Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծվել է մի անպատասխանատու իրավիճակ». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 20,2014 09:58
Rafik petrosyan

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
   
-Այսօր շատ է շահարկվում այն հարցը, որ կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցներից շատերը ժամանակին պաշտպանել են կիսանախագահականը։ 

-Ժամանակին շատերը, այդ թվում եւ ես, իրոք համարել ենք, թե Հայաստանը չպետք է անցում կատարի խորհրդարանական համակարգի` նկատի ունենալով, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ինչը պահանջում է արագ որոշումների կայացում:

Սակայն տարբեր երկրների, մասնավորաբար Գերմանիայի փորձը ուսումնասիրելուց հետո համոզվեցի, որ մեր անվտանգության խնդիրները կարելի է լուծել վարչապետին հատուկ գործառույթներ տրամադրելով, նաեւ Ազգային ժողովում հատուկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծմամբ, որը եւ կա: 

Բայց չէ՞ որ անվտանգության խնդրից բացի շատ կարեւոր հարց է Հայաստանի տնտեսության զարգացումը: Ներկայիս իրավիճակն այլեւս անհնար է շարունակել, պետք է կոնկրետ քայլեր կատարել երկրի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, դրանով իսկ կանխել սոցիալական լարվածությունը, արտագաղթը։

-Կարծում եք, որ սահմանադրական բարեփոխումներով կամ երկրի կառավարման կարգը փոխելո՞վ պետք է զարգացնել երկրի տնտեսությունը:

-Իհարկե, որովհետեւ գործող սահմանադրության որոշ դրույթներ ուղղակիորեն խոչընդոտում են մեր երկրի զարգացմանը: Կիսանախագահական համակարգում նախագահը ամբողջությամբ ղեկավարում է կառավարության գործունեությունը, բայց կառավարության վատ աշխատանքի համար քաղաքական պատասխանատվություն չի կրում: Նույն կերպ սահմանադրության մեջ ամրագրված չէ նաեւ կառավարության պատասխանատվության հարցը: 

Երկրի տնտեսությունը չի զարգանում, չեն վերականգնվում մեր տնտեսության համար կարեւոր գործարանները՝ «Նաիրիտը», Վանաձորի քիմկոմբինատը, մարդիկ աշխատանք չունենալով` արտագաղթում են, բայց գործադիրը այդպես էլ պատասխանատվություն չի կրում իր չարածների համար, քանի որ, սահմանադրության համաձայն, նախագահն ինքն է կազմում կառավարություն, բնականաբար չի էլ ցանկանում պատասխանատվության ենթարկել գործադիրի ղեկավարին: 

Մեզ համակարգային փոփոխություն է հարկավոր, որի շնորհիվ կառավարման լծակը կտեղափոխվի խորհրդարան: Կառավարությունն էլ ամեն տարի պետք է հաշվետվություն ներկայացնի Ազգային ժողովին ու իր չարածների համար հենց խորհրդարանի կողմից ենթարկվի պատասխանատվության: 

Խորհրդարանում կան տարբեր կուսակցություններ, այդ թվում՝ ընդդիմադիր, որոնք կբարձրացնեն չարաշահումներ, անփույթ աշխատանք կատարած կառավարության հրաժարականի հարցը, կպահանջեն պատասխանատվության ենթարկել անգործունյա վարչապետին, նախարարներին: Իսկ այսօր մարդիկ 5 տարի ղեկավարում են, ոչինչ չեն անում ու պատասխանատվություն էլ չեն կրում: Ստեղծվել է մի անպատասխանատու իրավիճակ: 

Արմինե Սիմոնյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930