Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցություն ի նպաստ քաղաքացիական հասարակության լիարժեք կայացման

Սեպտեմբեր 19,2014 16:24

«Մեդիա կենտրոն». Սեպտեմբերի 19, 2014թ.: «Բովանդակալից մասնակցությունը և պետական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը արդյունավետության գործունեության գրավականն են»: «Մեդիա կենտրոնի» սրահում անցկացված ասուլիսին ասաց «Օքսֆամ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը: 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է 3985 հասարակական կազմակերպություն: Եվ ինչպես իր խոսքում նշեց Մարգարիտա Հակոբյանը, ենթադրվում է, որ դրանք պետք է էական ազդեցություն ունենան հանրային-քաղաքական գործընթացների վրա:

«Մենք պետք է որակյալ ու բովանդակալից մասնակցություն ապահովենք հանրային պրոցեսներին: Ես կարծում եմ, որ դա է քաղաքացիական հասարակության դերը: Վերջին տարիներին կարելի է նշել, որ մենք ունենք ավելի ակտիվ, ավելի հասուն ու կայացած քաղաքացիական հասարակություն: Սակայն այդ 3000-ից միայն մի քանիսն են, որ բացի ծառայություններ մատուցելուց կարողանում են որոշակի ազդեցություն ապահովել»:

«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խմբի նախաձեռնությամբ և «Մեդիա կենտրոնի» աջակցությամբ անցկացված ասուլիսին մասնակցում էին նաև հասարակական և պետական հատվածների ներկայացուցիչներ՝ Արմեն Ղալումյանը՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (ՔԶՀՀ), Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպություն, Նորայր Բալայանը՝ ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ, Էլինար Վարդանյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արմեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար: Ասուլիսի թեման էր «Հասարակական և պետական հատվածները հանուն Հայաստանի քաղաքացիական հասարակության»:

Արդեն 6 տարի է` Հայաստանի Անկախության օրվա նախաշեմին` սեպտեմբերի 19-ին, նշվում է Քաղաքացիական հասարակության (ՔՀ) օրը: «Այս տոնի խորհուրդն է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը եւ դարձնել նրանց այդ գաղափարի մի մասնիկը»,- իր խոսքում նշեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ղեկավար Արմեն Ղալումյանը:

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը շեշտելով հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների էական դերակատարությունը հանրային կյանքում նշեց նաև` «մենք տարեցտարի տեսնում ենք հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեության աճ և արդեն ստանում ենք դրանց պտուղները»: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, որը նպաստում է օրենսդրի գործունեությանը, մասնավորապես հանձնաժողովում տարբեր օրինագծերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի խոսքով հասարակական կազմակերպությունն ընդհանրապես պետք է լինի անկախ, թափանցիկ և բաց համագործակցության համար: Անդրադառնալով հաշմանդամության խնդիրներին, նա նշեց, որ դրանց վերաբերող մի շարք օրինագծերի մշակման հարցում համագործակցությունը արդյունավետ է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև քաղաքապետարանի հետ, բայց միշտ չէ, որ համագործակցությունը արդյունավետ է լինում պետական այլ կառույցների հետ, «կան նաև ձևական բնույթ կրող համագործակցության օրինակներ: Հատկապես որոշ մարզերում»:

ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանն, անդրադառնալով հասարակական կազմակերպությունների գործունեության համար գոյություն ունեցող և մշակվող օրենսդրությանը, նշեց, որ նախարարությունը մշակել է քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգ, որն արդեն ներկայացվել է կառավարություն:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ վստահեցրեց, որ իրենց գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է հասարակական հատվածի հետ, «կառուցողական առաջարկները միանշանակ ընդունվում են և հաշվի են առնվում, ոչ միայն օրենսդրական և հայեցակարգային փաստաթղթերը, այլ նաև քաղաքականությունը մշակելիս»:

«Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930