Հայտնի են տարվա էքսկուրսավարը, հյուրանոցն ու բնության պահպանության նախագիծը:
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը մրցանակ ստացավ՝ բնությունը լավագույնս պահպանելու համար: Պարգեւը թեղուտցիներին հանձնեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոստանալով Թեղուտի նախաձեռնություն խմբի համար գրել հիմն:
Երեկ «Армения туристическая» ամսագիրըառաջին անգամ Հայաստանում տուրիզմի ոլորտում կազմակերպել էր մրցանակաբաշխություն՝ Армения туристическая-2014 խորագրով: Միջոցառումը, որն անցկացվեց «Yans» ակումբում 13 անվանակարգերում էր: Մրցանակաբաշխությանը ներկա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Անդրեյ Իվանովի համոզմամբ՝ Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ իրենց ներաշխարհով ու սովորույթներով. «Տաք եղանակը, գեղատեսիլ լճերը, հարուստ բնությունը, բայց Հայաստանն առավել հարուստ է իր մարդկանցով»:
Ըստ Անդրեյ Իվանովի՝ Ռուսաստանի դեսպանատունը նույնպես նպաստում է, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելանա. «Մեր ջանքերով կրկնապատկվել է Ռուսաստանից եկող տուրիստների թիվը»:
Արտագնա տուրիզմում տարվա լավագույն օպերատոր ճանաչվեց «Սպուտնիկ» տուրընկերությունը, որը, զբոսաշրջության ոլորտի մասնագետների բնորոշմամբ, դեռեւս խորհրդային տարիներից հայտնի է որպես բարձրորակ տուրիզմ կազմակերպող տուրօպերատոր:
Նշենք, որ մրցանակակիրներն ընտրվել են սոցհարցումների արդյունքում՝ քվեարկությամբ:
Ներգնա տուրիզմում տարվա լավագույն օպերատորը դարձավ «Արմենիա թրավել»-ը, տարվա հյուրանոց ճանաչվեց «Թուֆենկյանը», որի տնօրենին մրցանակը հանձնեց Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
Տարվա առողջարան անվանակարգում հաղթեց «Ջերմուկ Արմենիան»:
Տարվա ռեստորանն էլ, ըստ հարցումների, ճանաչվել էր «Երեւան պանդոկ»-ը:
Մրցանակներ ստացան նաեւ անհատ մարդիկ: Տարվա էքսկուրսավարը դարձավ Գասպար Երիցյանը: Ինչպես միջոցառման կազմակերպիչները կատակեցին, այս էքսկուրսավարի հետ բոլոր զբոսաշրջիկները ողջ եւ առողջ հետ են վերադարձել:
Լավագույն տուրծրագիր անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տաթեւի թեւեր» նախագիծը: Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ այս տարի Տաթեւի ճոպանուղուց օգտվել է մոտ 150 հազարզբոսաշրջիկ եւ այս նախագիծը 55 աշխատատեղով է ապահովել տեղի բնակչությանը:
Դիլիջանը ճանաչվեց տարվա առողջարանային քաղաք: Մրցանակը ստացավ Դիլիջանի քաղաքապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ