Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին մասնակցում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Aravot.am-ի և Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` արդյոք մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ին եռյակի հրավիրած հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագրում այդ հարցը չենք քննարկել»:
Հետաքրքրվեցինք` կարծիքներ կան, թե ՀԱԿ-ի «փաշինյանական» թևը չի մասնակցելու հանրահավաքին, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը և արդյոք հարցն էական չէ՝ դրա՞ համար չեն քննարկել, պարոն Փաշինյանն արձագանքեց. «Այսօր ամսի քանի՞սն է… կարող է պարզվի, որ նույնիսկ քննարկելու անհրաժեշտություն չկա»: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կմեկնաբանի դաշնակցականների քայլը`չմասնակցելու հանրահավաքին, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Մերձքառյակային հարաբերությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում ու ցանկություն էլ չունեմ»:
Հարցին` հավանական համարո՞ւմ է, որ 2018-ի նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, պարոն Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանից. «Ես ասացի, որ այդ հարցերի մասին խոսել եմ հրապարակային և ավելացնելու բան չունեմ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթ կստորագրի՞, թե՞ գործընթացը կրկին կհետաձգվի, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագիր միավորումն ունի շատ հստակ դիրքորոշում և մնում ենք այդ դիրքորոշման շրջանակներում: Իսկ թե ինչ է սպասվում հոկտեմբերի 10-ին, այդ հարցով ճիշտ կլինի դիմել ԱԳՆ, նրանք են կանխատեսումներով զբաղվում, իսկ հետո բացատրում, թե ինչու չիրականացան իրենց կանխատեսումները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ