Մետաքսի գործարանում: Նրանք պատրաստ չէին անկախությանը, իսկ ով, որ պատրաստ էր, նրան էլ արտաքսեցին»:

Ըստ պարոն Հայրիկյանի՝ այդ է պատճառը, որ հայ ժողովուրդը ոչ միայն ժողովրդագրական աճ չունեցավ, այլ հակառակը՝ անկում ապրեց: Նրա հաշվարկներով՝ ինչքան Հայաստանում հիմա բնակչություն կա, այդքան մարդ Հայաստանից արտագաղթել է. «Այսօր պետք է լիներ 5- 5.5 միլիոն բնակչություն, բայց կա 2.5-2.8: Սա այնպիսի մեծ կորուստ է, որը չգիտեմ, թե ինչպես կարելի է փոխհատուցել: Մնացած բոլոր ձեռքբերումները՝ Շուշի ենք գրավել, Շուշի ենք գրավել, Նախիջեւանը մնացել է, ինչո՞վ եք ուրախանում, դրանք ավելի շատ սնապարծությանը հագուրդ տալու քայլեր են»:

Պարույր Հայրիկյանի համար միակ ուրախությունն այն է, որ Հայաստանը դարձել է միջազգային օրենքի ենթակա, եւ օրինավոր իշխանությունը կարող է այդ լծակներն օգտագործել:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավեր է ստացել մասնակցելու սեպտեմբերի 21-ին հանդիսությանը, սակայն նա հետաքրքրվել է եւ պարզել է, որ «անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» ռազմավարությունը Հայաստանում կյանքի կոչած Ազատ Արշակյանին, ԱԻՄ հիմնադիր անդամներից Ռազմիկ Մարկոսյանին, Սուսանա Ավագյանին եւ Մեխակ Գաբրիելյանին չեն հրավիրել. «Լավ, դուք հազար հոգու հրավիրում եք, այնպիսի մարդկանց, որ անկախության հետ նույնացնում են Արցախի կռիվները, ասում են՝ մենք Արցախում կռվեցինք անկախություն ձեռք բերելու համար: Հիմա այդ զանգվածը հրավիրված է, դուք հարկ չեք համարո՞ւմ հրավիրել նրանց, ովքեր այս տոնը կերտել են: Ես շատ բարեկրթորեն դիմեցի, խնդրեցի, որ նրանց էլ հրավեր ուղարկեն, եթե մինչեւ այսօր երեկո նրանք հրավիրված չլինեն, թո՛ղ գնան, իսկ մենք՝ անկախության եւ անկախության հանրաքվեի ճանապարհով ռազմավարության հիմնադիրներս համեստ այգում համեստ միջոցառմամբ կնշենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930