Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի հարազատները կբողոքարկեն իրենց որդուն սպանողի ազատազրկման վճիռը

Սեպտեմբեր 19,2014 17:26

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստն  այսօր հետաձգվեց մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբանի վատառողջ լինելու պատճառով:

Մինչ այդ փաստաբանը հասցրեց ներկայացնել ականատես վկաների մի շարք ցուցմունքներ եւ պնդել, որ Դավիթը Լյուքսին սպանելու դիտավորություն չի ունեցել, նրանք ընկերներ էին, եւ կրակոցը արձակվել է պատահաբար:

Դատական նիստից հետո Aravot.am-ը Լյուքս Ստեփանյանի հորեղբորից` Մուրադ Մուրադյանից հետաքրքրվեց Լյուքսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդի պատժաչափն իրենց գոհացնո՞ւմ է, հնարավո՞ր է միջամտեն, որ մեղմացվի. «Նախ 17 տարին շատ քիչ է: Այն դեպքում, երբ դեպքը տեղի է ունեցել հայոց հողում՝ հայ զինվորի դավադիր գնդակից»:

Մեր հարցին, թե չե՞ք հավատում, որ Լյուքսին անզգուշության արդյունքում է կրակոցը կպել, ինչպես պնդում է մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանը, մեր զրուցակիցն ասաց. «27 մետր հեռավորություն է եղել ժամապահի եւ զինվորների միջեւ: Իսկ 27 մետրից երբեք հենց այնպես կրակոց չի լինի»:

Մեր հարցին, թե դեպքին ականատես զինվորներին էլ չե՞ք հավատում, որ պատմել են, թե Լյուքսն ու Դավիթը կատակում էին ու Դավիթը չէր պատրաստվում կրակել, ասաց. «Սկզբնական շրջանում եղել է կատակ, բայց զինակից ընկեր Միշա Ջանազյանը, որը եղել է թիվ մեկ ականատեսը, նախաքննական եւ դատաքննական ցուցմունքում պնդել է, որ Դավիթը բռնեց նշան եւ անմիջապես կրակոց արձակվեց: Հնարավոր չէ պատկերացնել, որ դա հենց այնպես է եղել»:

Մահացած զինվորի հորեղբորից նաեւ հարցրինք, հնարավո՞ր է իրենք էլ բողոքարկեն Դավիթ Խաչատրյանի 17 տարվա ազատազրկման վճիռը` պահանջելով ավելի բարձր պատժաչափ, ասաց. «Տեսնենք, Վճռաբեկն ինչպիսի որոշում կկայացնի, հետո կփորձենք մեր հարցերը լուծել»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրել է դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը զենքը իջեցրել է ու կրակել: Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչ Սարգսյանը ստացել մարմնական ծանր վնասվածքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930