Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեին, որի արդյունքում շոտլանդացիներն այդպես էլ չսատարեցին անկախության գաղափարին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը, մասնավորաբար, ասաց. «Շոտլադիայում անցկացված անկախության հանրաքվեն ունի մեկ կարևոր նշանակություն, որն անհերքելի է պետությունների ձևավորման ու կայացման տեսանկյունից: Դա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն է, որի բնական իրավունքն ունի ցանկացած սուբյեկտ: Միջազգային իրավունքի տեսակետից այն անվիճելի և գերակա իրավունք է, և երբեք չի կարող ստորադասվել այլ իրավա-քաղաքական նորմերի ու սկզբունքներին: Թեկուզև շոտլանդացիները իրենց իրավունքի իրացման արդյունքում չեն սատարել անկախության գաղափարին, փաստը մնում է փաստ, որ լիարժեք լեգիտիմ հնարավորություն են ունեցել կիրառել իրենց ինքնորոշման իրավունքը, որը որևէ կերպ, որևէ քաղաքական ուժի կողմից հակասության մեջ չդրվեց այլ սկզբունքների ու նորմերի հետ: Հակամարտություններն ու պետությունների անկախացման էվոլյուցիան, որպես կանոն, ունեն միմյանցից տարբերվող բազմաթիվ գործոններ ու հանգամանքներ: Յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունը և դժվար է միանշանակ հավասարության նշաններ դնել: Բայց մի բան հստակ է. յուրաքանչյուր լուծում (անկախ արդյունքներից) անխուսափելիորեն նախատեսում է ինքնորոշման իրավունքի իրացման և նրա միջազգայնորեն ճանաչման գաղափարը: Շոտլանդիայի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ