Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի Կապանի շրջանային կառույցի ղեկավարը հավաստիացնում է, որ վարչապետի հետ Սուրիկ Խաչատրյանի թեմայով չեն զրուցել

Սեպտեմբեր 19,2014 19:50

Սյունիքի մարզի քաղաքապետերից փորձեցինք պարզել, թե որքանով են հավաստի մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ բոլորովին վերջերս ՀՀԿ գրասենյակում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով մարզի ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, քաղաքապետերը հավաքվել են Երեւանում` ՀՀԿ գրասենյակում եւ վարչապետի մոտ փորձել են մեկ անգամ եւս հաստատել, որ իրենք ցանկանում են Սուրիկ Խաչատրյանին կրկին տեսնել Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը ներկաներից հարցրել է, թե կարո՞ղ են մարզում 5 հազար մարդ հավաքել ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի: Բացասական պատասխան ստանալուց հետո Հովիկ Աբրահամյանը հայհոյելով Երևան ժամանած սյունեցի քաղաքապետերին ուղարկել է տուն:
Մամուլի մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ այդ հանդիպմանը ներկա են գտնվել Ագարակի, Մեղրու եւ Քաջարանի քաղաքապետերը: Սակայն Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերը «Առավոտին» փոխանցեցին, որ իրենք այդ հանդիպմանը ներկա չեն գտնվել, ապատեղեկատվություն է:

«Դա հերյուրանք է, ես այնտեղ չեմ եղել: Տեղյակ եմ, որ տարածքային կազմակերպությունների նախագահները գնացել են ՀՀԿ-ի գրասենյակ, իսկ ես կուսակցության տարածքային կառույցի նախագահ չեմ, խորհրդի անդամ եմ, ինչպես եւ Մեղրու քաղաքապետը: Այդպիսի բան չի եղել, ամոթ չի՞, որ նման բան են գրել, հայհոյանք, չգիտեմ ինչ, մեր պետությունն են վարկաբեկում, ո՞նց կարող է մեր երկրի վարչապետն այդպիսի արտահայտություն անի», -ասաց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը եւս հավաստիացրեց, որ ինքն այդ օրը Երեւանում չի եղել, այլ` Մեղրիում եւ այդ հանդիպմանը ներկա չէր:

«Ես նման հանդիպման ներկա չեմ եղել, մի երկու օր է եկել եմ, արձակուրդում եմ դեռ», -ասաց Մեղրու քաղաքապետը եւ անդրադառնալով Սյունիքում իրականացվող ստորագրահավաքին` փոխանցեց, որ միայն լսել է, դրա մասին եւ մանրամասներից տեղյակ չէ: «Լսել եմ ինչ-որ նախաձեռնություն եղել է ինքնաբուխ, որոշակի ստորագրահավաք արվել է, թե քանի՞ մարդ է ստորագրել, ինչպե՞ս, տեղյակ չեմ, ես դեռ արձակուրդում եմ, գործի չեմ գնում, տեղյակ չեմ ինչ է կատարվել: Առհասարակ, եթե մի բան ինքնաբուխ է արվում, ժողովրդական քայլ է լինում, ես դրան երբեք դեմ չեմ լինի, բայց ինչ վերաբերում է ես ինքս անեմ, ինքս նախաձեռնեմ` նման բան չեմ էլ անի երբեք: Ես դեմ չեմ, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվի: Դա իր անձով չի պայմանավորված, պարզապես որոշ չափորոշիչներ կան, որ ես կցանկանայի էդ չափորոշիչներով մարդ լինի եւ նրա մեջ դրանք առկա են: Համենայնդեպս դա իմ կողմ կամ դեմ լինելով չի, կառավարության որոշումն է», – ասաց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:

Իսկ Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ-ի Քաջարանի տարածքային կառույցի ղեկավար Վարդան Գեւորգյանի հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց:

ՀՀԿ-ի Կապանի շրջանային կառույցի ղեկավար Ռոմա Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում հերքեց մամուլում տեղ գտած տեղեկությունը եւ նշեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում ունեցել են միայն ՀՀԿ-ի Սյունիքի մարզի 6 շրջանային կազմակերպության ղեկավարները, այդ թվում նաեւ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, քանի որ նա հանդիսանում է ՀՀԿ-ի Քաջարանի շրջանային կազմակերպության ղեկավարը, եւ քննարկել են ներկուսակցական խնդիրներ: Նրա հավաստմամբ` վարչապետի հետ Սուրիկ Խաչատրյանի թեմայով չեն զրուցել եւ վարչապետն էլ չի հայհոյել:

«Ներկուսակցական մի շարք հարցերի մասով էր քննարկում, կադրային քաղաքականության մասին, Սուրիկ Խաչատրյանի մասին թեմա չի շրջանառվել այդ հանդիպման ժամանակ: Իսկ Սուրիկ Խաչատրյանի մասով մենք էսօր գնանք Հովիկ Աբրահամյանին կամ հանրապետության նախագահին մեր կարծիքն ասե՞նք, դուք չե՞ք կարծում, որ նրանք Սուրիկ Խաչատրյանին շատ լավ ճանաչում են, մեզանից լավ են ճանաչում` տարիների փորձով: Հովիկ Աբրահամյանին 20 տարուց ավելի է ճանաչում եմ, որեւէ անգամ` նույնիսկ ամենանեղ շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ, հնարավոր չէ, որ լսած լինեք, որ նա հայհոյել է: Չի եղել նման բան եւ չի էլ կարող լինել: Ի՞նչ եք կարծում ՀՀ վարչապետը կուսակցության Սյունիքի կազմակերպության նախագահների հետ պետք է նստի եւ հայհոյանքներո՞վ խոսի, սա պարզապես աբսուրդ է: Մենք ունեցել ենք շատ գեղեցիկ, շատ ջերմ հանդիպում եւ շատ գոհ ենք: Ի վերջո, աբսուրդ է, որ վարչապետը պետք է մեզ հետ նստի ու մարզպետի թեկնածության հարց քննարկի, մարզպետի նշանակման ֆունկցիան վարչապետի ֆունկցիան է` նախագահի հետ խորհրդակցելով իրականացնում է», -ասաց Ռոմա Սարգսյանը: Վերջինս նաեւ հերքեց ստորագրահավաք անցկացնելու վերաբերյալ վերջերս շրջանառվող լուրերը, որոնք կապում են կուսակցության հետ` նշելով, որ կուսակցության առջեւ նման խնդիր չկա դրված:

«Եթե մեր կարծիքը պետք լինի ասել, մենք ունենք մեր ասելու ճանապարհը, դա ստորագրահավաքը չէ, մենք մեր դիմելու տեղերը թողնենք գնանք ստորագրությո՞ւն հավաքենք: Մենք` կուսակցության շրջանային կազմակերպությունների ղեկավարներս, ստեղծված իրավիճակից ելնելով` ցանկացել ենք հանդիպում ունենալ ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի հետ եւ մեր կարծիքն ասել: Սեպտեմբերի 17-ին հանդիպել ենք ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի հետ, իսկ կազմակերպչական հանձնաժողովն էլ վարչապետի հետ», -ավելացրեց ՀՀԿ-ի Կապանի շրջանային կազմակերպության ղեկավար Ռոմա Սարգսյանը:

Զրույցի մյուս մանրամասները` առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930