Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ գործն այստեղ է՝ հայ զինվորի կողքին»

Սեպտեմբեր 20,2014 13:30

Դառնալ հոգեւորական եւ ծառայել հայոց բանակում. սա է Հայկ սարկավագ Տիգրանյանի երազանքը, որը Միացյալ Նահանգներից հայրենիք վերադարձրեց նրան:

Հայկ սարկավագ Տիգրանյանի սրտում հայրենի բանակն ու եկեղեցին դեռ մանկուց առանձնահատուկ տեղ են ունեցել: 11 տարեկանից ծառայել է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Դպրոցական տարիներից է երազում քահանա դառնալ: Այժմ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի քահանայից լսարանի ուսանողն առաջին մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Կալիֆոռնիայի Նորթրիջ համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, աշխատել նախկին բանտարկյալների եւ աուտիզմով հիվանդ մարդկանց հետ: Սակայն քահանայանալու մեծ փափագն ի վերջո նրան Սուրբ Էջմիածին հասցրեց:

Հայկի ծնողներն ու քույրն ապրում են Միացյալ Նահանգներում: Վերջնականապես Հայաստանում հաստատվելու եւ այստեղ ծառայության անցնելու որոշումը չի զարմացրել ծնողներին. «Նրանք ուրախ են, որ ես հետեւում եմ երազանքներիս: Ընդհանրապես, իմ ճանապարհի ընտրության գործում ընտանիքս մեծ դեր է ունեցել. ծնողներս հայրենասիրական ոգով են ինձ դաստիարակել եւ ցույց տվել եկեղեցու ճանապարհը»:
Ամերիկյան միջավայրում մեծացած Հայկ սարկավագը հեշտությամբ է հարմարվել հայաստանյան իրականությանը: Հոգեբանն արդեն հասցրել է նկատել մեր հասարակությունում առկա էական խնդիրները. սոցիալական ծանր վիճակը, առօրյա հոգսերը շատերին հեռացնում են եկեղեցուց, ժամանակ չեն տալիս Աստծո եւ հոգեւորի մասին մտածելու: «Հայաստանում մարդիկ բողոքում են սոցիալական անհավասարությունից եւ այդ պատճառով` հեռանում Աստծուց: Մեր գործն է` ցույց տալ մարդկանց, որ կյանքում նյութականից զատ պետք է հետեւել նաեւ հոգեւոր արժեքներին. աշխարհիկ հոգսերը չպետք է մարդ-Աստված հարաբերությունների խզման պատճառ դառնան: Մինչդեռ այլ է խնդիրն Ամերիկայում` մարդիկ նյութապես ապահովված են, սակայն բարոյապես՝ տկար», – նկատում է Հայկ սարկավագը եւ ավելացնում, որ այս վիճակից դուրս գալ մարդկանց կարող է օգնել միայն հոգեւորականը` մարդ, ով ասես Աստծո դեսպանը լինի երկրի վրա, ով պետք է օրինակ լինի մյուսների համար` Աստծո պատվիրաններով ապրելու: Լինել մեկը, որը կարող է Աստծո խոսքը քարոզելով մխիթարել մարդկանց, ցույց տալ Աստծո ճանապարհը, հագեցնել ծարաված հոգիներն Աստծո սիրով՝ այսպիսին է քահանայի կերպարը Հայկի համար:

Քահանայից լսարանն արդարացրել է նրա սպասումները. «Լսարանակից ընկերներս հասուն մարդիկ են, որոնք գիտակցում են, թե ինչ ճանապարհ են ընտրել եւ հստակ որոշում են կայացրել»: Ամերիկյան կրթություն ունեցող սարկավագի համար դժվարը միայն լեզվի խնդիրն էր, որն աստիճանաբար հաղթահարում է: Ոգեշնչողը վերջնական նպատակն է: «Թեեւ Ամերիկայում եմ մեծացել եւ այնտեղի քաղաքացի եմ, սակայն երբեք ինձ ամերիկացի համարել չկարողացա: Իմ գործը տեսնում եմ հայոց բանակում, հայ զինվորի կողքին` իմ գիտելիքներն ու հնարավորություններս ներդնելու ի սպաս հայրենիքիս զորացմանը»,- ասում է սարկավագը:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանում այսօր ապագա քահանաներ կրթող 2 լսարան կա, որտեղ սովորում է շուրջ 11 ուսանող: Քահանայից լսարան կարող են ընդունվել եկեղեցում սպասավորել ցանկացող բարձրագույն կրթությամբ անձինք: Եռամյա անվճար կրթությունից հետո, հանձնելով համապատասխան քննությունները, սաները ձեռնադրվում են եւ անցնում հոգեւոր ծառայության:

Հաշվի առնելով դիմորդների մեծ քանակը` տեսչությունը նպատակ ունի մոտ ապագայում եւս մեկ լսարան ձեւավորելու:

ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930