«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն ասում է՝ իրենց կայքում տեղի ունեցածի մասին պատմող հոդվածը ոստիկանությունը պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին:
Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, դահլիճին կից ճեմասրահում տհաճ միջադեպ է արձանագրվել: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, այնուհետև իրեն ուղեկցողներին հրահանգել՝ ջնջել լրագրողի հեռախոսում եղած տեսանկարահանած կադրերը:
Երբ քիչ ավելի ուշ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը փորձել է պարզել միջադեպի դրդապատճառը, համաժողովի մասնակիցներից արտգործնախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը կասկածի տակ է դրել ձայնագրությունը ջնջելու փաստը, իսկ Գևորգյանին հորդորել է կոռեկտ լինել։
«Չգիտեմ՝ եղել է ձայնագրություն, չի եղել, ջնջվել է, չի ջնջվել»,- ասել է Արմեն Ղևոնդյանը։
Կարդացեք նաև
Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Զոհրաբյանը ներկաներին հորդորել է չուռճացնել տեղի ունեցածը։ Ասաց, որ իրենք նույնպես վրդովված են, բայց այս պահին ոչինչ չեն կարող ասել Արտյուշա Կարապետյանին՝ բարեկամական զրույցից բացի։ Վերջինս, ըստ Զոհրաբյանի, լքել է միջոցառման տարածքը։
«Բոլորը զայրացել, հուզվել, զարմացել էին, ըստ երևույթին, ինքն էլ է նեղսրտել, որովհետև դրանից հետո նա այլևս չի մնացել այստեղ»,- փոխանցել է Զոհրաբյանը։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ազատությունից» տեղեկանալով միջադեպի մասին և սահմանափակվել է միայն տեղի ունեցածը բանավոր դատապարտելով:
«Ես կարծում եմ ինքը լրագրողական աշխարհի հետ աշխատել չգիտի, նա մեր օրենքները չգիտի, շատ վատ է վարվել, ես դատապարտում եմ նրա քայլերը, ինքը դրա իրավունքը չունի։ Դուք ազատ եք ցանկացած մեկից վերցնելու հարցազրույցներ, կարծիքներ, տեսակետներ, համադրել, ճշտել»,- ասաց Հակոբյանը։
Լուսանկարը` Թագուհի Հովհաննիսյանի Ֆեյսբուքի էջից
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում