Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի քարտեզը 10 պատվիրանները չէ». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 20,2014 10:36

Հարցազրույց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

-Ըստ ձեզ, որեւէ զուգահեռ չկա՞ Արցախում տեղի ունեցած հանրաքվեի եւ Շոտլանդիայի հանրաքվեի միջեւ: Դա կազդի՞ Արցախի ճանաչման հարցի վրա: 

-Չեմ կարծում, որ կազդի: Արցախի եւ Շոտլանդիայի պատմությունները բոլորովին տարբեր են: 

Առաջինը՝ Արցախը, ի տարբերություն Շոտլանդիայի, չնայած ճանաչված չէ, սակայն արդեն քսան տարի կա, գոյություն ունի որպես պետություն` իր բոլոր պետական ինստիտուտներով հանդերձ: Իսկ շոտլանդացիները դեռեւս ձգտում են դրան: Արցախը կարելի է համեմատել Կոսովոյի, Կիպրոսի եւ նման երկրների հետ, երբ կենտրոնական իշխանությունը չի համաձայնում տվյալ երկրի, տվյալ տարածքի բաժանման, անկախացման հետ: 

Բայց աշխարհում շատ են եղել դեպքեր, երբ քվեարկության միջոցով կարելի է հասնել անկախության: Հիշենք, օրինակ, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի որոշ մասերի, Մալիի եւ Սենեգալի, Հարավային Սուդանի բաժանումները: ԽՍՀՄ քայքայումը եւս դրա վառ օրինակն է: Ընդ որում՝ այդ բոլոր դեպքերում էլ եղել է կենտրոնական իշխանության համաձայնությունը։

Պետությունների կազմավորումը մշտական գործընթաց է, եւ բավական է դրա համար նայել այսօրվա Եվրոպայի քարտեզին, որը զգալիորեն տարբերվում է իմ երիտասարդական տարիների քարտեզից, որտեղ, օրինակ, որպես անկախ երկրներ չկային Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Մոլդովան, Խորվաթիան, Սերբիան… Ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի քարտեզն է փոխվել, եւ դա դեռ վերջը չէ, որքան էլ տարածքային ամբողջականության մասին ոմանք շարունակեն խոսել: Աշխարհի քարտեզը 10 պատվիրանները չԷ, այն կշարունակվի փոխվել ու փոխվել: 

-Որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ Շոտլանդիայի անկախանալու փաստը ազդեցություն կունենար, օրինակ, Կատալոնիայի վրա, որը նույնպես ձգտում է անկախանալ Իսպանիայից: Կատալոնացիները չե՞ն հիասթափվի այս հանրաքվեից: 

-Ոչ, այդ գործընթացը շարունակվելու է: Կատալոնիայում այլ կերպ է. Իսպանիան չի թույլատրում իրականացնել անկախության հանրաքվե նրանց մոտ, ինչպես նաեւ Բասկոնիայում եւ Կորսիկայում: Սակայն Կատալոնիայում եղել են եւ կան շատ մարդիկ, որոնք ձգտում են անկախության, փորձում են հասնել դրան, եւ, ինչպես ղարաբաղցիները երբեւէ չեն վերադառնա Ադրբեջանի կազմ, այնպես էլ կատալոնացիները երբեք չեն փոխի իրենց մտադրությունը:

Ռուսլան Թաթոյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930