Լրահոս
Օրվա լրահոսը

Ելույթների և հրավերների առումով խտրական վերաբերմու՞նք՝ «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին

Սեպտեմբեր 19,2014 21:06

«Մի տեղ բացթողում էր եղել, քանի որ հրավերները բաժանվել էին հետևյալ սկզբունքով՝ կուսակցություններ, ՀԲԸՄ, եկեղեցական կազմակերպություններ: Բայց Պոլսո մեր գաղութը, որը ամենահին համայնքներից է, բաց էր թողնվել, միջնորդություն ներկայացրինք, այն բավարարվեց և Ստամբուլի «Նոր զարթոնք» միությունը մասնակցում է համաժողովին»,-Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին հայտնեց ՍԴՀԿ Լիբանանի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քուշկեղյանը:

gorcarar

 

Նա նշեց նաև, որ ելույթների բաշխվածության առումով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել. «Ելույթները լավ չեն բաշխված, քանի որ կան կազմակերպություններ, որոնք ավելի շատ ելույթների իրավունք են ստացել: Պատճառը դեռ չգիտեմ, ուստի չեմ ուզում անպատասխանատու հայտարարություններ անել»: Պարոն Քուշկեղյանը անդրադարձավ նաև Լիբանանի հայ համայնքի խնդիրներին. «Մեզ մոտ ձուլման գործընթացը արագ տեմպերով չի ընթանում, ինչպես Եվրոպայում, քանի որ Հայաստանի հետ կապերը սերտ են: Բայց մեզ մոտ ազդեցություն է գործում Սիրիայում տեղի ունեցող ռազմական իրավիճակը»:
ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Սիրիայում իրավիճակը լավ չէ ու մանրամասնեց. «Այնտեղից մեր բնակչությունը օրեցօր փախչում է: Մանավանդ իրավիճակը հուսադրող չէ այն առումով, որ ահաբեկիչները Հալեպի չորս կողմից մոտենում են Հալեպին, ինչը լավ նշան չէ»:

Պարոն Մեսրոպյանը նշեց, թե Սիրիայից ՀՀ արտագաղթածների համար հաստատվելը բարդ է ու պատճառաբանեց. «Դժվարություններ կան հատկապես այն առումով, որ ՀՀ-ի ժողովուրդն արդեն լավ վիճակում չէ: Սփյուռքից եկած հայերին էլ է դժվար: Օլիգարխիան պիտի վերանա, այստեղի հայերն էլ պիտի լավ ապրեն, որ Սփյուռքի հայերը չվախենան այստեղ ներդրումներ անել»:

Փայտամշակման ոլորտի սիրիահայ գործարար Հրայր Ագիլյանը հաստատվել է Հայաստանում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այստեղի և սփյուռքի գործարարների մտածելակերպը տարբեր են հատկապես այն առումով, որ իրենք կարևորում են արտադրության քանակները, այստեղ՝ ոչ: Հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում բիզնես զարգացնելու հարցում խոչընդոտներ կա՞ն: Պարոն Ագիլյանը պատասխանեց. «Մանր-մունր պատահարներ եղել են, բայց ընդհանուր առմամբ հեշտությամբ կարող ենք Հայաստանում գործ հիմնել: Ես շուտով կընդլայնեմ նաև իմ խանութների ցանցը»:

kayqi-xmbagir

 

«AzadHye» կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանի հետ զրուցեցինք մամուլի ազատության և քաղաքականության թեմաներով: Կայքը գործում է Դուբայում, անգլալեզու է, ունի ամսական 100.000 այցելու: Ինչպես նշեց խմբագիրը, ենթարկվում են տեղի պահպանողական օրենքներին ու մանրամասնեց, «Մեր կայքը ազատ մամուլի ներկայացուցիչ է: Մենք չենք խառնվում երկրի քաղաքական հարցերին, թույլատրված չէ, բարձրացնում ենք հայապահպանության հարցեր, ջանում ենք, որպեսզի այնտեղի շաբաթական դպրոցը դարձնենք ամենօրյա»: ՀՀ քաղաքական կյանքին մակերեսորեն են անդրադառնում, իսկ ՀՀ-ի արտաքին քաղաքական կողմնորոշման՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով սփյուռքահայ խմբագիրն ասաց. «Մենք ուզում ենք, որ Եվրոպայի հետ հարաբերությունները չխաթարվեն, բայց արդյո՞ք ՀՀ-ն կկարողանա հավասարություն պահել՝ չգիտենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930