ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ հարց ուղղեց Քառյակի ուժերին՝ ձեր նպատակը ո՞րն է, 2018-ի ընտրություննե՞րը, թե՞ այլ բան կա»:
Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ Դուք կասկածնե՞ր ունեք Քառյակի նպատակների հետ կապված, Ձեզ համար մո՞ւթ է, թե մյուս ուժերն ինչ են ուզում, իրենց առջեւ ինչ նպատակ են դրել: Նա պատասխանեց. «Ես կասկածների մասին չեմ բարձրաձայնում: Կասկածը լավ վահան է, բայց վատ սուր է: Կասկածներն ինձ ստիպում են, որպեսզի ես մի քիչ զգույշ լինեմ, բայց երբեք կասկածները չեմ բարձրաձայնում, որովհետեւ մի դատվիր, որ չդատվես»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ իրենց հանրահավաքներից արդեն սկսելու է ձնագնդի նման մեծացող գործընթաց, որի դեմն առնել մանր խաղերով իշխանությունները չեն կարող:
Արմեն Ռուստամյանն արձագանքվեց. «Թող մեծանան ձնագնդի նման, ես ի՞նչ անեմ: Մեր նպատակը իշխանափոխությունն է, բայց ամբողջական իշխանափոխությունը, որը նաեւ որոշակի փոփոխություն է ենթադրում: Իսկ եթե պիտի մարդկանց փոխենք, անենք մարդափոխություն, ես ասում եմ՝ ունենալու ենք նույն վիճակը: Ինչպես բողոքում ենք 3 նախագահներից, հիմա 4-ից ենք բողոքելու: Հայ ժողովուրդն ունեցե՞լ է մի նախագահ, որից գոհ է եղել: Չի եղել, չէ՞ այդպիսի վիճակ, դրա համար ասում ենք՝ եկեք ազատվեք այդ նախագահի աթոռից, մեր ասածն ի՞նչ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ