Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի վարկանիշի համար ՀՀԿ-ն 1 միլիոն 500 հազար դրամ է վճարել

Սեպտեմբեր 20,2014 13:00

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին
չեն զարմացնում Ավետիք Բուդաղյանի եղբոր խոսքերը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն (լուսանկարում) օրերս ներկայացրել էր Սյունիքում իր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները, որով սոցիոլոգը փորձել է պարզել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարկանիշը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցման արդյունքների՝ պարզվել է, որ Սյունիքի բնակչության 60 տոկոսը դրական կարծիք ունի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին: «Առավոտն» Ահարոն Ադիբեկյանից պարզեց, որ սոցհարցումը վերջինին պատվիրել է ՀՀԿ-ն, ինչի դիմաց էլ նրան վճարել է 1 միլիոն 500 հազար դրամ:

Սուրիկ Խաչատրյանի դրական վարկանիշը պատկերած սոցհարցումը զայրույթի ալիք է բարձրացրել անցյալ տարվա հունիսին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր` Արա Բուդաղյանի ու նրա հարազատների մոտ, ինչի հետ կապված՝ Արա Բուդաղյանը բաց նամակ է գրել սոցիոլոգին, նրան անվանելով ստորաքարշ եւ վաճառված, գրել, որ նրան «դատական ատյաններ քարշ տալու մտադրություն չունենք, քանի որ մեր շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը զբաղված է ավելի կարեւոր եւ նպատակային գործով, սակայն մի վերջին անգամ զգուշացնում ենք, որ անբարոյականների ցուցակում «համալրվելու» եւ Սյունիքի ժողովրդի անունից հանդես եկող ցանկացած մեկը վտանգի տակ է դնում եւ բարոյազրկում նաեւ իր ընտանիքին»:
Արա Բուդաղյանն Ահարոն Ադիբեկյանին համարելով ծախված, պահանջում է նրանից՝ ցույց տալ թեկուզ 60 սյունեցիների, որոնք կիսում են սոցիոլոգի կարծիքը:

«Առավոտի» հետ զրույցում Ահարոն Ադիբեկյանը նշեց. «Ես կարող եմ այդ անունները ցույց տալ, պարզապես պետք է արխիվը բացել, տեսնել՝ անկետաները պահպանվել են, թե ոչ, որովհետեւ այն ժամանակ առ ժամանակ որպես մակուլատուրա ենք հանձնում, բայց ինքն ուզում է կարճ ու հեշտ ճանապարհով գնալ: Եթե ուզում է՝ թող 1 միլիոն 500 հազար դրամ ճարի, հարցում պատվիրի մի անկախ սոցիոլոգիական կենտրոնի ու գա իմ մոտ: Հիմա ես չգիտեմ՝ այս անկետաները պահպանվել են, թե ոչ, բայց դժվար չէ, մենք կարող ենք մեր հաշվին, իր ներկայացուցիչների հետ համատեղ հարցում անել, ցույց տալ նրան արդյունքները, որ նա համոզվի: Իսկ ինչ մնում է հասցե կամ անուն տալուն, ապա ասեմ, դա մեր գիտական էթիկայից դուրս է, որովհետեւ անկետայի սկզբից գրվում է, որ հարցումն անանուն է, եւ ես իրավունք չունեմ այդ տվյալները հրապարակել»:

Դիտարկմանը՝ Արա Բուդաղյանը ձեզ համարում է վաճառված մարդ, Ադիբեկյանը պատասխանեց. «Ինքն առաջինը չի: Դա որակավորում է ոչ թե ինձ, այլ իրեն, իր գեղական մակարդակը, տգիտությունը, իրենք տնավարի հարց են ուզում լուծել Սուրիկ Խաչատրյանի հետ, հետո գնում են դատարանում իրավունքներ պաշտպանելու: Դե միանգամից գնայիր դատարան, եթե տենց բարեկիրթ ես: Էդ կռված տղերքի հոգեբանությունն ուրիշ է, քան իմն ու քոնը, նրանց համար կյանքի գինը, կրակելը, բանը այլ բնույթ է կրում, քան իմ եւ քո մոտ: Կրկնում են, եթե իրենց դուր չեն եկել այդ հարցման արդյունքները, թող ուրիշի մոտ պատվիրեն»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը, ավելացնելով, որ ՀՀԿ-ն պատվիրել է այդ հարցումը, պարզելու, թե մարզպետի երկու թեկնածուներից, որոնք երկուսն էլ նույն կուսակցությունից են, ո՞վ ավելի բարձր վարկանիշ ունի:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կա՞ որևէ մեկը,որ այս «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանին լուրջ է ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930