Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հմայքիցս ավելի շատ տուժել եմ, քան շահել»

Սեպտեմբեր 20,2014 14:00

Օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը
25 տարի անց կրկին կլինի հարազատ թատրոնի բեմում

«Բարեւ, թատրոն, գիտե՞ս՝ քեզ ոնց եմ կարոտել: Իսկ դու հիշո՞ւմ ես…», 25 տարի անց այսպես է սկսելու երկխոսությունը հարազատ թատրոնի ու հանդիսատեսի հետ հայկական օպերային արվեստի երախտավոր, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանը (լուսանկարում) իր հոբելյանական երեկոյին, որ կկայանա Ազգային օպերային թատրոնում, հոկտեմբերի 25-ին: Ընդ որում, հոբելյանական սցենարը կազմել են Էլվիրա Ուզունյանն ու եղբայրը՝ Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Լեւոն Ուզունյանը:

Այս բեմում 1962-89թթ. ճանաչված երգչուհին հանդես է եկել հայ եւ համաշխարհային օպերային գրականության շուրջ 30 դերերգերով:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա հիշեց վերջին դերերգը՝ Օլիմպիան՝ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդում». «Չէի ուզում բեմ բարձրանալ, Թատերական հրապարակում ժողովուրդս էր, որ վանկարկում էր՝ պայքար, պայքար մինչեւ վերջ: Ներկայացմանն իր շնորհն էր բերել Վազգեն Առաջին կաթողիկոսը… Մտածում էի՝ արդյոք հիմա իմ ելո՞ւյթն է կարեւոր, թե՞ լինել ժողովրդիս կողքին, ախր որոշվում էր հայերիս հետագա ճակատագիրը»:

uzunyan-2

Էլվիրա Ուզունյանն իր վերջին՝ Օլիմպիայի կերպարում:

Այնուամենայնիվ, հենց այդ թվականին մեկնեցիք ԱՄՆ` ռեպլիկին, երգչուհին ասաց. «Այո, մեկնել եմ, մասնակցել Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում կայացած բարեգործական համերգների՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Հետո վերադարձել եմ: Երեւանի կոնսերվատորիայի եւ Longy Scool of Music-ի միջեւ կնքած ուսանողների ու դասախոսների փոխանակման պայմանագրով դարձյալ մեկնել եմ Բոստոն, անցկացրել վարպետության դասեր: Ավելի ուշ այնտեղ հիմնել եմ «Օգնություն երիտասարդ տաղանդներին» կազմակերպոթյունը ու համագործակցել հայաստանյան «Նոր անունների» հետ: Տարիներ շարունակ այնտեղ հրատարակվող ռուսական «Կոնտրակտ» ամսագրում վարել եմ «Հայկական համայնքի լրատու» էջը, հետո էլ CD արտադրող «Sonora» աշխարհահռչակ ֆիրմայում թողարկել եմ 2 ալբոմ… Իհարկե, այս ամենը զուգահեռել եմ մենահամերգներիս ու անցկացված տարբեր միջոցառումների հետ: Իսկ եթե ուզում եք լսել, որ ընդմիշտ հեռացել եմ հայրենիքիցս՝ դա այդպես չէ… Չեմ հիշում որեւէ տարի, որ ես գոնե մի քանի ամսով չվերադառնայի տուն: Հիմա էլ տանս եմ: Սկսել եմ աշխատել ապագա գրքիս վրա»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ շնորհակալ է այն ամենի համար, որ հայրենիքն է տվել իրեն. «Թբիլիսիի Սարաջաշվիլու անվան կոնսերվատորիայի 3-րդ կուրսում էի, երբ ընդունվեցի Երեւանի օպերային թատրոն: Բնականաբար, գալիս-գնում էի, մինչ օրս էլ հիշում եմ պրոֆեսորիս՝ Բախուրաշվիլի-Շուլգինայի խոսքերը՝ աղջիկս, Գոհարի (նկատի ուներ Գոհար Գասպարյանին) կողքին լինելով՝ դու շատ ավելին կստանաս…»:
Մեծ հաշվով Ամերիկան ի՞նչ տվեց իրեն: «Այդ երկիրը միայն երկու անգամ ինձ, նաեւ ընտանիքիս անդամներին է պարգեւել կյանք՝ բառի իսկական իմաստով: Եվ այդ ամենը անվճար…»,- ասաց մեր զրուցակիցը:

Տիկին Ուզունյանին հիշեցրինք 2007թ. իր հետ մեր ունեցած հարցազրույցը, որտեղ նա փաստել էր Գյումրիում, Թբիլիսիում եւ Բոստոնում՝ տեղի հայկական եւ վրացական դեսպանատների կողմից կազմակերպված իր հոբելյանական երեկոների մասին: Այն ժամանակ հնչեցրած մեր ռեպլիկը՝ իսկ մեր թատրո՞նը…, այս անգամ էլ մնաց անարձագանք: Երգչուհին միայն ասաց, որ Երեւանի օպերային թատրոնում հոբելյանական երեկո նշելու գաղափարը իր մոտ ծագել է անցյալ տարի՝ հայկական օպերային արվեստի երախտավոր Ավագ Պետրոսյանի հոբելյանական երեկոյին, երբ բեմից հնչել է, որ Պետրոսյանի կերտած Սարոյի 18 Անուշներից մեկը (Ուզունյանը) դահլիճում է: «Այդ պահին հանդիսատեսը շրջվեց ու ծափողջույնների տարափի մեջ ես զգացի երկրպագուներիս կարոտը»,- հավելեց տիկին Ուզունյանը:

Օրերս երգչուհին ներկա էր Ազգային օպերային թատրոնում Տիգրանյանի «Անուշի» ներկայացմանը, խնդրեցինք իր կարծիքը բեմադրության մասին, քանի որ Ուզունյանն առաջին անգամ էր դիտում Գեղամ Գրիգորյանի բեմադրությունը: Նա ոչինչ չասաց ներկայացման մասին, իսկ ասվածն էլ՝ «Թատրոնին անհրաժե՛շտ է գլխավոր ռեժիսոր, իսկ այլ բեմադրիչներ թող գան, իրենց աշխատանքը կատարեն ու գնան», մտորումների տեղիք է տալիս:

Էլվիրա Ուզունյանին փոխանցեցինք ժամանակին Գոհար Գասպարյանի պատասխանը, թե իր ու Տաթեւիկ Սազանդարյանի «լեգենդար» վեճերը այսօրվա համեմատ հրեշտակների երկխոսություն են, հետաքրքրվելով տիկին Ուզունյանի ստեղծագործական «անհարթություններով», որոնց առիթը կարող էր լինել նաեւ նրա չափազանց բեմական գրավիչ տեսքը: Պատասխանը հակիրճ էր. «Բանավեճերն արվեստում անխուսափելի են, իսկ կռիվներ երբեք չեն եղել: Ինչ վերաբերում է հմայքին, ես դրանից ավելի շատ տուժել եմ, քան շահել…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930