Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող գրել բաժանվող սիրահար զույգերի մասին, որովհետև ես երջանիկ եմ». Մեգ Ռոսոֆ

Սեպտեմբեր 19,2014 17:50

Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը գրականության յուրօրինակ հարթակ կլինի հայ և օտարազգի շատ գրողների համար:

«Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհի մոտ տասնմեկ երկրներից Հայաստան այցելած գրողներն արդեն մասնագիտական քննարկումներ են անցկացնում, իրենց փորձով ու պատկերացումներով կիսվում ժամանակակից հայ գրողների հետ, հանդիպումներ են ունենում հայաստանյան բուհերի ուսանողների հետ:
Այս օրերին Հայաստանում է գտնվում նաև «Ինչպես եմ հիմա ապրում» հայտնի վեպի հեղինակ Մեգ Ռոսոֆը:

Մանկագրության և վիպագրության բնագավառում բազմաթիվ մրցանակների արժանացած և տասը գրքի հեղինակ Մեգ Ռոսոֆն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպեց ուսանողների հետ: Նրանց հետ խոսեց իր գրական ուղու, թեմաների ընտրության և դրանց՝ իրականության հետ առնչությունների մասին. «Ես քիչ եմ գրում: Գրելու համար պիտի հասցնես ապրել այն, ինչի մասին ուզում ես գրել, պիտի կարողանաս այդ ամենը նախ միջովդ անցկացնել, հետո նոր գրել: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու չեմ գրում բաժանվող սիրահար զույգերի մասին: Ես գիտեմ, որ այդ դեպքում ընթերցողների պակաս ընդհանրապես չեմ ունենա, բայց ես չեմ կարող գրել այդ թեմայով, որովհետև երջանիկ եմ, ունեմ ամուսին, և մենք սիրում ենք իրար»,- անկեղծանում է գրողը:
Մեգ Ռոսոֆը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 23-ը և կմասնակցի փառատոնի ծրագրերին, ՀՀ անկախության առթիվ կազմակերպվող տոնակատարություններին, կանցկացնի վարպետության դասեր ու կհանդիպի հայ գրողների և ընթերցողների հետ:
Սեպտեմբերի 20-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նա ներկա կլինի իր «Ինչպես եմ հիմա ապրում» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի ցուցադրությանը և կներակայացնի ֆիլմը:

Սա գրողի առաջին վեպն է և բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում` Guardian Children’s Fiction մրցանակի: Այն անգլիական մի գյուղում իր արձակուրդն անցկացնող աղջկա մասին է, որն ստիպված է պայքարել իր գոյատևման համար, երբ սկսվում է պատերազմը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930