«Օ ՜, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»,- Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ընթացքում իր ելույթը Եղիշե Չարենցի այս տողերով սկսեց «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա առաջարկում է ստեղծել ժողովրդավարորեն ընտրված մի կառույց, որը կկարողանա ներկայացնել ամբողջ սփյուռքը. «Այս առաջարկի շրջանակներում ողջ սփյուռքի հայերը հնարավորություն կունենան ընտրելու սփյուռքի իրենց ներկայացուցիչներին եւ առաջնորդներին՝ մեկ մարդ, մեկ ձայն սկզբունքով»:
Այդ կառույցը ստեղծելու համար հարկավոր է անցկացնել ընտրություններ էլեկտրոնային նամակների կամ քվեարկության այլ եղանակով: Նախապես գրանցված ընտրողները պետք է լինեն առնվազն 18 տարեկան եւ ունենան էլեկտրոնային հասցե.
«Ընտրողները կմասնակցեն ընտրություններին՝ անկախ քաղաքացիությունից, ծննդավայրից, կրոնական եւ քաղաքական պատկանելիությունից: Այն երկրներում, որտեղ հայկական համայնքները մեծ են կընտրվեն մեկից ավելի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի 20 հազար հայի: Աշխարհի այն հատվածներում, որտեղ հայկական համայնքները փոքրաքանակ են, կընտրվի միայն մեկ անձ, որը կներկայացնի միանգամից մի քանի երկրներում ապրող հայերի»:
Կարդացեք նաև
350 հոգուց բաղկացած կառույցը կզբաղվի հայերի կյանքին առնչվող բոլոր խնդիրներով՝ ընտրելով նախագահ կամ խոսնակ եւ ունենալով հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն մշակութային, կրոնային, լեզվական, ֆինանսական եւ այլ խնդիրներով: Այն կարող է ժողով գումարել տարին մեկ անգամ եւ մեծամասնական ընտրակարգով որոշումներ ընդունել:
Հարութ Սասունյանը հավելեց, որ միայն ժողովրդի մեծամասնության կողմից ընտրվածներն իրավունք կունենան ներկայացնել տարածաշրջանում բնակվող հայերին: Նա նշեց, որ ի տարբերություն այլեւայլ կազմակերպությունների՝ այս կազմակերպությունը իրավունք կունենա հայտարարել, որ խոսում է Հայաստանից եւ Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերի անունից.
«Համաժողովրդական ընտրությունները ոչ միայն ընտրվածներին կշնորհեն օրինականություն, այլեւ կստիպեն պասիվ մեծամասնությանն ավելի շատ մասնակցություն ունենալ հանրային գործերին: Նրանք ավելի ներգրավված եւ խանդավառված կզգան իրենց առաջնորդների ընտրության գործողությանը մասնակից լինելով: Սա շրջադարձային փոփոխություն կլինի՝ ներկա վիճակի համեմատ, երբ անհատների մի փոքր խումբ օրնիբուն աշխատում է՝ զոհաբերելով իր կարողություններն ու ժամանակը, մինչդեռ ազգի մեծամասնությունը, որն առնչություն չունի, որդեգրել է չհետաքրքրվածի եւ չներգրավվածի կեցվածք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ