Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ռոբինսոն. «Ցանկացած հասարակություն կարող է օգուտ քաղել իր բազմազանությունից»

Սեպտեմբեր 20,2014 14:12

Փոքր եղբայր լինելը ռիսկային է:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ շատ է սիրում Դարոն Աճեմօղլու և Ջեյմս Ռոբինսոնի  «Ինչու են երկրները ձախողվում» գիրքը: Շատ փորձագետներ զարմացել էին այդ հայտարարությունից, քանի որ հատկապես արտաքին քաղաքական շրջանակներում ազգայնականի համբավ ունեցող Քոչարյանը նման գովեստով խոսում է  մի գրքի մասին, որի հեղինակներից մեկը աշխարհում հայտնի տնտեսագետ Աճեմօղլին է՝ ծագումով  Թուրքիայից: Այս թեմային օրեր առաջ անդրադարձել է նաև «Կավկազսկի վեստնիկ» էլեկտրոնային  պարբերականը՝ հարցազրույց ունենալով հեղինակներից Ջեյմս Ռոբինսոնի հետ: Կայքը նկատում է, որ գրքում արծարծված հարցերը շատ արդիական են ժամանակակից Հայաստանի համար. իր հայտնի հարցազրույցում հղում կատարելով այս գրքին, նախկին նախագահը բազմաթիվ ակնարկներ է արել Հայաստանի այսօրվա տնտեսական–քաղաքական իրավիճակի խոցելիության վերաբերյալ՝ անընդհատ պահպանելով գրքում արծարծված մոտեցումների զուգահեռները:

Ինչո՞ւ են որոշ երկրներ հարուստ, որոշները՝ աղքատ, ինչո՞ւ են տարբեր պարենային ապահովության և ընդհանուր բարեկեցության մակարդակները, և արդյոք այդ ամենը պայմանավորված է տվյալ երկրի մշակույթով, կլիմայով կամ աշխարհագրական դիրքով: Գրքի հեղինակները համոզված են, որ տնտեսական հաջողության կամ դրա բացակայության հիմքում արհեստական քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն են: Ըստ նրանց, հավասարակշռված քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն օգնում են երկրների բարգավաճմանը, նպաստում կայունությանն ու զարգացմանը. «Հենց այդ նույն պատճառով է Իրաքը ամերիկյան ներխուժումից հետո հայտնվել փլուզման եզրին: Հասարակությունը մեծ խտրականության էր ենթարկվում, իշխանությունը չարաշահվում էր»,-ասել է Ջեյմս Ռոբինսոնն ի պատասխան պարբերականի  հարցերի, շարունակելով, որ նման օրինակներն աշխարհում շատ են: Ուկրաինայում, օրինակ, խնդիրներից մեկն այն էր, որ երբ երկրի նախագահին փոխարինեց այսպես կոչված ժողովրդական իշխանությունը, հայտարարվեց, որ ռուսերենն այս երկրում  զրկվում է պետական կարգավիճակից՝ առանց հաշվի առնելու երկրի ժողովրդագրական ու էթնիկ իրավիճակը:   

Երկրների տրոհման պատճառը քաղաքական անհավասարակշիռ վարքագիծն է: Ռոբինսոնի կարծիքով ամեն ինչ իշխանություններից է կախված: Տնտեսական հաջողության հասնելու համար կապ չունի մուլտիմշակութային կամ մոնոմշակութային, բազմազգ կամ միատարր բնակչությամբ երկիր լինելը:

«ԱՄՆ-ն շատ բազմատարր պետություն է, նայեք այդ երկրին: Ցանկացած պետություն պիտի օգուտ քաղի իր բազմազանությունից, միայն թե դրա համար կրկնում եմ՝ իշխանությունների հավասարակշռված ինստիտուտներ են պետք:  Նույնը կարելի է ասել Կանադայի մասին: Ոմանք խնդիր են տեսնում բազմամշակութային հասարակության մեջ, իրականում կարելի է մեծ տաղանդներ, գաղափարներ, էներգիա ստանալ ամբողջ աշխարհից: Մենք պետք է սովորենք կողք-կողքի ապրել»,- ասել է տնտեսագետը:

Ռոբինսոնը նաև համարում է, որ ոչ թե բնական պաշարներն են տնտեսական զարգացման երաշխիքը, այլ՝ ինովացիան և մարդու ստեղծարար միտքը:

Հարուստ բնական պաշարները  կարող են օգտակար լինել հասարակության կառուցման համար՝ ենթակառուցվածքներ, իշխանության ինստիտուտներ ստեղծելու առումով: Բայց դրանք չեն կարող փոխարինել նոր տեխնոլոգիաներին ու կրեատիվ մտածողությանը: Չինաստանը վերջին երեսուն տարում, Հնդկաստանը մեծ հաջողությունների են հասել ոչ թե բնական պաշարների շնորհիվ, այլ՝ իրենց տնտեսական մոդելի փոփոխության, ինչը թույլ է տվել ինովացիայի ճանապարհով գնալ, նոր հնարավորություններ ստանալ: Նույնը՝ Հարավային Կորեան,  Թայվանը: Իրականում շատ հարուստ երկրներ բնական պաշարներ էլ չունեն: Բայց,օրինակ, Նիգերիան նավթի հսկայական պաշարներ ունի, բայց չունի այնպիսի քաղաքական ինստիտուտներ, որոնք գոյացած եկամուտը կծառայեցնեին հասարակության շահերին:

Մասնագետին հարց է ուղղվել նաև այն երկրների մասին, որոնք սեփական զարգացած տնտեսություն չունեն, սակայն գտնվելով կարևոր աշխարհքաղաքական դիրքերում, խոշոր երկիր-հովանավորներից, որ ուզում են «փոքրերին» իրենց դաշինքներում տեսնել,  դոտացիա են ստանում: Ինչքանո՞վ է հեռանկարային «փոքր եղբոր» կարգավիճակը: Մասնագետը պատասխանել է. «Կարծում եմ՝  դա շատ ռիսկային դրություն է. քաղաքականությունը փոխվում է, կառավարությունները փոխվում են , փոխվում են նաև դաշինքներն ու միավորումները»:

Հ.Գ.- Ջեյմս Ռոբինսոնը տնտեսագետ և քաղաքագետ է, կառավարման պրոֆեսոր Հարվարդի համալսարանում, մինչ այդ ուսանել է Լոնդոնի, ՈՒորիքի, Յելի համալսարանններում: Բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ է, որոնցից «ինչու են ձախողվում երկրները» գիրքը քննադատների կողմից կնքվել է « քաղաքատնտեսության Աստվածաշունչ» անվամբ: Սրանից հետո Ռոբինսոնը նույն համահեղինակի՝ Դարոն Աճեմօղլու հետ ևս մեկ գիրք է գրել՝ «Դեմոկրատիայի և դիկտատուրայի տնտեսական պատճառները», որտեղ ևս Հայաստանին առնչնվող ակնարկներ կլինեն:

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930