Լրահոս
Օրվա լրահոսը

Արան ու Տաթեւիկը մանկատնից տուն են գնացել

Սեպտեմբեր 20,2014 15:00

Ծնողների ամուսնալուծությունից 2 երեխաները հոր «թեթեւ» ձեռքով հայտնվում են Գավառի մանկատանը: Քույր ու եղբայր՝ Արան ու Տաթեւիկը, մանկատունն իրենց ընտանիքը համարելով, չէին էլ պատկերացնում, որ մի օր կտեսնեն իրենց մայրիկին, ավելին՝ կվերադառնան ընտանիք:

«Երբ գտանք երեխաների կենսաբանական մորը՝ պարզվեց, որ նա տեղյակ չէր, թե որ մանկատանն են երեխաները: Սկզբում վախեցած մտածում էր, որ մանկատունը փակ մի հաստատություն է, որտեղ թույլ չեն տալիս այցելել եւ տեսնել երեխաներին»,-«Առավոտի» հետ զրույցում պատմեց Գավառի մանկատան հոգեբան Արմինե Բուդումյանը: Հոգեբանի խոսքերով՝ երբ երեխաների մորը գտել են, պարբերաբար այցելություններ են կազմակերպել երեխաների մոր համար, նրա հետ հոգեբանական աշխատանք տարել, եւ արդեն մեկ ամիս է, ինչ մայրը երեխաներին տուն է տարել: Արմինե Բուդումյանի ներկայացմամբ՝ երեխաներից մեկը մոր կալանավորման պատճառով է հայտնվել Գավառի մանկատանը. «Կալանքից դուրս գալուց հետո վերցնում է երեխային, բայց նորից կալանավորվում եւ 10 տարեկան երեխան՝ 2 անգամ սթրեսի ենթարկվելով, հայտնվում է մեզ մոտ»:

Mankatun-2

Նշենք, որ Գավառի մանկատուն մեր այցելությունը կազմակերպել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Գավառի մանկատանն ապրող 68 երեխաներն էլ ընտանիք վերադառնալու հույսով են ապրում: Այստեղ բնակվող երեխաներից շատերը մանկատանն են հայտնվել միայնակ մոր զավակ լինելու պատճառով: Մանկատան սաներից մի քանիսն էլ, պարզվեց, ծնողազուրկ են եւ ապրելու այլ տեղ չունեն: Անտուն մի կնոջ երեք երեխաներին էլ մայրը ժամանակ առ ժամանակ այցելում է, սակայն չի կարողանում նրանց հետ վերցնել՝ սոցիալական պայմաններից ելնելով:

Ըստ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի՝ մանկատան սաներից վեցն արդեն ծառայում են հայոց բանակում. «Մեկ տղա էլ ունեինք, որ երբ զորացրվեց, ցանկություն հայտնեց զինվորական ծառայության անցնելու եւ այժմ աշխատում է ու ապրում առանձին սպայական կազմի համար նախատեսված բնակարանում»:

Երկկողմանի նյարդահոգեբանական խնդիրներ ունեցող ծնողներից ծնված մեկ տղա էլ, ըստ հոգեբանի, վերջերս է զորացրվել, եւ ինչպես բժշկական հետազոտության արդյունքն է ցույց տվել, դեռեւս ոչ մի առողջական խնդիր չունի:

Մանկատանը ապրող երեխաները՝ չափահաս դառնալուն պես, տեղափոխվում են այլ հաստատություններ. «Եթե աղջիկ է, տեղափոխվում է «Մեր տուն» հասարակական կազմակերպություն, սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում: Տղաների խնդիրը ավելի բարդ է՝ մեզ մոտ պահում ենք այնքան ժամանակ, մինչեւ որեւէ գործ ենք գտնում»,- ասաց Նիկոլայ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ իրենց նպատակն է երեխաներին ընտանիք վերադարձնել, կամ եթե ընտանիք չեն վերադառնում, օգնել՝ մինչեւ կանցնեն ինքնուրույն կյանքի:

Մանկատան հոգեբանի խոսքերով էլ՝ աղջիկ երեխաներից մեկն էլ մոր առողջական խնդիրների պատճառով էր ընկել մանկատուն. «Մայրը պարբերաբար այցելում էր աղջկան, եւ երբ աղջիկը ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն, տեղափոխվեց մոր մոտ ու հիմա եւ մոր խնամքն է իրականացնում, եւ նաեւ սովորելուն զուգընթաց աշխատում է»:

Պարոն Նալբանդյանը ասաց, որ շուտով մանկատան մի սան չափահաս է դառնալու, սակայն աղջիկը կշարունակի ապրել մանկատանը, բայց այս անգամ՝ որպես խոհարարի օգնական. «Մանկատան սաներից եւս 2 հոգի ունենք, որ մեզ մոտ են աշխատում»:
Գավառի մանկատանը երեխաների օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ից: Հագեցած օրակարգի մեջ, բացի դպրոց գնալուց եւ դասապատրաստումից, մանկատան սաները մասնակցում են տարբեր խմբակների՝ երգի, պարի, թատերական արվեստի, փայտագործության, ձեռագործության: Աղջիկներից շատերը հաճախում են կար ու ձեւի դասերի, զբաղվում նաեւ գորգագործությամբ:

Մանկատան գրադարանը ունի 10 հազարից ավելի գրականություն՝ հայ եւ արտասահմանյան գրողների: Ըստ գրադարանավարուհի տիկին Շուշանիկի՝ երեխաները նախընտրում են կարդալ հեքիաթներ, արկածային եւ դետեկտիվ գրականություն. «Չնայած ես հաճախ խորհուրդ եմ տալիս հայ դասականների ստեղծագործությունները եւս կարդալ»:
Այս մանկատունն, ըստ տնօրենի, եւս ներառված է «Մանկատների բեռնաթափում» ծրագրում: 2005 թվականից սկսած՝ խնամատար ընտանիքներում այս մանկատնից ապրում են 10 երեխա: Ծրագրի գործարկումից հետո երկու քույրիկներ վերադարձել են կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի ընտանիք են վերադարձել 8 երեխա, խնամակալության հանձնվել 2 եւ մեկ երեխայի էլ որդեգրել են արտերկրից:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Պիտի կործանվի այն ազգն ու երկիրը, որ երեխաներ է որբացնում:10 տարեկան երբեմնի որբը կդնի չարի վերջի վերջակետը, եթե աշխարհը արագացում չդրսևորի:Թող որբանան բոլոր որբաստեղծ վամպիրները ցեղովի:Դա կյանքիս նպատակն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930