Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանն ապացուցել է, որ ինքը ՀՀ ոստիկանապետն է, ոչ թե իշխանության»

Սեպտեմբեր 20,2014 16:30

Էդուարդ Շարմազանովը՝ եռյակ դարձած քառյակի,
ԲՀԿ-ի հավակնությունների եւ ոստիկանապետի «սառը ցնցուղի» մասին

– Իշխող ՀՀԿ-ի ջանքերն ապարդյուն չանցան. կարծես թե ստացվում է ՀՅԴ-ին քառյակից պոկելը, քանզի ՀՅԴ-ն չի մասնակցի ոչ հոկտեմբերի 10-ին կայանալիք համատեղ հանրահավաքին, ոչ էլ ընդդիմադիրների մարզային այցելություններին:

– Չեմ կարծում, որ այստեղ իշխանության ջանքերի խնդիր կա, որովհետեւ ՀՅԴ-ն պաշտպանում է մի տեսակետ, որը պաշտպանում է վերջին 20 տարիների ընթացքում: Եվ քառյակի՝ եռյակի վերածվելը, եթե կարելի է այդպես ասել, կամ գոնե այս փուլում սահմանադրական բարեփոխումների հետ կապված ՀՅԴ-ի տեսակետը որեւէ կապ չունի իշխանության գործունեության հետ: Մանավանդ, որ ՀՅԴ-ն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է իր տեսակետը:

Ես կարծում եմ, որ պետք է զարմանալ ոչ թե ՀՅԴ-ի տեսակետի վրա, այլ այն երկու քաղաքական ուժերի, որոնք նախագահական ընտրություններից առաջ խոսում էին խորհրդարանական համակարգին անցնելու, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, իսկ այսօր հրաժարվում են: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի տեսակետները հստակ են. մենք վերջին շրջանում միշտ ասել ենք, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Ուստի ՀՅԴ-ի՝ սահմանադրական բարեփոխումները պաշտպանելու մեջ որեւէ բան չեմ տեսնում, ոչ էլ այդ գործընթացներում իշխանության «մատը խառը» լինելու հանգամանք եմ տեսնում: Իշխանությունն արել է այն, ինչը մինչեւ 2013 թվականը եղել է քաղաքական եւ հասարակական ուժերի պահանջը՝ եւ ԲՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն, եւ «Ժառանգությունը» խոսում էին սահմանադրական բարեփոխումների եւ սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտության մասին: ՀԱԿ-ի դիրքորոշումը լավ չեմ հիշում: Ավելին, ԲՀԿ-ի ծրագրում խորհրդարանական համակարգին անցնելու մասին դրույթ կա: Դրա մասին իրենք խոսում էին նախագահական ընտրություններից առաջ, ինչպես ՀՅԴ-ն, ու համարում էին, որ Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն էլ հենց կառավարման համակարգն է: Մինչդեռ հիմա 180 աստիճանով իրենց կարծիքները փոխել են: Այնպես որ՝ բոլոր հարցերը պետք է ուղղել հենց այն ուժերի ներկայացուցիչներին, ովքեր փոխել են կարծիքները եւ ասում են, որ հիմա ժամանակը չէ:

– Իսկ նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը վերաճի կոալիցիոն համագործակցության:

– Այսօր մեր օրակարգում կոալիցիոն կառավարության ձեւավորման խնդիր չկա: Բայց ես չեմ կարող իսպառ բացառել առաջիկայում նման զարգացումները: Ինչ վերաբերում է համագործակցության գաղափարին, երբ նոր կառավարությունն էր ձեւավորվում, իբրեւ ՀՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչ՝ ես նշեցի, որ ՀՀԿ-ն տեսնում է մի քանի կուսակցության հետ համագործակցության տարբերակներ՝ փուլայինից մինչեւ ամբողջական: Այն ժամանակ էլ ՀՀԿ-ն ոչ միայն ՀՅԴ-ի, այլ նաեւ ԲՀԿ-ի հետ քննարկում էր համագործակցության եզրերի հարցը: Արդյունքում հանգեցինք այն որոշմանը, ինչ ունենք այսօր: Թե ի՞նչ կլինի ապագայում՝ ժամանակը ցույց կտա: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, եւ պետք չէ կենտրոնանալ միայն ՀՀԿ-ՀՅԴ միասնության վրա: Եթե թերթենք ոչ վաղ անցյալի պատմությունը, ապա պառլամենտում ՀՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ համագործակցել է՝ բացի «Ժառանգությունից»: Քաղաքական ուժերի ծրագրերը եւ առաջնահերթությունները քաղաքական պահն է թելադրում:

– Իսկ «Ժառանգության» երեք պայման-առաջարկները՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ՀՀԿ-ում քննարկվե՞լ են: Ի՞նչ վերաբերմունք կա:

– Մինչեւ ամսի 15-ը մենք կոռեկտ չենք համարում սահմանադրական բարեփոխումների բովանդակության մասին խոսելը: Երբ կլինի վերջնական փաստաթուղթը, մասնագետներն իրենց կարծիքը կհայտնեն, մենք մասնագիտական խմբի հետ կրկին կհանդիպենք եւ կքննարկենք ու նոր կանդրադառնանք մնացյալ հարցերին:

Բայց ես կրկին ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ սահմանադրական բարեփոխումներին վերաբերող փաստաթուղթը «վերեւից» իջեցված չէ, ՀՀԿ-ն չի որոշել՝ սա այսպես պետք է լինի, նա՝ այնպես: Առաջին անգամ ստեղծվել է մասնագիտական խումբ, որը քաղաքական ուժերի, հասարակության հետ քննարկել է առաջնահերթություններն ու ստեղծել նոր համակարգ: Այն, որ մեր երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ փաստ է, բայց առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ գնալ համակարգային փոփոխությունների: Կարծում եմ՝ առաջիկա ամիսների թիվ մեկ քաղաքական կռվանը կլինեն հենց սահմանադրական բարեփոխումները. շատ կլինեն եւ լուրջ վերլուծություններ, եւ դեմագոգիկ հայտարարություններ եւ այլն: Այստեղ լուրջ անելիք ունեն մասնագետները՝ դրական եւ բացասական կողմերը հասարակությանը ներկայացնելու առումով:

– Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, որտեղ սահմանադրական բարեփոխումների մասին ԲՀԿ առաջնորդն ասաց՝ փաստաթուղթը կլինի՝ կխոսենք, ո՞ր ոլորտում եք դիտարկում՝ լուրջ վերլուծությա՞ն, թե՞ դեմագոգիկ հայտարարությունների: Ի դեպ, մինչ այդ հարցազրույցը ԲՀԿ-ականներն ասում էին, որ բովանդակային քննարկման մեջ չեն մտնում, քանզի կարծում են, որ հիմա սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ: Ի՞նչ են նշանակում ԲՀԿ-ի սեթեւեթանքները:

– Ես չեմ ուզում կենտրոնանալ ԲՀԿ կուսակցության առաջնորդի հարցազրույցի վրա: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ «դեմ» կամ «կողմ» լինել որեւէ հարցի: Մենք չենք զարմանա, որ ԲՀԿ-ն «դեմ» լինի, քանզի խորհրդային համակարգում չենք ապրում, որ ասենք՝ էս ինչի՞ բոլորը մեզ հետ չեն: Փաստաթուղթը կդրվի հանրաքվեի, մենք կքարոզենք «կողմ» լինելը, ով որ «դեմ» է՝ կքարոզի «ոչ»-ը, ժողովուրդն էլ կորոշի: Մենք ինչ-որ կուսակցության կամ անձի դեմ չենք գործում, մեր խնդիրը երեւույթների դեմ է, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանն ավելի ժողովրդավար դառնա: Իսկ այն, որ կա խնդիր նաեւ Սահմանադրության մեջ, փաստ է: Այնքան էլ այդպես չէ, որ գործող Սահմանադրությունն էլ է հնարավորություններ տալիս: Ես կարող եմ նստել եւ բացատրել այդ փաստարկը բերողներին, թե առաջարկվող փոփոխություններն ի՞նչ առավելություններ ունեն գործող փաստաթղթի նկատմամբ:

Բայց ինձ համար զարմանալին այն է, որ ԲՀԿ-ից էլ, ՀԱԿ-ից էլ քիչ թե շատ լուրջ մարդիկ հայտարարում են, թե «դեմ» են՝ այն պարագայում, երբ փաստաթուղթ չկա, նույնիսկ պարզ չէր՝ ո՞ր համակարգն է ընտրվել:

Իրենք ասում են՝ հիմա ժամանակը չի: Ինչո՞ւ հիմա՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իշխանությանը, այլ այն ուժերին, որոնք 1-1,5 տարի առաջ պահանջում էին սահմանադրական բարեփոխումներ: Իրենց պետք է հարցնել՝ ի՞նչն է փոխվել, կարո՞ղ է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում 50 տոկոս տնտեսական աճ էր, վիճակը շատ լավ էր… Եթե հիշենք իրենց ելույթները՝ դրանք այն ժամանակ շատ ավելի ռադիկալ էին, ու այնպես չէր, որ այն ժամանակ սոցիալ-տնտեսական վիճակն ավելի լավն էր: Կամ՝ ո՞վ է ասել, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը խանգարում է սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներին: Սահմանադրական բարեփոխում անելը չի նշանակում, որ վարչապետը՝ իր թիմով, ու խորհրդարանը պետք է բանալիները հանձնեն ու տուն գնան: Ի՞նչ կապ ունի սահմանադրական բարեփոխումը սոցիալ-տնտեսական վիճակի հետ: «Դեմ» են՝ «դեմ» են, խնդիր չկա, բայց ներկայացվող փաստարկները ծիծաղելի են:

– Հիմնական կռվանն իշխանության վերարտադրությունն է:

– Ես չեմ ցանկանում կոռեկտությունն անցնել ու անգրագետներ անվանել, բայց նման բան ասողները կամ քաղաքականությունից հեռու են, կամ ինչ-որ բան են լսել ու շահարկում են: Նախ՝ իշխանությունն ու ընդդիմությունը վերարտադրվում են ընտրությունների միջոցով: Ես ստիպված եմ շնորհակալություն հայտնել իրենց, որ ՀՀԿ-ի ու նրա նախագահ Սերժ Սարգսյանի շանսերն այդքան բարձր են գնահատում ու կանխորոշել են, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է ու վերարտադրվելու է: Բայց ես չեմ հասկանում՝ 2017-ին ՀՀԿ-ն չի՞ կարող վերարտադրվել գործող համակարգով: Կամ՝ ո՞ր իշխող քաղաքական ուժն է հայտարարում, որ որոշել է չվերարտադրվել ու գնալ ընդդիմություն: Աշխարհում նման բան կա՞: Չկա: Դրա համար կան ընտրություններ: Իրենք, ի՞նչ է, առաջարկում են՝ հայտարարենք, որ 2017-ին ՀՀԿ-ն ընտրությունների չի՞ մասնակցելու: Ընտրություն է, մրցակցություն է, կարո՞ղ ես՝ հաջողության հասիր եւ հաղթիր, անօրինակա՞ն է՝ ասա, խնդիր չկա:

Բայց մի բան էլ կա՝ մեծ-մեծ խոսում են, հետո ընտրություններին չեն մասնակցում:
Ի դեպ, քաղաքական թոշակառու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերարտադրությունը խանգարողներին «փակելու» հարուստ փորձ ունի. իր իշխանության տարիներին ՀՅԴ-ն ու մի շարք լրատվամիջոցներ փակվեցին: Բայց մենք ազատ մրցակցության կողմնակից ենք:

– ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցը շատերը որակեցին նախագահի թեկնածուի նախընտրական ճառ: Նաիրա Զոհրաբյանն էլ չէր բացառել, որ ԲՀԿ-ն հավակնի նախագահի աթոռին: Գուցե հենց դա՞ է պատճառը, որ կառավարման համակարգի փոփոխության համար հարմար ժամանակ չէ:

– Այլ քաղաքական ուժերի ծրագրերն ինձ չեն հետաքրքրում: ՀՀԿ-ն ունի իր օրակարգը: Մի առիթով ասել եմ՝ ՀՀ-ում վաղուց անցյալում են այն ժամանակները, երբ մեկ քաղաքական կամ կուսակցական գործիչն է որոշումներ կայացնում: Այժմ վճռորոշը քաղաքական կուսակցության եւ թիմի դերն է լինելու, պարտավորություններն ու պատասխանատվությունը կոլեգիալ են լինելու: Մենք բաց, հրապարակային, մրցակցային ընտրապայքարի կողմնակից ենք, եւ ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ տանող քաղաքական ուժ մնալու համար:

– Հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքն է լինելու: Այդ օրը զուտ քննադատությո՞ւն եք սպասում:

– Հանրահավաք է, պետք է անեն: Ի՞նչ սպասել: Դա կլինի հերթական հանրահավաքը:
Ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է հայտարարի, թե ինչ է լինելու ապօրինությունների ժամանակ: ՀՀ-ում բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության սահմաններում, իսկ մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին խաղաղ հանրահավաքներ եւ երթեր անել:

– Իսկ սառը ցնցուղի մասին ոստիկանապետի հայտարարությունը սպառնալիք չէ՞ր:

– Ոչ: Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, կարծում եմ, տեղավորվում է պատասխանատվության եւ տրամաբանության շրջանակներում: Վլադիմիր Գասպարյանն իր գործունեությամբ ապացուցել է, որ ինքն այն ոստիկանապետն է, որի կառավարման շրջանում որեւէ մեկի քիթը գետնին չի առել: Ավելին՝ ապրիլի 9-ի միջոցառմանը Վլադիմիր Գասպարյանն իրեն դրսեւորեց նախ՝ որպես ՀՀ քաղաքացի, պրոֆեսիոնալ գործիչ, քրիստոնյա մարդ: Վլադիմիր Գասպարյանն ապացուցել է, որ ինքը ՀՀ-ի ոստիկանապետն է, ոչ թե իշխանության: Այդ իմաստով նա պետք է անի այն, ինչին երդում է տվել՝ օրենքի սրբազան պաշտպանություն: Ոստիկանապետի խոսքն ուղղված չէր ժողովրդի դեմ, այլ նրանց, ում մտքով կարող էր անցնել օրենքը խախտել:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Վլադիմիր Գասպարյանը այնքանով է ՀՀ ոստիկանապետ, ինչքանով դու ՀՀ ԱԺ փոխնախագահն ես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930