Լրահոս
Օրվա լրահոսը

Անժմի

Սեպտեմբեր 20,2014 17:00

Այսինքն թե՝ ժամանակից դուրս. վերաբերում է գիշերահավասարին, երբ երեք օր ժամանակը կանգ է առնում, երբ ո՛չ ցերեկն է երկարում եւ ո՛չ գիշերը՝ կարճանում: Թեեւ ժամանակը կանգ է առնում, բայց մենք շարունակում ենք ապրել:

Հին ինկերն այդ օրերին ազատ էին բոլոր պարտականություններից, ե՛ւ թագավորը, ե՛ւ ստրուկը նույնիսկ: Այդ օրերին ամեն ինչ թույլատրվում էր՝ պարտք վերցնել ու չվերադարձնել, սուտ խոսել ու չպատժվել, խոստանալ ու չկատարել, չէ՞ որ ժամանակից դուրս էին:

Ժամանակը կանգ էր առել, բայց շարժումն ու ժամանակը միշտ վերադառնում են, եւ իրենց հետ վերադառնում է նաեւ մեր հիշողությունը անժամանակ օրերի մասին, ուր մենք նորից հայտնվում ենք իրար դեմ դիմաց եւ հասկանում, որ շատերս միշտ էլ ժամանակից դուրս ենք ապրել…

Ժամանակից դուրս, մի օր մեր գյուղի ցուլը եւ Բալխո գյուղի գոմշացուլը կռվեցին. ուժի ընտրություն էր: Երկու գյուղով հավաքվել-ուզում էին բաժանել. անասունն ափսոս էր: Արեւի տակ փայլում էր փոքրամարմին ցուլի ձիգ մեջքը, եւ լսվում էր գոմշացուլի հզոր թառանչը: Տղամարդիկ ամեն ինչ արեցին, որ բաժանեն կռվողներին, բայց չկարողացան: Գոմշացուլը վերջում հրեց, հրեց ցուլին ու ցած գցեց քարափից: Հետո հայտնի չէ՝ հաղթողի՞, թե՞ պարտվածի արյունախեղդ ձայնով հսկա գոմշացուլը բառաչեց դեպի երկինք ու ընկավ պատառոտված փորով՝ թպրտալով սեփական արյան մեջ…

Եվ դա ժամանակից դուրս էր…

Իսկ գետափին, ոտքերը հոսող ջրի մեջ կախած, դեռեւս կանաչ շիվը ձեռքին, ջրերի հետ խաղալով, կարծես ինքն իր համար խոսում էր մեր գյուղի հարյուրամյա Մանիկ տատմերը. Հազար ծնունդ ընդունեցի իմ կյանքում, բայց չճանաչեցի նրանց կյանքը, ինչպես որ չկարողացա բռնել ջուրը հոսող, որ մեր կյանքի ժամանակն է… Ու չգիտեմ՝ ես գտա՞, թե՞ կորցրեցի, եթե կորցրել եմ՝ ի՞նչ էր եւ ո՞վ գտավ, իսկ եթե գտել եմ՝ ո՞ւմ կորցրածն էր:

ՄԵՐՈՒԺԱՆ
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930