Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելու նպատակով Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի տարածքում գտնվող մեր թղթակցի հետ այսօր միջադեպ է տեղի ունեցել. Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը մեր թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետեւից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»: Երբ Թագուհին փորձել է հեռախոսով նկարել հայ համայնքի ղեկավարի պահվածքը՝ նշված մարդիկ լրագրողից խլել են հեռախոսը՝ սպառնալով այն նետել ջուրը (լրագրողն ու համայնքի ղեկավարը Օպերայի շենքի մոտից քայլելով հասած են եղել Կարապի լճի տարածք): Հեռախոսը խլելով Թագուհու ձեռքից՝ Կարապետյանի «թիկնապահներից» մեկը, որի «բեյջի» վրա գրված է եղել Աբրահամյան Ա., ջնջել է նկարահանածը, ապա հեռախոսը վերադարձրել: Մեզ հետ հեռախոսազրույցում պատմելով տեղի ունեցածի մասին՝ Թագուհին ասաց. «Ես մոտեցա Արտյուշա Կարապետյանին ու խնդրեցի պատասխանել իմ հարցերին: Առաջին հարցս վերաբերում էր համաժողովին, նա նորմալ պատասխանեց: Հետո ասացի, որ եւս մի քանի հարց ունեմ, որոնք համաժողովին չեն վերաբերում: Նա լուռ լսում էր. հարցրի՝ ձեր անվան շուրջ բազմաթիվ մամուլի հրապարակումներ են եղել, որոնցում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհում են ձեր գործունեությունից… Այդ մասին լսելուն պես նա լուռ երկու քայլ առաջ գնաց: Ես հետաքրքրվեցի, թե ո՞րն է խնդիրը, ինչու չի ուզում մեկնաբանել, իսկ նա շրջվեց, ձայնագրիչս խլեց ձեռքիցս ու շպրտեց»:
Մեզ հետ զրույցում Թագուհին ասաց նաեւ, որ հեռախոսը իրենից խլելու եւ այն շպրտելու տեսարանին ներկա են եղել համաժողովի մի քանի կազմակերպիչներ:
Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com -ի կայքում