Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ սև գոտիների միության (ԱԲԲԱ) միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ առանձնակի կարևորել է Հայ սև գոտիների միության (ԱԲԲԱ) հիմնադիր Կարո Քեբաբջյանի ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ նկատելով, որ նրա գլխավորությամբ միությունն իր գործունեության տարիների ընթացքում մեծապես նպաստել է սփյուռքում հայկական ոգու պահպանմանը, այդ թվում նաև անվճար պարապմունքներ անցկացնելով ու պատրաստելով մարտունակ, ֆիզիկական ու հոգևոր պատշաճ պատրաստվածությամբ սերունդ. «Առանձնակի հարգանքի են արժանի նաև Ձեր բոլոր այն նախաձեռնությունները, որ մեր երկրի անկախության ձեռքբերումից հետո կատարել եք թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։ Ու վստահաբար կարելի է ասել, որ Դուք Ձեր օրինակով լավագույնս ապացուցել եք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորությունը, որն իրոք այլընտրանք չունի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝Հայ սև գոտիների միության հիմնադիր Կարո Քեբաբջյանն իր հերթին նշել է, որ «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի» նշանաբանով առաջնորդվող իրենց միությունն այսուհետ էլ պատրաստակամ է շարունակելու հայանպաստ ծրագրերի իրականացումը: Բացի այդ, Կարո Քեբաբջյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետի ջերմ վերաբերմունքը սփյուռքահայերի ու սփյուռքում գործող հայկական համայնքների նկատմամբ, ինչի մասին շատ հաճախ անձամբ է տեղեկանում թե՛ Երևանում բնակություն հաստատած սփյուռքահայերից և թե՛ Սփյուռքի տարբեր գաղթօջախների ներկայացուցիչներից: Օգտվելով առիթից՝ Կարո Քեբաբջյանը քաղաքապետին հայտնել է, որ առաջիկայում նպատակ ունի Հայ սև գոտիների միության կենտրոնական գրասենյակը տեղափոխել Երևան:
Ողջունելով վերոնշյալ նախաձեռնությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու միությանը։ Այնուհետ հյուրերին ներկայացնելով նաև մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացնում բնակչության շրջանում ֆիզիկական դաստիարակության ամրապնդման, զանգվածային սպորտի զարգացման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպի խթանմանը: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը մարզական տարբեր կառույցների հետ:
Կարդացեք նաև
Հանդիպման վերջում Հայ սև գոտիների միության հիմնադիր Կարո Քեբաբջյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է Միության 40-ամյակի ոսկե հուշամեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն