ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, որ արտագաղթի տեմպերը ամենեւին էլ չեն ահագնանում, եւ որ պետք չէ գուշակությամբ զբաղվել, գոյություն ունի վիճվարչություն, որը հստակորեն հրապարակում է թվերը: Մի կողմ թողնելով պաշտոնական տվյալները` արտագաղթի նկատմամբ, այսպես ասած, զգայուն մի քանի կառույցների պատասխանատուներից` Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են ցույց տալիս իրենց դիտարկումները, ի վերջո՝ կա՞ արտագաղթ, թե՞ ոչ: Նշենք, որ այս կառույցները թաղային խանութներից հետո մի այլ կերպ են արձագանքում արտագաղթին՝ այն իմաստով, որ թատրոնն ամեն անգամ տոմսեր վաճառելիս զգում է մոտավորապես, թե որքան մարդ է մնացել քաղաքում: Գյումրին այն բացառիկ քաղաքներից է, որտեղ թատրոն են հաճախում թե խոպանչին, թե հավաքարարը եւ թե ինտելիգենտը: Իսկ բուհերը բավական ճշգրտությամբ արտացոլում են քաղաքում մնացած երիտասարդների թիվը: Իհարկե, բուհերի ղեկավարությունը հաշվարկ կատարելիս հաշվի են առնում այն հանգամանքը, թե որքան ուսանող են Գյումրիից գնում սովորելու մայրաքաղաքում: Նկատենք, որ Գյումրու պետական բուհերում բավական ողբալի վիճակ է, որոշ բաժիններ փակման եզրին են, որոշ դասախոսներ՝ կրճատման վտանգի տակ, դասաժամեր հասնել-չհասնելու համար ահավոր կռիվ է մղվում:
Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի վիճակը ուսանողների թվաքանակի առումով բավականին բարվոք է: Ըստ տնօրեն Սամսոն Դավոյանի՝ իր գլխավորած կառույցում 12 տոկոսով ավելացել է ընդունվող ուսանողների թիվը: Չնայած սրան՝ բուհի ՀՀԿ-ական տնօրենը չի կարող չփաստել, որ արտագաղթը ազդում է նաեւ իր կառույցի գործունեության վրա: Տնտեսագետ Սամսոն Դավոյանի ասելով՝ ՀՀ կառավարությունը մեծ անելիքներ ունի Շիրակի մարզում, քանի որ այս տեղանքը արտագաղթի, աղքատության մակարդակով ՀՀ-ում առաջին հորիզոնականում է: Ըստ մեր զրուցակցի՝ մեր կառավարման մարմինները հնարավորինս շատ սոցիալական ծրագրեր պետք է իրականացնեն հենց այս մարզում, քանի որ բուհի բնականոն գործունեության վրա ազդում է նաեւ սոցիալական գործոնը: Տնօրենը հիշում է մի տխուր պատմություն` կապված սոցիալապես ծանր վիճակում գտնվող ուսանողի հետ: «Հայերի մենթալիտետի կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, որ ձգտում է՝ իր երեխան հնարավորինս լավ կրթություն ստանա, լավ մարդ դառնա: Ես չեմ մոռանում մի դեպք. մի կին եկել էր, թե՝ գիտեք, էս անգամ մենք չենք կարողանա ուսման վարձը մուծել: Հարցրի՝ ինչո՞ւ, ասաց` վերջին կովը անցած տարի ծախեցի, էլ կով չունեմ: Իհարկե, մենք գտանք հովանավորներ, օգնեցինք, բայց Շիրակի մարզին սոցիալ-տնտեսական լուրջ ծրագրեր են պետք», – ասում է Ս. Դավոյանը:
Կա՞ արտագաղթ, թե՞ ոչ՝ մեր այս հարցին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ասում է. «Իհարկե, կա, արտագաղթը մենք զգում ենք, մեր քաղաքի հանդիսատեսն էլ է պակասել: Դա շատ պարզ հասկացվում է, նույնիսկ մենք փորձում ենք մեր ձեւով կանխել էդ ամենը: Ներկայացումներ ունենք, որոնք հենց խոսում են արտագաղթի մասին: Ճիշտ է` արտագաղթը խանգարում է, հանդիսատեսը չի գալիս, քաղաքում պակասել է ժողովուրդը, բայց էն մարդիկ, որոնք մնացել են էստեղ, եւ թատրոնը շարունակում է ստեղծագործել նրանց համար, փորձում ենք մեր ձեւով կանխել գոնե նրանց արտագաղթը: Հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ ներկայացումները լինեն անկեղծ ու լավատես: Գիտեք, որ մեր կյանքը հոգսաշատ է, ու եթե հանդիսատեսը թատրոն գա ու եւս մեկ անգամ շատ տխրի, պրոբլեմների մասին իր հետ խոսենք… Դրա համար ներկայացումներ ունենք, որոնք շատ լավատեսական են, թեթեւ են, ժամանցային: Սա մեր պայքարի ձեւն է, թե որքանով կստացվի՝ կտեսնենք»:
Ի դեպ, արտագաղթը Գյումրիում այն բացառիկ թեմաներից է, որի մասին ազատ ու անկեղծորեն խոսում է թե ՀՀԿ-ականը, թե ԲՀԿ-ականը, թե օլիգարխը եւ թե մուրացկանը: Պատճառը թերեւս հասկանալի է. Գյումրիում կուսակցությունների լիդերները կուսակցականներ գտնելու խնդիր ունեն, օլիգարխները՝ բիզնես պահելու… Իսկ Գյումրիում համատարած ամեն ինչ վաճառքի է հանված` տներ, խանութներ, հացի փռեր, խմորեղենի արտադրամասեր, բոստաններ, հարակից գյուղերում՝ նույնիսկ կով ու ոչխարներ, համենայնդեպս՝ այս մասին փաստում են տեղի թերթերի հայտարարությունները:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2014