Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ խորհրդային ժամանակների այլախոհ Ազատ Արշակյանը:
Արամ Աբրահամյան.– Ամենատարածված բանը, որ ասվում է Հայաստանի եւ այլ հետխորհրդային հանրապետությունների անկախության մասին, այն է, որ դա մենք չենք նվաճել, այսինքն՝ մենք չենք խնդրել մետրոպոլիային, թե՝ սիրելի ռուսներ, մենք որոշել ենք անկախանալ, հանրաքվե ենք անցկացրել եւ անկախացել, այլ մետրոպոլիան ինքը փլուզվեց, եւ մենք այդ փլուզումից օգտվեցինք: Համաձա՞յն եք, որ մենք մեր քրտինքով չենք նվաճել մեր անկախությունը:
Ազատ Արշակյան.- Նվաճելը մի բացատրություն ունի` հայկական պետության, այսինքն՝ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության գոյությունն արդեն նվաճում էր, որովհետեւ այն ռեժիմը, որը նախատեսված էր Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրով, դա մարման ռեժիմ էր: Ենթադրվում էր, որ որոշակի ժամանակ հետո հայ ժողովուրդը կլքի անկենսունակ հանրապետության ռեզերվացիայի տարածքը եւ կսփռվի աշխարհով մեկ, չի լինի բնակչությունը, չի լինի գլխացավը, բայց Հայաստանի ժողովուրդը, ի հեճուկս այդ ծրագրի, կարողացավ պահել, պահպանել եւ նույնիսկ զարգացնել եւ բավականին հզորացնել այդ հանրապետությունը, դրանով արդեն մենք կանգնեցրինք աշխարհին փաստի առաջ` մենք պահանջում էինք, մենք նվաճել էինք արդեն:
Ա. Ա.- 1991-ին մենք այդքան չե՞նք տանջվել, չէ՞, նվաճելու համար:
Կարդացեք նաև
Ազատ Արշակյան.- Դրանից առաջ տանջանքներ էին, ամբողջ 70 տարին տանջանք էր, դրանից հետո, իհարկե, Սովետական Միությունը փլուզվեց, անհեթեթ է ասել, որ մենք դա չքանդեցինք, Սովետական Միությունը քանդվեց իր ներքին խնդիրների եւ իր հակառակորդի ծանր հարվածների պատճառով՝ սառը պատերազմի արդյունքում: Բայց մենք կարող էինք չպահանջել եւ չստանալ այդ պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, եթե դրա կարիքը չէինք զգում: Բայց դա մեզ համար ոչ միայն պատվի խնդիր էր, այլ նաեւ վաստակել էինք այդ իրավունքը:
Ա. Ա.– Համաձա՞յն եք, որ մենք ինչ-որ ջանքեր գործադրել էինք, որպեսզի անկախանանք:
Համլետ Հարությունյան.- Անկախության ձգտման սաղմեր կային, անհատներն են հենց ամեն ինչի սկզբնավորողը, եւ մեր անկախությունը օբյեկտիվ օրինաչափության հետեւանք է, կայսրությունը փլուզվեց, եւ բնականաբար… պրակտիկորեն անհնարին էր Ռուսաստանի կազմում մնալը, որովհետեւ փլուզված պետության ինչի՞ հետ մնաս, Ռուսաստանն էլ արդեն գրեթե պետական կառույցներ չուներ:
Ազատ Արշակյան.– Ռեպլիկի կարգով ասեմ, որ որոշ հանրապետություններ քվեարկություն անցկացրեցին գարնանը՝ մնալու համար, բայց դրանք էլ անկախացան:
Հ. Հ.- Ես կարող եմ ավելացնել, որ կային կառավարման պրոցեսներ, ինչպես փլուզումն էր կառավարման պրոցես, այնպես էլ հանրապետությունների բախտի որոշումը: Սովետական Միության փլուզումը կամ այս հանրապետությունների անկախության ձեռք բերումը հո տարերային շարժում չէ՞ր, դրանք նույն կենտրոնից էին կառավարվում, այդ կենտրոնը մինչեւ հիմա ոչ ոք չգիտի` որտեղ է, որովհետեւ կա համաշխարհային կառավարություն, որում գործընթացներ, համաշխարհային պրոցեսներ են ղեկավարվում, այնպես որ՝ ուզեինք, թե չուզեինք, մենք պետք է անկախանայինք:
Ազատ Արշակյան.– Ես համաձայն եմ, որ, բարեբախտաբար, կառավարվող էր փլուզումը, քաոս եւ իրական փլուզում չեղավ հիմնականում, դա մեծ բարեբախտություն է, եւ դա կառավարվում էր ե՛ւ տեղում, ե՛ւ, ասենք, աշխարհի գերհզոր պետությունների օգնությամբ, մենք գիտենք, որ կար ՄԱԿ-ը, կար Եվրոպայի հետ համագործակցության կազմակերպությունը, այն ժամանակ ուրիշ ձեւով էր կոչվում, եւ կար, իհարկե, ՆԱՏՕ-ն. դրանք բոլորը թույլ չէին տալիս, որ քաոս առաջանա, ինչպես դա տեղի ունեցավ 1917 թվականի հոկտեմբերից հետո:
Քննարկումն ամբողջությամբ`
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։
«Առավոտ» օրաթերթ
19.09.2014