Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ շատ է հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը». Զիգրիդ Գոլց

Սեպտեմբեր 19,2014 16:22

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից երեքն այսուհետև կկոչվեն գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսի, գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցի և մեծ հայագետ Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսի անունով:

«ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում երեկ մեկնարկած «Հայ-գերմանական բարեկամություն՝ ավելի քան 100 տարի» խորագրով գիտաժողովի շրջանակներում ԵՊՀ ռեկտորատը որոշեց այդ լսարաններն անվանակոչել հայ-գերմանական բարեկամության գործում մեծ ներդրում ունեցած այս նշանավոր մարդկանց անունով»,- այսօր՝ լսարանների բացման հանդիսավոր արարողության ժամանակ, ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

«Յոհաննես Լեփսիուսի կողմից հիմնադրված Հայ-գերմանական ընկերության 100-ամյակին և ԵՊՀ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հերման Գոլցի հիշատակին նվիրված այս գիտաժողովը շատերիս համար առիթ էր վերընթերցելու նրանց մասին եղած գրականությունը և հասկանալու, որ շատ դժվար է մեկ-երկու նախադասությամբ ներկայացնել այն հսկայական աշխատանքը, որ իրականացրել են շատ հայագետներ և, մասնավորապես, պրոֆեսոր Գոլցը»,- հավելեց պարոն Մարկոսյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Հ. Գոլցի ընտանիքի անդամներին, որոնք նույնպես ներկա էին միջոցառմանը:

Aravot.am-ը Հ. Գոլցի կնոջից՝ Զիգրիդ Գոլցից հետաքրքրվեց՝ արդյոք ի՞նչ է զգում, երբ մտածում է, որ օտար երկրի Մայր բուհի լսարաններից մեկն այսուհետև իր ամուսնու անվամբ է կոչվելու:

Տիկին Գոլցը, կարծես թե, մի փոքր վիրավորվեց «օտար» բառից. «Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ,- ասաց նա,- մենք այնքան շատ ենք եղել այստեղ, որ Հայաստանը հարազատ ու սրտամոտ է ինձ ու երեխաներիս համար: Մեզ շատ է հետաքրքրում Հայաստանի պատմությունը, նրա ժողովրդի ճակատագիրը: Դա, երևի, ամուսնուցս է փոխանցվել: Երբ հայտնաբերվեց երկար տարիներ Հայկական հարցով զբաղված Յ. Լեփսիուսի արխիվը, որը վկայում էր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի ժամանակ կատարված Հայոց ցեղասպանության մասին, այն պետք է ինչ-որ կերպ պահվեր, որ կառավարությունը չիմանար դրա մասին, թե չէ կվերցներ այն ամենը, ինչ մնացել էր Լեփսիուսից: Եվ իմ ամուսինն անդադար փնտրում էր այդ արխիվը, որովհետև նրա համար դա շատ կարևոր էր ու նաև կարևոր էր, որ հենց ինքը գտնի և ոչ թե կառավարությունը կամ մեկ այլ ոք: Այդ արխիվում ոչ միայն պատմական փաստաթղթեր էին, այլև Լեփսիուսը գրանցել էր բոլոր այն մարդկանց անունները, որոնք կորել էին Եղեռնի ժամանակ: Այդ ցուցակը կա, և Գոլցը երեք հատորով այն վերջում հրատարակեց: Իմ ամուսնու համար շատ կարևոր էր, որ Եղեռնը, որպես ցեղասպանություն ընդունվեր, և դրա համար նա տարբեր կուսակցությունների հետ թաքուն հանդիպումներ էր ունենում ու այդ հարցը բարձրացնում: Նա աշխարհի գրեթե բոլոր ծայրերում եղել է ու Հայկական հարցը միշտ է բարձրացրել: Դրա համար էլ այս միջոցառումը՝ նրա անվամբ լսարան կոչելն ինձ համար շատ հուզիչ մի բան է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930